Հաշվի առնելով, որ 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ են անցել միայն երեք ուժեր, «Անկախության սերունդ» հասարակական քաղաքական նախաձեռնությունն առաջարկում է ստեղծել Արտախորհրդարանական ուժերի մշտական հանձնաժողով, որտեղ խորհրդարան չանցած ուժերն իրենց ձայնը լսելի դարձնելու հնարավորություն կունենան:
Տեղի ունեցած արտախորհրդարանական ընտրությունների արդյունքում 251.801 անձի քվեները, որը կազմում է ընտրությանը մասնակցած ուժերի 19.72%-ը, ըստ էության փոշիացել են այն պատճառով, որ վերջիններիս կողմից ընտրված կուսակցություններն ու դաշինքները չեն հաղթահարել ԱԺ անցողիկ շեմը:
Որպես հիշեցում՝ 2017թ. ընտրություններին մասնակցել է 1.575.786 անձ, որից 143.203-ի քվեն ստացած կուսակցությունները չեն հաղթահարել ԱԺ անցողիկ շեմը:
Ըստ էության, փոշիացվել է մոտ 9% ձայն, իսկ 2018թ. մասնակցել են 1.261.105 անձ, որից նույն սկզբունքով փոշիացել են 187.429 անձի քվեները, դա էլ կազմել է 14.8%:
Կարդացեք նաև
Վերջին երեք տարում փոշիացող քվեների քանակն աճում է շատ մեծ ծավալով:
2017թ.-ին 9 տոկոսը մեկ տարի անց դարձել է 14, իսկ այդ 14-ը երեք տարի անց դարձել է 19.72%: Սա հստակ ցուցանիշ է, որ ՀՀ-ում քաղաքական ճգնաժամը գնալով մեծանում է և վտանգ կա ավելի խորացման ու ապակայունացման:
ՀՀ-ում կարևորվում է արդարությունն ու հավասարությունը և հավատում ենք, որ նման մեծ թվով մարդկանց կարծիքը չի կարող անտեսվել և մնալ օդի մեջ:
Հավաստում ենք, որ արտախորհրդարանական ուժերն իրենց շարքերում ունեն բազմաթիվ գրագետ, խելացի, պետականամետ մարդիկ, որոնք պատրաստ են աշխատել հանուն պետական շահերի:
Առաջարկությունը հիմնավորվում է ՀՀ-ում արդարության, հավասարության և համերաշխության սկզբունքները պահպանելու միտումով, ժողովրդավարության պահպանման համար, ոչ միայն օրինական, այլև համապարփակ առումով:
ԱԺ անցողիկ շեմը չհաղթահարած կուսակցություններն ունեն գրագետ թիմ ու ծրագրեր, որոնք անշուշտ կարևոր ներդրում կունենան ՀՀ քաղաքական կյանքում:
Կարծում ենք, որ արտախորհրդարանական ուժերի մշտական հանձնաժողովը կապահովի վերոհիշյալ ուժերի ձայնը լսելի դարձնելը և հանրապետությունում կստեղծի քաղաքական ուժերի կոնսենսուս և համերաշխության մթնոլորտ:
Հանձնաժողովի աշխատանքները ոչ միայն արտախորհրդարանական ուժերին հնարավորություն կտան աշխատելու, այլև կնպաստեն ՀՀ-ում հետզհետե խորացող քաղաքական ճգնաժամը կանգնեցնելուն և ավելի հաջողված ու արդյունավետ կառավարում ունենալուն:
«Անկախության սերունդ» հասարակական քաղաքական նախաձեռնություն