Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4.3%

Հուլիս 06,2021 17:27

Այս տարվա հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 4.3%։ Վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի մասին զեկույցը։

Ըստ այդմ, տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա մայիսին ապրիլի նկատմամբ կազմել է 2.0%, իսկ այս տարվա մայիսը նախորդ տարվա մայիսի նկատմամբ 10.9%։

Հուլիսի 1-ի կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2021 թվականի համար բյուջեի նախագծով կանխատեսվում էր 3,2% տնտեսական աճ, սակայն այդ ցուցանիշի վերանայման արդյունքում այս տարվա համար կանխատեսվում է 6% տնտեսական աճ։ Իսկ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նպատակադրել է տարին փակել երկնիշ տնտեսական աճով, նա 6% տնտեսական աճի կանխատեսումը բավական պահպանողական է համարել։

Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հինգ ամիսներին, համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, աճել է 2.3%-ով, իսկ մայիսին՝ ապրիլի համեմատ 3.4 տոկոսով, սակայն այս տարվա մայիսին 2020 թվականի մայիսի համեմատ՝ 7.9% տոկոսով։

Շինարարության ծավալն այս տարվա հինգ ամիսներին նախորդ տարվա հինգ ամիսների նկատմամբ աճը կազմել է 14.3%, մայիսն՝ ապրիլի նկատմամբ՝ 17.9% , այս տարվա մայիսը նախորդ տարվա մայիսի նկատմամբ 0.5%։ Շինարարության աճն ապահովել են հիմնականում պետական բյուջեի ֆինանսավորմամբ եւ միջազգային վարկերով իրականացվող շինաշխատանքները։ Օրինակ՝ պետբյուջեի ֆինանսավորմամբ շինարարության ծավալն այս տարվա հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 43%-ով, սրա մեջ է մտնում նաեւ միջազգային վարկերով շինարարությունը։ Իսկ բնակչության միջոցներով իրականացվող շինարարության ծավալն այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա հինգ ամիսների նկատմամբ աճել է 20.2%-ով։

Առեւտրի շրջանառության աճն այս տարվա հինգ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 7.4%, մայիսն՝ ապրիլի նկատմամբ 6.0%-ով, մայիսը՝ մայիսի նկատմամբ՝ 17.6%-ով։

2021 թվականի հունվար-մայիսին մեր երկրում ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) նախորդ տարվա հունվար-մայիսի նկատմամբ աճել է 0.9%-ով, իսկ մայիսն՝ ապրիլի նկատմամբ՝ 3.4%-ով, մայիսը՝ նախորդ տարվա մայիսի նկատմամբ՝ 17.3%-ով։

Հիշեցնենք, որ 2020 թվականին մարտ ամսից սկսած՝ ներառյալ մայիսը, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում տնտեսական բազմաթիվ գործունեության տեսակներ կամ ընդհանրապես չէին աշխատում, կամ աշխատում էին խիստ սահմանափակ պայմաններում։ Ուստի այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ տարբեր ոլորտներում աճի ցուցանիշները դեռ մի բան համեստ կարելի է համարել։

Արտահանման ծավալների աճն այս տարվա հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճ, իհարկե, գրանցել են, սակայն այն կարելի է ասել՝ գոհացուցիչ չեն, աճը կազմել է 0.8%, իսկ ահա ներմուծման ծավալների աճը դիտարկվող ժամանակահատվածում կազմել է 6.7%։

Արտահանման ծավալներն այս տարվա մայիսին ապրիլի նկատմամբ աճել են 7.9%-ով, իսկ այս տարվա մայիսն անցյալ տարվա մայիսի համեմատ 36.7%-ով, ներմուծման ծավալները մայիսին՝ ապրիլի համեմատ, աճել են 1.5%-ով, իսկ մայիսը նախորդ մայիսի նկատմամբ՝ 34.5%-ով։

Գնաճն այս տարվա հինգ ամիսներին նախորդ տարվա հինգ ամիսների համեմատ կազմել է 5.5%, իսկ մայիսը նախորդ մայիսի նկատմամբ՝ 5.9%:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031