«Մեր կառավարությունը ներսում պիտի ունենա նաև համակարգված քաղաքականություն գերիների հարցով»,-«Հոդված 3» ակումբում տեսակապի միջոցով անցկացվող «Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը գերիների իրավունքների պաշտպանության համար» թեմայով քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Արման Թաթոյանի համոզմամբ՝ պիտի այնպիսի պետական քաղաքականություն մշակել, որպեսզի ներքին հարցերը չխոչընդոտեն արտաքին դաշտում իրականացվող գործողություններին: Նա փաստեց՝ Ադրբեջանում մանրադիտակով հետևում են, թե ինչ է կատարվում մեր հասարակությունում և որպես ապացույց են օգտագործում շատ դեպքերում:
Անդրադառնալով ներքին քաղաքականությանը՝ Արման Թաթոյանն ասաց. «Քաղաքականությունը պետք է լինի այն, որ օգտագործվի տեղեկատվությունը ի նպաստ նրան, որ հետագայում մեր մյուս գերիներին ավելի հեշտ վերադարձնենք, ոչ թե եկածներին էլ խոցելի դարձնենք: Գերիների անձնական տվյալների հրապարակմամբ՝ նրանց դնում ենք խոցելի վիճակի մեջ»:
Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների դատավարությունն ի սկզբանե արհեստական է. «Դրանք շղարշ են միջազգային հանրության համար՝ որպես արդարացում ձգձգումների համար, որպեսզի իրենք հասցնեն քաղաքական, ռազմական օգուտներ ստանալ»: Արման Թաթոյանի հավաստմամբ՝ Ադրբեջանի նպատակն է այդ մարդասիրական հարցերը, որոնցից լավագույն միջոցը գերիներն են, դարձնել քաղաքական սակարկման առարկա: Դրա լավագույն ապացույցը Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների խոսակցությունն էր:
Կարդացեք նաև
Արման Թաթոյանը շեշտեց՝ պետք է երբեք թույլ չտալ գերիների հետ կապված հարցը կապել այլ հարցերի հետ. «Անգամ, եթե նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գերիների վերադարձի հետ կապված կետ չլիներ, միևնույն է, նրանք պետք է գերիներին վերադարձնեին: Գերիների հետ կապված մեր գործողությունները միայն չպետք է լինեն այն, որ վերադարձնենք ու դրանով ավարտենք, այլև ինստիտուցիոնալ այնպիսի հիմքեր ստեղծենք, որ կանխարգելիչ լինեն հետագայի համար: Մենք պետք է աշխարհին ցույց տանք, իրավական հիմքերն ամրացնենք մեր քայլերի համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ