«Ազատություն». Սահմանադրական դատարանը աշխատակարգային վերջին նիստում դատավորների ինքնաբացարկի մեկից ավելի միջնորդություն է քննել և բոլորն էլ մերժել։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը։
Նա չմեկնաբանեց այն տեղեկությունը, որ դատավոր Վահե Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Արևիկ Պետրոսյանը, իսկ Վահե Գրիգորյանն իր հերթին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Հրայր Թովմասյանին։
Վահե Գրիգորյանի ինքնաբացարկի հարցը ՍԴ ներկայացրած դիմումի մեջ ներառել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը։ Ըստ օրենքի սակայն, ինքնաբացարկի հարցը Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է դառնալ միայն եթե դատավորներից մեկը այդ հարցը բարձրացնի։ Ստացվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներից մեկը համակարծիք է եղել Ռոբերտ Քոչարյանի դաշինքի հետ, որի անդամ Արամ Վարդևանյանն ավելի վաղ ներկայացրել էր, թե ինչու իրենց կարծիքով Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել բողոքի քննությանը. – «Պատճառը շատ հստակ է։ Վահե Գրիգորյանը մասնակցել է որպես դատավարական հակառակորդ կոնկրետ գործով, կարելի է ասել՝ հանդես գալով ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի»։
Ինքնաբացարկի միջնորդության բավարարման համար անհրաժեշտ է որակյալ մեծամասնություն, այսինքն՝ ինը դատավորներից վեցը պետք է կողմ քվեարկեին, ինչը տեղի չի ունեցել։
Կարդացեք նաև
Նույն աշխատակարգային նիստում որոշվել է նաև, որ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող չորս քաղաքական ուժերի դիմումների քննությունը տեղի կունենա հուլիսի 9-ին։
Նաիրա ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: