Լրահոս
Օրվա լրահոսը

Q&A կամ կարճ ձեռնարկ՝ Արցախ այցելել ցանկացողների համար. Յաշա Սողոմոնյան

Հուլիս 06,2021 21:05

«Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» նախագահ Յաշա Սողոմոնյանն իր ՖԲ էջում հրապարակել է կարճ ուղեցույց՝ Արցախ այցելելու ցանկություն ունեցողների համար:

Միանգամից պատասխանեմ ամենաակտուալ հարցին։

✔ Արցախ այցելելը, Արցախում շրջագայելն ԱՊԱՀՈՎ է։
Համենայն դեպս այս հարցով մտահոգվելիս աշխատե՛ք չմոռանալ, որ այնտեղ հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցներ են ապրում։

Իսկ հիմա ամեն ինչ հերթով։

✔ Դեպի Արցախ ճանապարհին առաջին անցակետը Տեղ գյուղում է, որտեղ մեզ դիմավորում և ստուգում են մեր ՊՆ ՌՈ աշխատակիցները։

Այնուհետև խաղաղապահների առաջին անցակետը Աղավնոյում է, որտեղ ստուգում են Ձեր անձնագիրը, երբեմն նաև մեքենայի բեռնախցիկը։ Եվ այսպես մոտ 5֊6 անցակետեր Բերձորում, Լիսագորում և Շուշիում։

✔ Ստեփանակերտ մուտք գործելիս էլ կա անցակետ, որտեղ արդեն Արցախի ոստիկանությունն է ստուգում։ Այդքանով հայտնվում ես Ստեփանակերտում։

✔ Արցախի ներսում անցակետեր չկան։ Կարող ես գնալ՝ ուր ցանկանաս։

✔ Տեղական բջջային օպերատորների համար Արցախում գործում է ռոումինգ, որի ժամանակ բոլոր զանգերն ու հաղորդագրությունները ցանցի ներսում և Ղարաբաղ Տելեկոմ ցանցում անվճար են։ Վիվասելլի բաժանորդները Ստեփանակերտում և մերձակայքում առանց ռոումինգի օգտվում են բջջային կապից և ինտերնետից ըստ իրենց սակագնային պլանի, իսկ Ստեփանակերտից դուրս գործում է ռոումինգ ըստ վերոնշյալ պայմանների։

✔ Ամարաս, Գանձասար, Հակոբավանք, Տնջրի ծառ և մյուս բնակավայրեր ու հուշարձաններ այցելելու համար որևէ թույլտվություն պետք չէ։ Ճանապարհները բաց են ու ապահով՝ երթևեկելու համար։

✔ Ստեփանակերտում կյանքը եռում է։ Քաղաքում գրեթե անհնար է տեսնել պատերազմի հասցրած վնասները։ Ամեն ինչ շատ արագ վերակառուցվել է, վերանորոգվել։
Այժմ բազմաթիվ նոր ռեստորաններ, ժամանցի վայրեր ու խանութներ են բացվել։ Շատերի վրա էլ կարելի է հանդիպել հայտարարություններ, որ աշխատակիցներ են փնտրում։ Մի խոսքով Ստեփանակերտում #ԳործԿա։

✔ Արցախ գնալիս դուք ադրբեջանցիների հնարավոր է հանդիպեք միայն Շուշիի մոտ, այն էլ հեռվից։ Ինչ խոսք, էմոցիոնալ առումով ամենածանրը հենց Շուշիի մոտով անցնելն է։

✔ Այժմ Ստեփանակերտի հյուրանոցների մեծ մասի սենյակները զբաղեցված են անտուն մնացած փախստականների կողմից։ Ծախսերը հոգում է պետությունը։ Սակայն առկա է բավարար քանակությամբ ազատ հյուրանոցային սենյակներ՝ Արցախ եկող հյուրերի համար։

✔ Օտարերկրացիների մուտքն Արցախ իրականացվում է միայն վիզայով, ու մեծ մասը հիմնականում չեն ստանում մուտքի վիզա։ Այս հարցում, ցավոք, Արցախի իշխանությունները չեն որոշում կայացնողները։

✔ ՀՀ քաղաքացիների մուտքն Արցախ ազատ է, չի պահանջվում որևէ հատուկ թույլտվություն։ ԿԱՐԵՎՈՐ Է Ձեզ մոտ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր կամ նույնականացման քարտ

✔ Ու ամենակարևորը հիշե՛ք, որ չնայած բոլոր դժվարություններին, մենք ՊԵՏՔ է հաղթահարենք էմոցիոնալ պատնեշն ու հենց վաղվանից պլանավորենք մեր այցն Արցախ։ Դա պետք է Արցախին, արցախցուն, բայց նախ և առաջ հենց մեզ է դա շատ պետք։ Հավատացե՛ք, այնտեղից վերադառնում ես լրիվ այլ մտքերով, այլ մոտիվացիայով, կյանքդ ու գործդ նորովի վերագնահատած։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031