Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն ամբողջ անվտանգության գոտին վճարում է այն բանի համար, ինչը, միևնույն է, ստանալու էր. վերադարձած հայ ռազմագերիները 6 ամիս հետո այսպես թե այնպես տանն էին լինելու». Արմինե Ադիբեկյան

Հուլիս 06,2021 17:37

«Ալիևը շատ հստակ և հմուտ սխեմա ունի մարդու վաճառքի շուրջ: Նա միշտ մարդու վաճառքով է խոսել Եվրոպայի, արտաքին աշխարհի հետ, անգամ իր քաղբանտարկյալներին էր վաճառել եվրոպացիներին»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:

Նրա համոզմամբ՝ դա է պատճառը, որ Ալիևի համար նորմալ է մարդուն առևանգելը և նրան ազատ արձակելու դիմաց որոշակի պահանջներ ներկայացնելն ու ստանալը:

Խոսելով հայ ռազմագերիների վերադարձի և այն գնի մասին, թե ինչ է վճարել ու վճարելու Հայաստանը՝ Արմինե Ադիբեկյանն ասաց. «Ողջունելի է, որ հայ ռազմագերիները վերադարձել են, բայց ամեն ինչ այս աշխարհում ունի իր գինը: Նիկոլ Փաշինյանի այս առևտուրը, որը վարում է Ալիևի հետ, որ կարելի է նկարագրել այսպես. մի բնակարանի փողով նա գնել է վերարկուի կոճակ: Նիկոլ Փաշինյանը մինչ ընտրություններն ասում էր՝ հուսով եմ՝ տղաները կներեն, եթե նրանք մի քանի ամիս ևս մնան գերության մեջ, մինչև դառնամ վարչապետ և հարցը լուծեմ: Նա, ելնելով ընտրությունների արդյունքներից, այդ սպասելու քարտ բլանշը ստացել է: Տղաները պատրաստ էին սպասել: Գերությունից վերադարձել են տղաներ, որոնք ստացել են մինչև վեց ամիս ազատազրկում և ամենաուշը կես տարի հետո տղաները կհայտնվեին տանը: Ներողամտությունը, որ Փաշինյանը խնդրում էր, այդ ամիսների մասին էր, որից հետո նրանք առանց որևէ վճարի ու հատուցման պիտի տանը հայտնվեին: Եթե նրանք տկլորացնում են ամբողջ անվտանգության գոտին, որին պիտի միացնենք այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը գլխատում է հայոց բանակը, հմուտ հայրենասեր և պրոֆեսիոնալ կադրերին փոխարինում է անգրագետ կադրերով, այդ թվում նաև երրորդ կորպուսի հրամանատարը, այսինքն՝ Փաշինյանն ամբողջ անվտանգության գոտին վճարում է այն բանի համար, ինչը ստանալու էր: Այն մարդիկ, որոնք ցմահ, յոթ, ութ տարի են ստացել, նրանց դիմա՞ց Փաշինյանն ինչ է նվիրելու, թե՞ նա այդ մարդկանց բերելու մտադրություն չունի: Կամ երբ այդ քարտեզները հանձնում է 15 հոգու դիմաց, տանկերը և հասարակ զինված ադրբեջանցիները, թուրքերը և արդեն պակիստանցիները գան մտնեն ու մորթեն 15-150 ընտանիք, Փաշինյանն ի՞նչ է պատասխանելու: Այսինքն՝ նրա աշխատաոճը կարելի է որակել անպատասխանատու շռայլություն, որի հետևանքը մենք դեռ պիտի քաղենք»:

Արմինե Ադիբեկյանը նաև մտահոգված է, որ երբ ասում էին՝ ադրբեջանցիները թույլ չտվեցին, որ հայերը Սյունիքում խոտ հավաքեն, մի քանի օր առաջ հացն են վառել: Նա ասաց. «Դա նշանակում է, որ մենք առանց ցորեն ենք մնացել: Հացի 40 տոկոսը Փաշինյանը նվիրեց Ադրբեջանին: Այն մի փոքր հատվածը, որը մեզ է մնացել, Ադրբեջանը դրեց, վառեց, մեզ համ էլ սով է սպասվում: Սա ասում եմ, որ իմանաք ձեր ընտրության արժեքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031