Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դուդուկի մեծ վարպետը մեր ժամանակակից մշակույթի հենասյուներից էր»

Հուլիս 06,2021 15:08

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել լեգենդար դուդուկահար, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ. «Խոր ցավով տեղեկացա հայկական դուդուկի լեգենդ, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան մասին:

Նրա արվեստը, հոգու խորքից դուրս հորդող այդ զգայացունց մեղեդիները վաղուց անցել են իրականության բոլոր սահմանները և հատել հավերժության գիծը:

Ջիվան Գասպարյանը կախարդական սրինգին տիրապետելու իր անկրկնելի վարպետությամբ մեր ժողովրդական երաժշտությունը դուրս հանեց միջազգային բեմահարթակ, աշխարհի բեմեր և համաշխարհային կինո՝ տասնամյակներ շարունակ մեր ազգային մշակույթը հասանելի ու հասկանալի դարձնելով նաև օտար հանդիսատեսին:

Դուդուկի մեծ վարպետը մեր ժամանակակից մշակույթի հենասյուներից մեկն էր, ում անվան հետ է կապվում երաժիշտների և հատկապես դուդուկահարների մի ողջ սերնդի ստեղծագործական և աշխատանքային գործունեությունը:

Ցավակցում եմ Ջիվան Գասպարյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին, մեր երկրում եւ աշխարհում նրա արվեստի երկրպագուներին և կիսում բոլորի վիշտը»:

Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագիրը Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան մասին:

Անվանի վարպետը ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում հայկական ծիրանափողի փառքը տարածել է աշխարհով մեկ` հանդես գալով հեղինակավոր բազմաթիվ բեմերում, հայկական երաժշտության հնչյունները ներկայացնելով հայտնի ֆիլմերում, համագործակցելով հռչակավոր կոմպոզիտորների, համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ:

Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ջիվան Գասպարյանին, որպես մտավորական և հայի բացառիկ կերպար, դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքում, որով մենք հպարտացել ու ոգեշնչվել ենք:

Վիլյամ Սարոյանը Ջիվան Գասպարյանի նվագը լսելուց հետո ասել էր՝ «Ջիվան ջան, սա նվագ չէ, այլ աղոթք է»: Վարպետի կատարումներով աղոթքներն ընդմիշտ կմնան ոչ միայն հայ, այլև ողջ աշխարհի արվեստասերների սրտերում ու հիշողություններում:

Կիսում եմ նրա ընտանիքի, գործընկերների, երկրպագուների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին: Սիրելի վարպետ, հանգչիր խաղաղությամբ»:

ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի ցավակցագիրը

Հայ ժողովուրդը կորցրեց իր բացառիկ զավակներից մեկին՝ անվանի դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին, մարդ, որին հաջողվեց հայկական մշակույթն աշխարհին շաղկապել դուդուկի ելևէջներով:

Հայկական ծիրանափողի հաղթարշավն աշխարհում սկսվեց Ջիվան Գասպարյանի հանճարեղ նվագի ու մեծ նվիրումի շնորհիվ, և դուդուկն իսկապես դարձավ ազգային բրենդ ու Հայաստանի այցեքարտերից մեկն աշխարհում՝ միլիոնավոր մարդկանց անտեսանելի թելերով կապելով հային ու Հայաստանին:

Մեծ կորուստ կրեց ոչ միայն հայ մշակույթը, այլև համաշխարհային երաժշտարվեստը:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ջիվան Գասպարյանի ընտանիքին, հարազատներին և ողջ հայ ժողովրդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031