Հայ-Ռուսական համալսարանի «Գովազդ և PR» ուղղության լավագույն շրջանավարտներից մեկի, Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած հերոս Տիգրան Պողոսյանի ընտանիքի առաջարկով ՀՌՀ-ի Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի ուսանողների համար 2021-2022 ուսումնական տարվանից գործելու է Տիգրան Պողոսյանի անվան հատուկ ուսանողական կրթաթոշակ։
Այն ֆինանսավորվելու է Տիգրան Պողոսյանի ընտանիքի կողմից ստեղծված հատուկ հիմնադրամից՝ ՀՌՀ-ի Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի երկու ուսանողների համար (մեկ ուսանող բակալավրիատից/սպեցիալիտետից, մյուսը՝ մագիստրատուրայից)՝ մեկ ուսումնական տարվա վարձավճարի տեսքով։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021-2022 ուսումնական տարվա համար հուլիսի 15-ն է։
Տիգրան Պողոսյանի անվան կրթաթոշակին կարող են հավակնել միայն ՀՌՀ-ի Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի բակալավրիատի 2-4 կուրսերի, սպեցիալիտետի 2-5 կուրսերի և մագիստրատուրայի 1-2 կուրսերի ուսանողները, որոնք նախորդ ուստարում(ներին) ցուցաբերել են բարձր ակադեմիական առաջադիմություն, հասել են որոշակի հաջողությունների իրենց ընտրած մասնագիտությունում, ծավալել են որոշակի հասարակական գործունեություն ՀՌՀ-ում։
Կարդացեք նաև
Կրթաթոշակի շահառուները որոշվելու են համապատասխան հանձնաժողովի կողմից, որի աշխատանքներին կներգրավի նաև ՀՌՀ-ի Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի մեկ ներկայացուցիչ։
Տիգրան Պողոսյանը Հայ-Ռուսական համալսարանի «Գովազդ» ուղղություն էր ընդունվել 2012թ․-ին և գերազանցությամբ ավարտել էր ինչպես բակալավրիատը, այնպես էլ մագիստրատուրան։ Իսկ 2018թ․-ին պարտադիր զինվորական ծառայության էր մեկնել «Ես եմ» ծրագրով։ Հերոսաբար զոհվել է Հադրութի մատույցներում 2020թ․ հոկտեմբերի 16-ին, երբ նահանջի ժամանակ հետ էր գնացել՝ փրկելու վիրավոր զինակցին։ Հետմահու պարգևատրվել է «Քաջության համար» մեդալով։
ՀՌՀ մամուլի ծառայություն