«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը եւ գործադիր մարմնի քարտուղար Արա Գասպարյանն այսօր ասուլիսում խոսելով Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին` հայտարարեցին. «Շատ կարեւոր է հասկանալ, որ այս իրավիճակից դուրս գալու համար պետք է ինքներս ապավինենք մեզ, մեր ուժերին: Մեզ փորձում են համոզել, որ անելանելի իրավիճակում ենք եւ լուծումը ինքնիշխանության նվազեցումն է, ինչը ի վերջո կբերի ինքնիշխանության կորստի, որ մենք միայնակ ի վիճակի չենք այլեւս ունենալ ինքնիշխանության այն մակարդակը, որն ունեինք մինչ պատերազմը: Սա շատ վտանգավոր մոտեցում է, սա մանիպուլացնում է մեր հանրության գիտակցությունը, թուլացնում է մեր կամքը: Եվ մենք պետք է հասկանանք, որ այս իրավիճակում շարունակում են փորձել տարբեր տեսակի հոգեբանական, մանիպուլյատիվ հնարքներով թուլացնել մեր դիմադրողականությունը: Դա արվում էր պատերազմից առաջ՝ արդյունքները տեսանք, եւ դա շարունակում են անել: Դա հենց այնպես չի արվում: Սկսվել է օտար ուժերի կողմից Հայաստանի օկուպացիայի երկրորդ փուլ: Մենք պետք է հասկանանք, որ միայն օտարի այս իշխանությունը հեռացնելով եւ մեր ինքնիշխանությունը վերականգնելով կարող ենք տարածաշրջանում նորից դառնալ քաղաքական-ռազմական սուբյեկտ, աշխարհաքաղաքական գործոն:
Ի՞նչն է մեզ պակասում: Առաջին հերթին՝ կամքը, հավատը մեր ուժերի նկատմամբ: Մեզ համոզում են,որ դուք չունեք բանակ: Այնինչ, մեր բանակի ընդամենը 20-25 %-ն էր ներգրավված ռազմական գործողություններում եւ մեր կորուստները եղել են այդ 25 %-ի շրջանակներում: Մեզ համոզում են, թե դուք գտնվում եք աշխարհաքաղաքական փակուղում, որ դուք պետք է ներգրավվեք տարբեր տեսակի հակահայկական ալյանսներում: Մեզ համոզում են, որ պետք է սկսեք Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման գործընթացը եւ ընդհանրապես մոռանալ Արցախի մասին: Վաղը մեզ համոզելու են հրաժարվել Հայ Դատից, հրաժարվել ընդհանրապես մեր բոլոր տեսակի ազգային հավակնություններից:
Տաք պատերազմից հետո մեր դեմ հիմա շարունակվում է հիբրիդային պատերազմը: Մենք այս մասին պատերազմից առաջ բազմիցս խոսել ենք: Հիմա նորից մտել ենք հիբրիդային պատերազմի փուլ, որի հիմնական նպատակն է՝ թուլացնել մեր դիմադրողականությունը, ջարդել մեր կամքը: Մենք պետք է թույլ չտանք այդ ամենը: Մենք պետք է դուրս գանք պայքարի: Եվ ի վերջո, մենք հաջողելու ենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ