Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ժողովրդավարություն. մաս 2

Հուլիս 06,2021 16:20

Մաս 1-ը կարդացեք այստեղ

Ժողովրդավարակա՞ն, թե՞ «ժողովրդական»

Առաջին հայացքից թվում է, թե ժողովրդավարական կամ «ժողովրդական» պետություն եզրույթների մեջ տարբերություն չկա։ Եզրույթները վերաբերում են որևէ պետության կառավարման ձևին։

Այժմ դիտարկենք, թե որ երկրներն են ժողովրդավարական և որոնք`«ժողովրդական»։ Ժողովրդական բառը հատուկ գրեցի չակերտների մեջ, քանի որ այն ժողովրդի անվան տակ, իրականում բռնապետական համակարգ է։

Սույն հոդվածի նպատակը ժողովրդավարություն բառի ծագումնաբանությունն ու որպես առաջին ժողովրդավարական՝ անտիկ երկրների օրինակներ բերելը չէ։ Սակայն, հատուկ շեշտենք, որ դասական ժողովրդավարություն, նշանակում է ժողովրդի կողմից ընտրությունների միջոցով իշխանության ձևավորում։

Ժողովրդավարությունը, որպես կառավարման համակարգ բնորոշ է հիմնականում եվրոպական երկրներին։ Ժամանակակից ժողովրդավարություն նշանակում է ոչ միայն, ավելին՝ ոչ այնքան ժողովրդի մեծամասնության քվեով ձևավորված իշխանություն, որքան օրենքի գերակայություն, կամ իրավական պետություն։ Իսկ իրավական պետություն նշանակում է ոչ միայն իրավունքից բխող օրենքներ, այլ դրանց առաջ հավասարություն՝ երկրի ղեկավարից սկսած մինչև գործազուրկ և թափառական-անտուն-մուրացկան։

Իսկ ո՞րն է իրավական պետության հիմնական, գուցե նաև միակ ցուցանիշը։ Այո՛, անկախ, այսինքն` քաղաքական ուժերից, գործադիր և օրենսդիր մարմիններից, հասարակությունից, և վերջապես ժողովրդից անկախ դատական համակարգը։ Եվ հենց օրենքի գերակայությունն է, որ զսպում և դիմադրում է դասական ժողովրդավարությունից եկող հիմնական վտանգը։ Իսկ վտանգն այն է, որ դասական ժողովրդավարությունը կարող է իշխանության բերել ցանկացած պոպուլիստ-արկածախնդրի, որն էլ կարող է կործանել պետությունը։

Ժամանակակից ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից են նաև, նույնպես ընտրովի, կենտրոնական իշխանությունից անկախ տեղական ինքնակառավարման մարմինները։

Կարելի է թվարկել ժողովրդավարության այլ բաղադրիչներ նույնպես, ինչպես օրինակ` խոսքի, խաղաղ հավաքների և այլ իրավունքներ, կայացած բազմակուսակցական համակարգ, որոնք ընդամենը ածանցյալներ են, վերը նշված կառավարման համակարգի։

Ի դեպ, իրական ժողովրդավարական պետությունների անվանումներում բացակայում է ժողովրդավարական բառը։ Օրինակ ոչ թե Ֆրանսիայի ժողովրդավարական հանրապետություն, այլ՝ Ֆրանսիայի հանրապետություն, կամ ուղղակի Ֆրանսիա, Նորվեգիայի թագավորություն, կամ Նորվեգիա։

Մինչ ԽՍՀՄ և սոց․ ճամբարի փլուզումը, այդ պետությունների մեծ մասի անվանումներում առկա էին «ժողովրդական» կամ նույնիսկ՝ ժողովրդա-դեմոկրատական, այսինքն՝ ժողովրդական-ժողովրդավարական բառերը։ Այսօր էլ Հյուսիսային Կորեայի պաշտոնական անվանումն է Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետություն։ Ի տարբերություն ժողովրդավարականի, «ժողովրդական» երկիր ենթադրում է, որ իշխանությունը ոչ թե ձևավորվում է ժողովրդի մեծամասնության քվեով, այլ այն պատկանում է ողջ ժողովրդին։ Իսկ ժողովրդի ղեկավարը նրա ծոցից դուրս եկած առաջնորդն է՝ նույն ինքը ժողովուրդը։ Առաջնորդը, լինելով ողջ ժողովրդի ընտրյալը, «անհուն սիրով սիրում է» ժողովրդին, «խոնարհվում նրա առաջ և զօր ու գիշեր մտածում» նրա մասին։

«Ժողովրդական» երկրներում լինում են հակաժողովրդական տարրեր, ժողովրդի թշնամիներ, որոնց ժողովուրդն ատում է։ Եվ անսալով ժողովրդի կամքին, նրա առաջնորդը դաժանորեն պատժում է նրանց։ Որպես կանոն, այդ թշնամիները լինում են գիտնականներ, գրողներ, օրինակ` ԽՍՀՄ բանվորա-գյուղացիական, այն է՝ «ժողովրդական» իշխանության տարիներին՝ Ակսել Բակունցը, Եղիշե Չարենցը, Հրաչյա Աճառյանը և այլք։

Ժողովրդական երկրներում բոլոր պետական կառույցները՝ օրենսդիր, դատական, տեղական կառավարման մարմինները պատկանում են ժողովրդին, այսինքն` բոլոր պաշտոնները նշանակվում են նրա առաջնորդի կողմից։ Առավել «ժողովրդական» ժողովրդի առաջնորդները այդ նշանակումներն անում են «ընտրությունների» միջոցով։ Եվ ընդհանրապես, ինչպես ժողովրդավարական, այնպես էլ «ժողովրդական» երկրներում անց են կացվում համապետական ընտրություններ։ Եվ եթե առաջիններում հաղթում է 30-40% ստացած թեկնածուն կամ քաղաքական ուժը, ապա երկրորդում միշտ «հաղթում» է ժողովրդի առաջնորդը, կամ նրա ղեկավարած քաղաքական ուժն ավելի քան 80% ձայներով։ «Ժողովրդական» երկրներն ունենում են իրենց բնորոշ խորհրդանիշները:

«Ժողովրդական» երկրներում, որպես կանոն լինում է միակուսակցական համակարգ և գործում է կուսակցականների և անկուսակցականների անխախտ դաշինքը։ Բայց կան նաև առավել «առաջադեմ» «ժողովրդական» բազմակուսակցական երկրներ, որտեղ միշտ հաղթում է ժողովրդի առաջնորդի կուսակցությունը։ Մյուս կուսակցությունները կառուցողական դիրքորոշում ունեն և անվերապահորեն ճանաչում են ժողովրդի առաջնորդին։

Համարենք այս ամենը որպես նախաբան և փորձենք դիտարկել, թե ինչպիսի համակարգ է ձևավորվել Հայաստանում։

1991թ․ անկախություն ստանալով Հայաստանը հռչակվեց որպես ժողովրդավարական պետություն։ Սակայն Հայաստանի ժողովրդավար իշխանությունը չէր պատկերացնում, որ հնարավոր է լինի որևէ քաղաքապետ, ով չի դարձել ՀՀՇ անդամ։ Հիշենք 1992թ․ Աշտարակի գործկոմի նախագահ ՀՅԴ անդամ Հովհաննես Սուքիասյանի սպանությունը ՆԳ նախարարի հրամանով։

1995թ․ կեղծված սահմանադրությամբ արդեն Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես հռչակվեց որպես ժողովրդավարական, իրավական, նույնիսկ սոցիալական պետություն։ Սակայն սահմանադրության «Դատական իշխանություն» գլխով ողջ դատաիրավական համակարգը դարձավ նախագահին կցորդ կառույց։ Իսկ նույն սահմանադրությամբ տեղական ինքնակառավարման ընտրված ղեկավարը կարող էր կառավարության կողմից նշանակված մարզպետի կողմից պաշտոնանկ արվել։ Իսկ Երևանի քաղաքապետը ոչ թե ընտրվում էր, այլ նշանակվում նախագահի կողմից։

Այսպիսով, չնայած հռչակված ժողովրդավարությանը, Հայաստանն իրականում ժողովրդավարական և «ժողովրդական» համակարգերի հիբրիդ էր։ 2001թ․ դառնալով Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) անդամ, Հայաստանը ստանձնեց ժողովրդավարության հաստատման համար պարտավորություններ։ 2005թ․ սահմանադրական փոփոխությունների, նույնպես կեղծված հանրաքվեով, որոշակի բարեփոխումներ կատարվեցին և արդեն առավել մեծ անկախություն տրվեց դատական համակարգին, տեղական ինքնակառավարման մարմիններին Երևանի ավագանին, այսինքն՝ քաղաքապետը դարձավ ընտրովի։ Իհարկե, այս փոփոխությունները լիարժեք չէին իրական ժողովրդավարություն և իրավական պետություն դառնալու համար։ Եթե հաշվի առնենք նաև ոստիկանության, ԱԱԾ, քննչական մարմինների կախվածությունը երկրի ղեկավարից, ինչպես նաև ընտրությունների կեղծման ավանդույթը, ապա կարելի է փաստել, որ ընդամենը մի քանի ոչ բավարար քայլեր արվեցին «ժողովրդական» համակարգից դեպի ժողովրդավարություն։

Այժմ անդրադառնանք 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո և այսօր շարունակվող իրավիճակին։ Հեղափոխությունից անմիջապես հետո սկսվեց դատական երերուն անկախությունը, Սահմանադրական դատարանը ոչնչացնելու և պետական բոլոր կառույցները «ժողովրդական» դարձնելու գործընթացը․ դատարանների շրջափակումներ, ոչ թիմակից և չենթարկվող համայնքապետերի ահաբեկում և քր․ գործերի հարուցում, հակասահմանադրական օրենքներ «ընդունելով» ՍԴ-ի կազմալուծում։ Իսկ ս․թ հունիսի 20-ի «ընտրություններից» հետո, ժողովրդի առաջնորդը ստացավ պողպատյա մանդատ (հե՜յ գիտի Պողպատյա Առաջնորդ՝ Ստալին) և պաշտոնապես հայտարարված է «կադրային ջարդ»։

Կարդում ես լուրերն ու ապշում, պաշտոնյաները համոզված խոսում են , որ բոլոր նրանք, ովքեր իրենց աջակիցները չեն պետք է լքեն պաշտոնները։ Մարզպետները կանչում են համայնքապետերին, մարզպետարանների ոչ թիմակից աշխատողներին, դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին, բժիշկներին, սպառնում, ծեծում և ստիպում դիմումներ գրել և հեռանալ։ Ի՞նչ քաղաքացիական ծառայություն, ի՞նչ տեղական ինքնակառավարում, ի՞նչ անկախ դատարան, և վերջապես՝ ի՞նչ ժողովրդավարություն։ Չէ որ ժողովրդավարությունը երաշխավորում է փոքրամասնության իրավունքների, տվյալ դեպքում կարծիքի, քաղաքական դիրքորոշման, նաև աշխատանքային իրավունքները։ Հայաստանում վերջնականապես հաստատվում է ժողովրդի, այն է «ժողովրդական» իշխանություն, իր՝ «ժողովրդի ծոցից» ելած առաջնորդով, որը «սիրում և խոնարհվում է» ժողովրդի առաջ։ Ովքեր համաձայն չեն, նրանք ժողովուրդ չեն, այլ՝ ժողովրդի թշնամիներ։

Ի դեպ, նորից ՀՀ Սահմանադրության մասին։ 1995թ․ Սահմանադրության 2-րդ հոդվածը հռչակում է «Հայաստանի հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Եվ այս հոդվածն անփոփոխ է և առկա է նաև այսօրվա սահմանադրության մեջ։ Կարծում եմ, որ սահմանադրությամբ պետք է ամրագրված լիներ, որ իշխանությունը ձևավորվում է ընտրություններում մեծամասնություն ստացած քաղաքական ուժի կողմից։ Անկեղծ եմ ասում, չգիտեմ, թե այլ, իսկապես ժողովրդավարական երկրների սահմանադրություններում, առկա՞ է նման արտահայտություն։ Ի՞նչ է նշանակում, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին։ ԽՍՀՄ սահմանադրությամբ իշխանությունը պատկանում էր բանվորներին և գյուղացիներին, այսինքն՝ ժողովրդին։ Արդ, ողջ ժողովրդին ինչպե՞ս կարող է պատկանել իշխանությունը։ Այդ ողջ ժողովու՞րդն է ապրում և վայելում առանձնատնային կյանքը, պարգևավճարները և այլն։

Այդ, ներեցեք, այդ տխմար նախադասությունը հենց ենթադրում է ոչ թե ժողովրդավարական, այլ՝ «ժողովրդական» կառավարում։ Պատահական չէ, որ այդ չարաբաստիկ Սահմանադրության օրը, ժողովրդի վարչապետը հայտարարեց, որ վերջապես Հայաստանում գործում է սահմանադրության 2-րդ հոդվածը։ Այսպես շարունակվելու դեպքում, հաջորդ «ընտրություններին» ժողովուրդն արդեն իր առաջնորդին կտա ավելի քան 80%-անոց վստահության քվե։

Առաջարկում եմ ՀՀ Սահմանադրության նոր փոփոխություններով, Հայաստանի Հանրապետությունն անվանափոխել՝ Հայաստանի Ժողովրդական Հանրապետություն (ՀԺՀ):

Հ․Գ․ Ինչպես «ժողովրդական» այլ երկրներում, օրինակ՝ ԽՍՀՄ կոմերիտականները, այսօր էլ Հայաստանի, իրենց առաջադեմ ժողովրդավարական համարող քաղ․ հասարակության ներկայացուցիչները ծափահարում են Հայաստանում «ժողովրդական», այն է՝ բռնապետական կարգերի հաստատումը։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031