Անկախության տարիներին մեր հասարակությունը սնվել է «տարածաշրջանի լավագույն գիտություն» քարոզով: Զուգահեռը «տարածաշրջանի լավագույն բանակի» հետ ակնհայտ է, ինչի կործանարար հետևանքների ականատեսն ենք:
Կվերանայի՞ ԳԱԱ նոր ղեկավարությունը նախկին քարոզները:
Առօրյա խեղաթյուրումներից. ընդունված է նույնացնել ԳԱԱ-ն և ՛գիտությունը՛, և ԳԱԱ-ի որևէ քննադատություն, ներկայացնել, որպես գիտության ստորադասում:
ԳԱԱ եզրույթը՝ մի կողմից, վերաբերվում է ԳԱԱ անդամների կազմին, մյուս կողմից՝ ԳԱԱ-ի համակարգին՝ ինստիտուտներով: Երկուսն էլ Խորհրդային բրածոներ են, աշխարհում ընդունված կարգերին հակասող: Անգամ Ռուսաստանը վաղուց հրաժարվել է ՌԳԱ-ի խորհրդային ադմինիստրատիվ կարգավիճակից:
Կարդացեք նաև
Արևմուտքի երկրներում ակադեմիաները վաստակով գիտնականների ակումբներ են, որոնց անդամակցելը պատվաբեր է, սակայն չի ներառում, որևէ ֆինանսական շահույթ կամ վարչական գործառույթներ: Օրինակ, համբավավոր Բրիտանական թագավորական ընկերության (The Royal Society) նախագահը որևէ վարձատրություն չի ստանում այդ դիրքի համար:
Գիտության պետական կոմիտեի /ԳՊԿ/ կողմից վերջին տարիներին հրատարակված ՀՀ 100 արդյունավետ գիտաշխատողների ցուցակներում հատուկենտ են ԳԱԱ անդամները. համեմատության համար՝ 1960-1970-ականներին ԳԱ անդամները այն ժամանակվա ցանկացած չափանիշներով մեր գիտության առաջատարներն էին, միջազգայնորեն հայտնի անուններ: Անկախության տարիներին, փոքր երկրի պայմաններում, պարզվեց, որ անձնական կապերը ավելի որոշիչ են, քան գիտական չափանիշները, արդյունքում այսօր մեր հարկատուն վճարում է ցմահ պարգևավճար ՀՀ ոչ առաջատար գիտաշխատողների ստվար ցուցակի. որպես տեղեկություն՝ 1996թ. ակադեմիկոսների կազմը եռապատկվեց, կանոնադրության խախտմամբ՝ թղթակից-անդամները առանց ընտրության կոչվեցին ակադեմիկոսներ, ինչին դիմադրելով Վիկտոր Համբարձումյանը հրապարակեց ԳԱԱ անդամությունից հրաժարվելու իր դիմումը:
Իսկ ԳԱԱ համակա՞րգը: ՀՀ ամենաարդյունավետ գիտական կենտրոնը՝ Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիան (ԱԱԳԼ, Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) չի գտնվում ԳԱԱ կազմում: ԳԱԱ տարեկան զեկույցներում ներկայացվում են հրատարակությունների տպավորիչ թվեր: Իրականում, օրինակ, այդ հոդվածների հիմնական աղբյուր՝ Ժնևի Միջուկային ֆիզիկայի միջազգային կենտրոնի ծրագրերից մեկում ՀՀ-ն (ԱԱԳԼ) ունի 1 մասնակից, (վճարելով անդամավճար), մինչդեռ Թուրքիայի միայն Ադանայի համալսարանը նույն ծրագրում ունի 28 մասնակից:
Դեգրադացիայի ցայտուն օրինակ է ազգայնական, կեղծ-գիտության ակտիվացումը, օրինակ, իբր աշխարհի հնագույն 7000 տարվա «Քարահունջ-աստղադիտարան» անհեթեթությունը՝ չհիմնված որևէ գիտական հոդվածի վրա, անտեսելով մասնագետների կոչերը, պեղումների արդյունքները, սողոսկել է անգամ դպրոցական դասագրքեր, տգետների ամբոխը գրոհում է հնագետներին: Կեղծ եզակիության նման քարոզների ողբերգական արդյունքները այսօր ակնհայտ են:
Անկախության տարիներին այդպես էլ չփոխարինվեց Խորհրդային՝ ուռճացված կազմով ինստիտուտների մոդելը: Ոմանք գերադասեցին լռել՝ տիտղոսների, չնչին դրամաշնորհների համար…Արդյունքում՝ այսօր ունենք կիսաամայի մասնաշենքեր,…, գիտությանը ձգտող երիտասարդների արտահոսք …
Շարունակե՞լ ինքնազմայլվել ՛տարածաշրջանի գիտության առաջատար՛ ինքնակոչումով, թե վերջապես ինքնակազմակերպվե՞լ այսօրվա աշխարհին համապատասխան սկզբունքներով:
Վահագն ԳՈՒՐԶԱԴՅԱՆ
պրոֆեսոր, EUROSCIENCE (Governing Board, Strasbourg) Կառավարման խորհրդի նախկին անդամ
համախմբագիր, European Physical Journal Plus (SPRINGER – NATURE)
Հ.Գ. Խուսափել եմ կոնկրետ ստրատեգիական սխալներ, կնքված նվաստացուցիչ, սակայն հասարակությանը որպես հաղթանակներ մատուցված պայմանագրեր բաց հիշատակելով, ներկա պայմաններում դա ոչ օգտակար համարելով:
Լուսանկարում՝ Վահագն Գուրզադյանը հոր՝ Գրիգոր Գուրզադյանի կիսանդրու մոտ