Aravot.am-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեից հետաքրքրվեց` հնարավո՞ր է այնպես անել, որ Արցախի համալսարաններն էլ մասնակցեն ներպետական մրցույթներին եւ մի փոքր ավելի ֆինանսավորվելու հնարավորություն ունենան: Գիտության կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից Aravot.am-ին փոխանցեցին, որ իրենց մրցույթներին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձինք, ՀՀ քաղաքացիները, 2009թ. ՀՀ ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԿԳ նախարարության միջեւ ստորագրված գիտատեխնիկական ոլորտում համագործակցության մասին պայմանագրի շրջանակներում միայն Արցախը կարող է մասնակցել մրցույթներին:
«Այդ պայմանագրի շրջանակներում 5 մրցույթ է անցկացվել եւ մոտ 30 ծրագիր է ֆինանսավորվել 5 տարվա ընթացքում: Արցախի հետ վերջին մրցույթը 2020թ սեպտեմբերի 24-ին էր հայտարարվել, որին հայտնի պատճառներով դիմող չեղավ: Հայտերի ընդունման ժամկետը կոմիտեն երկարացրեց մինչեւ 2021թ փետրվար, որպեսզի մարդիկ դիմելու հնարավորություն ունենան: Որոշվել էր, որ բոլոր ներկայացված հայտերը կֆինանսավորվեն, ուղղակի քիչ թվով հայտեր ներկայացվեցին»,-փոխանցեցին Գիտության կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նաեւ հավելեցին, որ ամենավերջին մրցույթը, որ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կազմակերպել է Արցախի հետ, եղել է «Արցախի համագործակցության ծրագիր-2021»-ը: Կոմիտեն բնական գիտությունների բնագավառում Ֆիզիկա և աստղագիտություն, քիմիա, երկրի մասին և դրան հարակից բնապահպանական գիտությունների եւ կենսաբանական գիտություններ մասնագիտություններով գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար դրամաշնորհներ է տրամադրել գիտահետազոտական խմբերի նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված գիտական թեմաների իրականացման համար:
Գիտության պետական կոմիտեից նաեւ հայտնեցին, որ 2009 թվականից Կոմիտեն պայմանագրի շրջանակում մշտապես Արցախից ստանում է իրենց կազմակերպած մրցույթների հայտերը, որոնց անվճար գիտական փորձաքննությունն իրականացվում է Հայաստանում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ