Լրահոս
Օրվա լրահոսը

«Ականազերծումները միլիոնավոր դոլարներ են արժենալու Բաքվի համար, ուստի նրանք առաջարկում են քարտեզները փոխանակել ռազմագերիների հետ». Սիրանուշ Սահակյան

Հուլիս 06,2021 20:18

«Բաքուն դարձյալ շանտաժի լեզվով է խոսում»,- «Հոդված 3» ակումբում տեսակապի միջոցով անցկացվող «Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը գերիների իրավունքների պաշտպանության համար» թեմայով քննարկման  ընթացքում այպիսի մտահոգություն հայտնեց ՄԻԵԴ-ում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

Նրա փաստմամբ՝ քանի որ ականազերծումները միլիոնավոր դոլարներ են արժենալու Բաքվի համար և տևական ժամանակ է պահանջվելու, ուստի, որպեսզի արագ հասնեն արդյունքի, նրանք առաջարկում են ականապատ դաշտերի քարտեզները փոխանակել ռազմագերիների հետ: Այս առիթով Սիրանուշ Սահակյանն ասաց. «Մեծ հաշվով՝ իմ անձնական կարծիքն է, որ տարածքները հանձնելուց հետո այդ քարտեզները իսկապես մեծ կարևորություն չունեն հայկական կողմի համար, առավել ևս՝ մենք երբեք չենք առաջնորդվել թեկուզ ադրբեջանցի անմեղ մարդկանց, զոհերի հաշվին ոգևորվելու հոգեբանությամբ: Բաքուն, անկախ հայկական կողմի պահանջները կատարելու պատրաստակամությունից, պետք է իր միջազգային պարտավորություններն իրականացնի՝ անհապաղ հայրենադարձնի բոլոր ռազմագերիներին՝ խախտման դեպքում հասկանալով պատասխանատվության վտանգը: Այլ հարց է, որ հայկական կողմը կարող է իր մարդասիրական գործելակերպի տեսանկյունից որոշ քարտեզներ առաջարկել Ադրբեջանին»:

Ի տարբերություն քաղաքական ջանքերի՝ Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ իրավական ջանքերի տեսանկյունից լուրջ գործ է կատարվել: Նա մանրամասնեց. «Թեև երկար ժամանակ հայ-ադրբեջանական բազմաթիվ խնդիրներ եղել են, բայց ՀՀ-ն երբեք միջպետական գանգատ չի ներկայացրել: Մինչդեռ այս պարագայում խիզախելով՝ առաջին անգամ միջպետական գանգատ է ներկայացրել: Այդ իրավական գործընթացների նախաձեռնումը որոշակի փակուղային իրավիճակում են դրել Ադրբեջանին նաև քաղաքական ոլորտում: Եթե Ադրբեջանը իրավական գործընթացների դրական ելքի հնարավորությունը չգիտակցեր, կարծում եմ՝ նաև կառուցողական դաշտում չէր գտնվելու քաղաքական հարթության մեջ: Դրա համար այս իրավական գործընթացները որոշակի չափով զսպաշապիկ են քաղաքական գործընթացներում: Չեմ կարծում, որ Բաքվի հանցագործությունների քաղաքական արձագանքը պատշաճ է: Շուրջ ութ ամիս անց դեռևս չունենք ամբողջական պաշտոնականացված թվեր հայ ռազմագերիների առնչությամբ, ավելին, ունենք բազմաթիվ փաստեր, որ մասշտաբային պատերազմական հանցագործություններ են տեղի ունեցել, սակայն այս առումով միջազգային հանրության արձագանքը չի գոհացնում»:

Սիրանուշ Սահակյանը փաստեց՝ չկան պատշաճ սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ ու նկատեց. «Ադրբեջանա-թուրքական քաղաքական կապիտալն իսկապես ազդեցիկ է, սակայն աշխատանքի արդյունքում մենք եւս կարող էինք ցուցանիշներ ունենալ և հասնել նրան, որ մեր գործընկերները պատժամիջոցներ կիրառեին Ադրբեջանի նկատմամբ և ստիպեին գործել միջազգային իրավունքին համահունչ»:

Նա շեշտեց՝ այդ գործիքակազմն ունեն միջազգային կառույցները: Սիրանուշ Սահակյանը բերեց ռուսական և բելառուսական օրինակը ու հավաստիացրեց. «Եթե որոշակի տնտեսական սահմանափակումներ կիրառվեն ազդեցիկ բիզնեսի կամ որոշ քաղաքական գործիչների նկատմամբ, անպայման կառավարելի դաշտ կբերեն Բաքվի գործողությունները: Այլ հարց է, որ քաղաքական աշխատանքի թերացումների և այլ գործոնների ուժով մենք նմանատիպ արդյունքներ առայժմ չունենք: Խիստ կարևորում եմ, որ նաև այս ուղղությամբ լինի հետևողական աշխատանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031