«Հայաստանի իշխանության կեցվածքը պետք է լինի սկզբունքային, իսկ դա իրավական մոտեցումն է, որը չի նկատվում»,- «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսում այսօր ասաց «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Մանասյանը` խոսելով Արցախի, Սյունիքի, իրավական սահմանների, սպասվող զարգացումների եւ ՀՀ իշխանությունների քայլերի մասին:
Նման կեցվածքի բացակայությանը պարոն Մանասյանը երեք բացատրություն ունի. կամ իշխանությունում չեն տիրապետում նյութին, կամ միտումնավոր են այդ կերպ վարվում, որը վատ է եւ երրորդը`աշխարհում կա մի մոտեցում, որ երբ այս տիպի հակամարտությունները հայտնվում են խոշոր պետությունների շահերի կենտրոնում, դրանք իրավական լուծում չեն ստանում, լուծումները բխում են այդ ուժային կենտրոնների միջեւ ձեռք բերված համաձայնություններով: «Բայց մեր իրավունքի լռության մատնելը ոչ մի արդարացում չունի, ինչպիսին էլ լինեն իրողությունները, այս կամ այն կողմից հնչող տեսակետները, թե իրավունքը եւ դիվանագիտությունը ոչինչ չեն որոշում, ամեն ինչ որոշում են տանկերը»,- ասաց Ալեքսանդր Մանասյանը` հավելելով, որ տարիներ առաջ մեր բարեկամ երկրներից մեկի դեսպանին ներկայացրել է Արցախի հարցի կարգավորման իրավական բազան, ու նա զարմացել է, թե ինչո՞ւ հայկական կողմը դրան ընթացք չի տալիս`ասելով, թե «մեծ դիվանագիտությունը փոքր ազգերին է պետք, մեծերը դրա համար ամեն ինչ ունեն»: Բանախոսի տպավորությամբ, սակայն, մենք ոչ թե մեծ դիվանագիտություն չունենք, այլ անգամ չենք դրսեւորում դիվանագիտական պատշաճ վարք այն իրավիճակում, որում հայտնվել ենք:
Ըստ բանախոսի, մեր հասարակության մեջ տարակարծություններ կան, որ այսօր կատարվողը ռուս-թուրքական համաձայնության արդյունք է կամ միայն թուրքական ներխուժման`եվրոպական եւ այլ կենտրոնների լուռ համաձայնությամբ, կրավորական կեցվածքով: Այս համատեքստում, անդրադառնալով ռուսական պետության դիրքորոշմանը, նա հայտարարեց, որ պատերազմի օրերին այդ պետությունից պետք չէր ակնկալել աջակցություն, այն պարզ պատճառով, որ մինչ պատերազմը ՌԴ-ում հստակ հայտարարում էին, որ Հայաստանում իշխանության եկած ուժերը «սորոսականներ են», իսկ ՌԴ-ն սորոսականությունը համարում է իր թշնամին, իր երկրում պայքարում է այդ ուժերի դեմ:
Ալեքսանդր Մանասյանը բնական է համարում, որ ցանկացած իրավիճակ ՌԴ-ում պետք է օգտագործվեր իր քաղաքական շահերի համար, իսկ գործընթացները մեր օգտին շրջելու ջանքերն արդեն պետք է հայկական իշխանությունները ջանային`միաժամանակ, նկատելով, որ ՌԴ-ն նաեւ չպետք է թույլ տար հայ ժողովրդի նկատմամբ նման դաժան հաշվեհարդար:
Կարդացեք նաև
Նա ՀՀ իշխանությունների շատ քայլեր, մեղմ ասած, զգուշավոր չի համարում. «Չի կարելի քեզ այնպես պահել, որպեսզի ռուսը քեզ ընդունի իբրեւ իր հակառակորդ, իբրեւ իր թշնամի»: Այս համատեքստում է բանախոսը նայում նաեւ պատերազմի արդյունքում ստեղծված իրողություններին: 30 տարվա ուսումնասիրությունների արդյունքում նա հանգել է եզրակացության, որ Անդրկովկասն այլ ուժային կենտրոնների համար աշխարհաքաղաքական խաղերի դաշտ է, ՌԴ-ի համար`կենսական շահերի եւ Հայաստանը սա պետք է հաշվի առնի. «Ես չեմ ասում, թե ՌԴ-ից մենք վնասներ չենք կրել: Բայց ՌԴ-ի կողմից եկած հարվածները, որոնք եղել են անցյալ դարի 20-ական թվականներին եւ գորբաչովյան շրջանում, դա ռուսների կողմից չէր: 20-ական թվականներին ՌԴ-ում իշխանությունն անցել էր բոլշեւիկների ձեռքը, իսկ բոլշեւիկները դրսից եկած քաղաքական ուժ էին, որը ՌԴ-ն կործանելու համար էր եկել եւ անբուժելի հարվածներ հասցրեց վիթխարի ռուսական պետությանը: Մեզնից, իհարկե, որոշ տարածքներ խլվեց, բայց բոլշեւիզմը տապալեց ՌԴ-ն ներսից, մինչդեռ պետությունը գնում էր տնտեսական վերելքի ճանապարհով. բեկանվեց զարգացման այդ ճանապարհը, մտավորականությունը դուրս եղած ՌԴ-ից, հասարակությունը սպիտակների եւ կարմիրների բաժանվեց, երկիրը քաղաքացիական պատերազմի մեջ խրվեց`միլիարդների վնասներ հասցնելով ՌԴ-ին: Այդ նույն բոլշեւիզմը, բայց ոչ ՌԴ-ն, մեր հողերը տվեց Խորհրդային Ադրբեջանին: Նույնը կարելի է ասել գորբաչովյան շրջանի մասին. ո՞վ է ասել, որ Գորբաչովը ՌԴ-ի շահն էր հետապնդում: Գորբաչովյան թիմը դրսի կողմից սրվող, ՌԴ-ն եւ սովետական կայսրությունը քանդող թիմ է եղել, որը մենք չենք զգացել: Այդ թիմը ղարաբաղյան շարժումը օգտագործել է Սովետը պայթեցնելու նպատակով`ըստ միութենական պետությունների, որովհետեւ դա է Սովետը դեմոնտաժելու ամենահեշտ ձեւը»:
Ալեքսանդր Մանասյանը հիշեցնում է, որ այդ նույն «դուրսը»`ԵԽ-ն 1988-ի ամռանը որոշում է ընդունում`ԼՂ ժողովրդի`Հայաստանին միավորվելու որոշումը, իսկ 1991-ին, եվրոպական համայնքը դեկտեմբերի 16-ին որոշում է ընդունում, որ հետխորհրդային տարածքում միութենական հանրապետությունները ճանաչելու է խորհրդային սահմաններում: «Սումգայիթի իրադարձությունները Արեւմուտքը երբեք ցեղասպանություն չի համարել, որովհետեւ ԽՍՀՄ փլուզման վերջնագծում, ինքը չէր կարող ցեղասպան պետությանը ճանաչել, որովհետեւ կա ՄԱԿ-ի 1977-ի հռչակագիր, որով տարածքային ամբողջականության սկզբունքը չի տարածվում ցեղասպան պետություններին: Արեւմուտքը շատ նուրբ հաշվարկով միացել է գորբաչովյան տեսակետին, թե դա եղել է ջարդ, երեւույթը ցեղասպանություն չի անվանել նույնիսկ Բաքվից հետո, երբ միջազգային մտավորական սերուցքը բղավում էր, որ դա ցեղասպանություն է»,- ասաց Ալեքսանդր Մանասյանը`եզրակացնելով, որ 20-ական թվականների եւ նրան նախորդած պատերազմների հեղինակը Եվրոպան է:
Բանախոսը նաեւ հիշեցնում է, որ ադրբեջանական ոչ մի պետություն ինքնորոշման ակտով չի անկախացել, մինչդեռ ԼՂ-ն անկախացել է միջազգային իրավունքին համապատասխան ընթացակարգերով, ինչի վրա Արեւմուտքը «թքած ունի»:
Անդրադառնալով ադրբեջանական զինուժի Հայաստան ներխուժման փաստին եւ ՀԱՊԿ-ի կողմից ակնկալվող օգնությանը եւ դրա շուրջ ստեղծված աղմուկին էլ, բանախոսը նկատում է, որ ՀՀ գործող իշխանությունը մեկ անգամ չէ, որ խաբում է ժողովրդին:
Հիշեցնենք, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է երկրորդ հոդվածով, որը իրավիճակի վերաբերյալ ենթադրում է խորհրդատվության տրամադրում: Ուղիղ օգնության ակնկալիքը ապահովում է ՀԱՊԿ կանոնադրության չորրորդ հոդվածը: Միայն այս փաստն, ըստ բանախոսի, բավարար է արձանագրելու համար, որ այս իշխանությունն ադեկվատ իշխանություն չէ եւ այդ անադեկվատությունը դրսևորվել է ամեն ինչում`անգամ 44-օրյա պատերազմում: «Եթե մենք հող եւ պետականություն կորցրեցինք, նշանակում է`մենք արժանի ենք այդ կառավարությանը: Արդեն կորցրել ենք: Չի կարելի խաբող իշխանությանը հավատալ»,- ասաց Ալեքսանդր Մանասյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ