Ամփոփելով Դորտմունդում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ութ ըմբիշների մրցելույթները, որոնք նվաճեցին հինգ (1 ոսկե, 2-ական արծաթե եւ բրոնզե) մեդալ, հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը նշեց, որ ոսկե մեդալ նվաճելու հնարավորություն կար նաեւ 57 եւ 61 կիլոգրամ քաշային կարգերում:
Մարզիչ Արմեն Մալխասյանն էլ հավելեց, որ արդեն վերլուծել են նկատված բացերը: «Չմոռանանք, որ հետպատերազմյան շրջանում ենք, կորոնավիրուսն էլ ազդեցություն ունեցել է, երբ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում կանոնավոր մարզումները գրեթե ամբողջությամբ դադարեցվել էին: Եվ Հայաստանի առաջնությանը մասնակցած ընդամենը 60 ըմբիշներից ութ հոգիանոց հավաքական ձեւավորել եւ ունենալ հինգ մեդալ, լավագույն արդյունքներից մեկն է: Սակայն մենք չենք բավարարվի այս արդյունքներով եւ հաջորդ մրցումներում կաշխատենք ավելացնել»:
Գերծանր՝ 125 կգ, քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում ադրբեջանցի մրցակցին 11:0 հաշվով հաղթած ու այդ տարիքային խմբում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած գյումրեցի Լյովա Գեւորգյանը հակիրճ էր: Նա ասաց, որ այդ գոտեմարտին ներկայացել էր բարձր տրամադրությունով եւ հաղթելու վճռականությամբ: «Հարեւան երկրի հետ կոնֆլիկտի մեջ ենք: Կարեւորը հաղթելն էր, եւ ես հաղթեցի»: Ըմբիշը այս հաղթանակը գնահատում է որպես իր համար ճանապարհ դեպի մեծ սպորտ:
Լյովա Գեւորգյանի անձնական մարզիչ Հակոբ Ավետիսյանը հիշեցրեց, որ իր սանը Եվրոպայի ոսկի նվաճել է նաեւ 2019 թվականին, պատանիների առաջնությունում: «Դրանից հետո արդեն երիտասարդական հավաքականում քաշը բարձրացնելով՝ հավաքականի մարզիչների եւ ֆեդերացիայի ճիշտ աշխատանքի շնորհիվ կարողացավ վարպետությունը բարձրացնել արտագնա հավաքներում քանի որ Հայաստանում մարզումային եւ մրցումային մրցակից չուներ: Այնպես որ, այս արդյունքը սպասված էր»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Խոսելով հետագա ծրագրերի մասին՝ Ավետիք Վարդանյանը տեղեկացրեց, որ ըմբիշներին հիմա մեկշաբաթյա հանգիստ է տրվել, որի ավարտից հետո կվերսկսեն մարզումները եւ կնախապատրաստվեն օգոստոսի 14-ից 19-ը Ռուսաստանի Ուֆա քաղաքում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: «Հուլիսի 12-ից գրեթե երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կունենանք Վրաստանում, որից հետո մարզումները կշարունակենք Երեւանում եւ այստեղից էլ կմեկնենք աշխարհի առաջնություն: Կմասնակցեն հիմնականում այն ըմբիշները, որոնք Դորտմունդում կարողացան մեդալ նվաճել: Հուսով եմ, որ այնտեղ էլ հաջող կմասնակցենք եւ մեդալներով կվերադառնանք»,- ասաց Ավետիք Վարդանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ