Այսօր Ախուրյանի ոստիկանության շենքի դիմաց բացվեց խաչքար՝ ի հիշատակ պատերազմ մեկնած ու Շուշիի մշակույթի պալատում զոհված շիրակցի 13 ոստիկանների, ինչպես նաև ցայտաղբյուր՝ նվիրված Ախուրյանի բաժնի աշխատակից, ոստիկանության մայոր Համլետ Մքոյանի հիշատակին։
Խորհրդանշական է, որ գործընկերների հիշատակն հավերժացնող փոքրիկ պուրակը ոստիկանները կառուցել են իրենց ձեռքերով՝ այսպիսով իրենց հարգանքն ու նվիրումը ցուցադրելով նրանց։
Այս մասին իր ելույթում տեղեկացրեց ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Բդոյանը։
Կարդացեք նաև
«Հայ ոստիկանը, որը կոչված է պայքարելու ներքին հանցագործության դեմ, պատերազմի ժամանակ պաշտպանեց մարդկային գիտակցության ամենաբարձր արժեքը՝ հայրենիքը, Հայոց հազարամյա հայրենիքը։ Ցավոք, ոստիկանությունն էլ տվեց բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, բայց ինչպես հայոց պատմիչ Եղիշեն է ասում․ «Մահ իմացյալ անմահություն է։ Նրանք զոհվեցին, որ մենք ապրենք, ապրենք ու սիրենք մեր սուրբ հողը»,-ասաց Ախուրյանի ոստիկանապետը։
Շիրակի մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանն էլ նշեց, որ օրը հուզումնալից է․ յուրաքանչյուրն իր սրտի խորքում ունենալով տխրություն՝ միաժամանակ հպարտության զգացում են ապրում։
«Յուրաքանչյուր սպա ու հայրենասեր անձնավորություն կերազեր զոհվել հայրենիքի համար»,-ասաց ոստիկանապետը։
Նա նաև նշեց, որ պատերազմի ժամանակ բազմաթիվ ոստիկաններ վիրավորվել են, նրանք դեռ չեն ապաքինվել, չեն կարողանում ծառայության վերադառնալ, բայց յուրաքանչյուր, նույնիսկ անցնելով նման փորձության միջով, պատվի զգացումով գիտակցում է, որ հայրենիքի հանդեպ իր պարտքն է կատարել՝ որպես սպա, որպես ոստիկան։
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն էլ ասաց, որ Շիրակի մարզում կան 13 զոհված ու մեկ անհետ կորած ոստիկան։
«44-օրյա պատերազմը չխնայեց ոչ մի սոցիալական շերտի՝ ոստիկանների, բժիշկների, արվեստագետների, որովհետև բոլորը միաձայն ու աներկբա կանգնեցին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանելու։ Մենք ամեն օր ապրում ենք՝ գիտակցելով այն բարձր պատասխանատվությունը, որ նրանք մեզ ժառանգել են ապրելու իրավունք»,-ասաց մարզպետը։
Ախուրյանի փոխոստիկանապետ Արսեն Հակոբյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում, բնութագրելով ոստիկանության մայոր Համլետ Մքոյանին, ում հիշատակին կառուցվել է ցայտաղբյուրն․ «Շատ ազնիվ ու նվիրյալ ծառայող էր, բարոյական մեծ արժեքներ կրող։ Ոչ միայն հարգված էր ծառայակից ընկերների կողմից, այլ համագյուղացիների՝ Արևիկի բնակչության կողմից, երեք անչափահաս երեխաներ ունի։ Տաս տարի համատեղ աշխատել ենք, իր բարեխիղճ աշխատանքի շնորհիվ էլ դարձավ սպա, բազմաթիվ ծանր հանցագործություններ է բացահայտել՝ իր անմիջական նախաձեռնությամբ, իր կողմից ստացված տեղեկությունների հիման վրա»։
Համլետ Մքոյանի ընտանիքի անդամները ևս մասնակցում էին միջոցառմանը․ իրադարձության ամբողջ ընթացքում մայրն արտասվում էր՝ չկարողանալով գեթ մեկ բառ արտաբերել։ Հուշաքարն ու ցայտաղբյուրը բացվեցին նրա կնոջ ու որդու ձեռամբ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ