Վերաքննիչ դատարանում շարունակվում է «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը: Զուգահեռ դրսում մի խումբ մարդիկ ցույց են անում ի պաշտպանություն Արմեն Չարչյանի եւ մյուսների:
«Հարցս ուղղում եմ ներկայիս քաղբանտարկյալներին դատող դատավորներին: Պարոնայք դատավորներ, հետաքրքիր է, դուք իրականում պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր եք, թե՞ ոչ, ծառայում եք մի կապիտուլյանտի՞, թե՞ չեք ծառայում: Դուք դա այսօր ձեր վերջնական վճռով կապացուցեք… Օրինակ` Գոռ Սեդրակյանն այն մարդկանցից մեկն է, ով 44-օրյա պատերազմում ինքնակամ մեկնել է Արցախ, մասնակցել է ամենաթեժ մարտերին, հիմա նրան դատում են մի բանի համար, որը տեղի չի ունեցել:
Մուրճը փաթեթավորել, բանտիկ են դրել՝ տվել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, էն Ալեն Սիմոնյանն էլ ուրախանում էր՝ նայելով մուրճին…Էս քաղաքական կապիկություններից ուղղակի զզվանք եմ ապրում… Էն Հայկ Սարգսյանն էլ ասում էր` մենք լավ տղերք ենք, սե՞նց եք լավ տղերք, լավ տղերքին դատելով, հերոս տղերքին դատում եք, իսկ դուք չեք էլ ծառայել… ազգի նվիրյալներին տանում սպանում եք, Եռաբլուրում 5000-ից ավել քնած երեխա կա, 15000-ից ավելի վիրավոր տղերք ունենք…Հայաստանի ադեկվատ քաղաքացիները ոչ են ասել եւ ասելու դավաճաններին եւ հողատուներին….Այս է մեր իրականությունը` դատում են հերոսներին, որոնք թուրքի դեմ չեն կզել, դատում են նվիրյալ բժիշկներին, որոնք հազարավոր կյանքեր են փրկել»,-բարձրախոսով ասաց ցուցարարներից մեկը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ