«Գերիների վերաբերյալ տեղի ունեցող գործընթացները բազմաշերտ են և տարբեր ուղղություններով տարվող աշխատանքներ են ներառում: Իրավական մեխանիզմների շրջանակներում առկա առանցքային միջոցներից, միջազգային իրավական մեխանիզմներից մեկը Եվրոպական դատարանի կողմից կիրառվող հրատապ միջանկյալ միջոցներն են»,- «Հոդված 3» ակումբում տեսակապի միջոցով անցկացվող «Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը գերիների իրավունքների պաշտպանության համար» թեմայով քննարկման ընթացքում փաստեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Նա հայտնեց՝ ՄԻԵԴ-ին ուղղված դիմումները հիմնականում բավարարվել են Եվրոպական դատարանի կողմից. «Այս միջոցով փորձ է կատարվում իրավական պարտավորեցնող որոշումներ ստանալ Ադրբեջանի վերաբերյալ՝ պարտավորեցնելով գերեվարված անձանց նկատմամբ ապահովել համապատասխան վերաբերմունք, որ չխախտվեն Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ հոդվածները»:
Եղիշե Կիրակոսյանը կարևորեց ՄԻԵԴ աշխատանքը ու նշեց. «Դատարանում տարվող աշխատանքի, մասամբ՝ որոշակի հատվածով, նրա շնորհիվ է այն, ինչ տեղի է ունենում՝ Ադրբեջանի վարքագծի փոփոխություն, գերիների վերադարձ: Վերջին մեկ ամսվա ընթացքում կառավարության կողմից ևս փորձեր արվեցին կրկին որոշակիորեն ընդլայնելու, մի քիչ ավելի ճկուն մոտեցում պարտադրելու դատարանին»:
Անդրադառնալով Բաքվում ընթացող հայ ռազմագերիների դատավարություններին՝ նա դրանք անվանեց շինծու, ապօրինի, բեմականացված գործընթաց: Ու հայտնեց՝ այդ դատական գործընթացների վերաբերյալ ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ, սակայն ստացել մերժում: Եղիշե Կիրակոսյանը մանրամասնեց. «Այդ դատական գործընթացների վերաբերյալ փորձեցինք դատարանին խնդրանքներ ներկայացնել, որ պարտադրեն Ադրբեջանին կասեցնել դատական գործընթացները, ՀՀ կառավարությանը ներկայացնեն քրեական գործի նյութերը: Պահանջ ներկայացրինք առ այն, որ եթե դատարանը նման քայլերի չդիմի, ապա այս դատական գործընթացներով ուղղակիորեն, ամենօրյա ռեժիմով խախտում են արդար դատաքննության իրավունքը: Պահանջում էինք, որպեսզի դատարանը կանխեր այս խախտումները, դատարանը կիրառեր միջանկյալ միջոց այս տրամաբանությամբ դատավարության ընթացքում տեղի ունեցող խախտումները կանխելու տրամաբանության մեջ՝ հիմք ընդունելով այն, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները չտրամադրելն ի վերջո հանգեցնելու են 2-րդ հոդվածի խախտման: Դատարանը մերժեց մեր ներկայացրած միջնորդությունը, որը ներկայացրել էինք հունիսի 30-ին: Մերժումը ստացել ենք հուլիսի 2-ին»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ