«Փաստացի ավարտեցինք բողոքի քննությունը, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակի հուլիսի 8-ին»,-լրագրողների հետ զրույցում նշեց Իզմիրլյան ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի շահերի ներկայացուցիչ Էրիկ Ալեքսանյանը:
Նա հայտնեց, որ ներկա պահին Արմեն Չարչյանը գտնվում է Վարդաշեն ՔԿՀ-ում. «Եթե չեմ սխալվում, շաբաթ օրն են տեղափոխել: Այնպես չի, որ նրա առողջական վիճակը լավ է, պարոն Չարչյանն ունի շաքարային դիաբետ, ինչը ներկա պահին շատ բարձր է»:
«Վերաքննիչ դատարանում բողոքի քննության նախագահողը Լուսինե Աբգարյանն է, որը շատ պրոֆեսիոնալ դատավոր է: Շատ արդյունավետ քննարկում տեղի ունեցավ բողոքի քննության շրջանակում: Ինչ վերաբերվում է դատախազին, նա պնդում է, որ հիմնավոր կասկած կա առ այն, թե պարոն Չարչյանն առնչություն ունի հանցավոր արարքի կատարման հետ: Փաստացի նույն հիմնավորումներն են, ինչ ներկայացվել է առաջին ատյանի դատարանում:
Մենք դրա վերաբերյալ ներկայացրել ենք մեր հակափաստարկները եւ մասնավորապես խնդրել ենք դատարանին պատշաճ գնահատականի արժանացնել մեր կողմից տրամադրված տեսաձայնագրությունը, ինչը պատշաճ գնահատականի չէր արժանացրել առաջին ատյանի դատարանը: Հիմքերի տեսանկյունից դատախազը շարունակում է պնդել, որ քննությանը խոչընդոտելու ռիսկը մեծ է, եւ առկա պայմաններում, եթե պարոն Չարչյանը մնա ազատության մեջ, ապա վկաների վրա ազդեցություն կգործադրի: Մենք այդ հիմքի համատեքստում նույնպես ներկայացրել ենք մեր հակափաստարկները, մասնավորապես այն տեսանկյունից, որ ի վերջո բոլոր քրեական գործերով էլ կան վկաներ:
Կարդացեք նաև
Միայն վկայի զուտ ֆիզիկական գոյությունը քրեական գործով` դեռ նշված վկայի վրա ազդեցություն գործելու հանգամանք չէ: Այսինքն, պետք է լինեն փաստական տվյալներ, որոնք վարույթն իրականացնող մարմնի մոտ կարող են ողջամիտ ենթադրությունները ստեղծել, որ մեղադրյալը մնալով ազատության մեջ` կարող է ազդել այս կամ այն վկայի վրա: Թե քննիչը, թե դատախազը չներկայացրին որեւէ փաստական տվյալ, որը նրանց մոտ նման ենթադրություն կարող է առաջացնել, եւ մի շատ կարեւոր հանգամանքի վրա մենք խնդրեցինք դատարանը ուշադրություն հրավիրի»,-ընդգծեց Էրիկ Ալեքսանյանը:
Նրա խոսքով. «Ի սկզբանե կալանավորման միջնորդության քննարկման շրջանակներում քննիչն ի թիվս այլ հիմքերի նաեւ ներկայացրել էր քննությունից թաքնվելու հիմքը: Եվ երբ առաջին ատյանի դատարանն արձանագրեց, որ թաքնվելու հիմքը գոյություն չունի, արձանագրեց նաեւ այն հանգամանքը, որ ոչ միայն փաստական տվյալներ չեն ներկայացվել քննիչի կողմից այդ հիմքի գոյության մասին վկայող, այլ նաեւ գնահատեց արդեն իսկ պարոն Չարչյանի կողմից փաստացի 2-3 օր ազատության մեջ գտնվելու հանգամանքը: Այսինքն 2-3 օր նա մնացել է ազատության մեջ եւ չի խուսափել, քննության համար էլ որեւէ խոչընդոտ չի ստեղծել»,-նշեց Արմեն Չարչյանի շահերի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը քննում էր Իզմիրլյան ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանին կալանավորելու դեմ բողոքը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ