Հուլիսի 6-ին Ազգային ժողովում կազմակերպվեց քննարկում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման թեմայով: Նախաձեռնությունը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն էր: Քննարկմանը ներկա էր նախարար Հայկ Խանումյանը:
Արցախի հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված 2021 թվականի պետական աջակցության ծրագիրը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Սմբատ Պետրոսյանը:
Նա նախ անդրադարձավ 6-12 ամսվա կտրվածքով կարճաժամկետ ծրագրին, որը նախատեսվում է կազմակերպել Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում:
Ծրագրի նպատակը ՏՏ ոլորտում աշխատուժի ստեղծումն ու մասնագետներին աշխատանքով ապահովելն է: Պետական ֆինանսավորմամբ նախատեսվում է մասնագիտական դասընթացների կազմակերպում, գրասենյակների կահավորում, աշխատանքային պայմանների ստեղծում: Համապատասխան ընկերությունների հետ պայմանագրերով էլ մասնագիտացում ստացածները աշխատանքով կապահովվեն:
Կարդացեք նաև
Մինչև հիմա կառավարությունը ֆինանսավորում էր կրթական գործընթացը, առաջարկվող ծրագրով նաև աշխատանքի հարցն է լուծվում: Ծրագրի համար պետական բյուջեով նախատեսված 50 մլն. դրամը պլանավորում են վերադարձնել հարկերի տեսքով:
Պատգամավորները հարցադրումներ ուղղեցին ծրագրի արդյունավետության, ծախսված գումարների վերադարձման ժամկետների ու մեխանիզմների, ռազմաարդյունաբերության ոլորտում հնարավոր ներդրումների վերաբերյալ:
Քննարկվեցին նաև Արցախում ՏՏ ոլորտի զարգացման երկարաժամկետ պլանավորման հետ կապված հարցեր:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
լրատվության և հանրության հետ կապերի բաժին