Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե սեպտեմբերից էլի շարունակենք հեռավար աշխատել, բարձրագույն կրթությունը ծանր հարված է ստանալու». Կրթության փորձագետ

Հուլիս 06,2021 13:47

«Այս ընթացքում բուհերում հիմնական խնդիրներ առաջ եկան. եւ ուսանողներ զոհվեցին, եւ ուսանողների ու դասախոսների հարազատներ, նաեւ որոշ բուհերում լարված իրավիճակ էր` կապված ռեկտորների ընտրության հետ: Մասնավորապես տնտեսագիտական համալսարանում կարծես խնդիրը հանգուցալուծվեց»,- «Մեդիա կենտրոնի» «Բարձրագույն կրթության խնդիրները՝ հետպատերազմյան, քովիդյան շրջանում. ի՞նչ հետևություններ են արվել» թեմայով քննարկման ժամանակ նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Նրա կարծիքով, հատկապես քովիդյան շրջանի հետ կապված կրթական հաստատությունները պետք է հետեւություններ անեին. «Քովիդը եւ լավ ազդեցություն ունեցավ բարձրագույն կրթության վրա, եւ շատ վատ ազդեցություն: Դրականն այն էր, որ եւ դասախոսները, եւ ուսանողները բավական զարգացրին իրենց` թվային գործիքներին տիրապետելու հմտությունները, ունեցանք հաջողության պատմություններ, շատ ուսանողների այս մոտեցումն ավելի դուր եկավ: Բայց ընդհանուր առմամբ, եթե մենք սեպտեմբերից էլի շարունակենք հեռավար աշխատել, կարծում եմ բարձրագույն կրթությունը շատ ծանր հարված է ստանալու, որովհետեւ ընդհանուր առմամբ, քովիդյան շրջանը դրական չէր բարձրագույն կրթության համար»:

Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետի փաստմամբ. «Եվ ուսանողների սովորելու մոտիվացիան նվազեց, եւ մասնակցությունը, նաեւ մի տեսակ հոգնածություն էլ կար: Ամեն դեպքում անմիջական շփումը մեզ պետք է, եւ եթե սեպտեմբերին էլ հեռավար լինի, շատ վատ արդյունքներ կարող ենք ունենալ, եւ բարձրագույն կրթությունը ծանր վիճակում կհայտնվի, թեեւ վիճակն առանց այն էլ ծանր է…»: Սերոբ Խաչատրյանի խոսքով, ամեն դեպքում պետք է իրավիճակից դասեր քաղել հեռավար ուսուցման մոտեցումները ինստիտուցիոնալացնելու առումով, հատկապես որ ճիշտ չէ 100 տոկոս առկա ուսուցմանը վերադառնալը:

Նրա ձեւակերպմամբ, պատերազմից հետո կրթության ոլորտում այնպիսի վիճակ է, կարծես ոչինչ չի պատահել եւ իներցիայով առաջ ենք գնում. «Ես չեմ մասնակցել որեւէ քննարկման, որտեղ ասվի, թե պատերազմից հետո ունենք նոր իրավիճակ, ի՞նչ ենք մտածում կրթության ոլորտի հետ կապված: Տպավորություն է, որ նորմալ գնում ենք առաջ, կարգեր ենք ընդունում, քննություններ են տեղի ունենում»:

Կրթության փորձագետի խոսքով, մյուս խնդին էլ Բարձրագույն կրթության եւ գիտության մասին ՀՀ օրենքն է, որն ամենավիճարկելին է. «ԿԳՄՍ նախարարությունն անընդհատ փոխեց իր դիրքորոշումը ավելի դեմոկրատական մոդելից գնալով ավելի ավտորիտար մոդելի»:

Միշա Թադևոսյան

Կրթության ոլորտի հետազոտող, «Էրազմուս +» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագիտական խմբի անդամ Միշա Թադևոսյանը եւս տարակուսած է, որ տպավորություն է, թե հասարակության շրջանում տրավմատիկ դրսեւորումներ չունենք եւ կարիք չկա փոխելու նոր մոտեցումները` մասնավորապես կրթության բնագավառում. «Ինչպես տարիներ շարունակ նշվում էր, որ համակարգը չի արձագանքում աշխատաշուկայի կարիքներին, ուսանողի պահանջներին, այդպես էլ այս պահին չի արձագանքում պետության մակարդակով տեղի ունեցած իրադարձություններին, եւ դա առնչվում է ինչպես քովիդին, այնպես էլ պատերազմական իրողությանը»:

Տիգրան Շահվերդյան

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, Robomart ընկերության համահիմնադիր և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Տիգրան Շահվերդյանը նշեց, որ իրենց նախաձեռնության ստեղծման պատճառներից մեկը հետեւյալն էր` իրենք գիտակցեցին, որ Հայաստանում գիտական ենթակառուցվածքները, էկոհամակարգը չեն համապատասխանում Հայաստանի առաջ ծառացած խնդիրներին. «Այդ անհամապատասխանության կարեւորագույն դրսեւորումներից մեկն այն է, որ առանց զարգացած գիտության` չենք կարող ունենալ որակյալ կրթություն` սկսած դպրոցից մինչեւ բարձրագույն կրթություն»:

Տիգրան Շահվերդյանն ընդգծեց. «Միշտ խոսում ենք, որ առանց կրթության չենք կարող ունենալ գիտություն, բայց 30 տարի չեմ հիշում, որ քննարկած լինենք այն, որ առանց գիտության չենք կարող ունենալ որակյալ կրթություն… Խոսում ենք ուսուցիչների աշխատավարձերից, դպրոցների վերանորոգումից, նոր դպրոցներ կառուցելուց, կրթական չափորոշիչներից, բայց չեմ հիշում որեւէ լուրջ խոսակցություն օրինակ այն մասին, թե ովքեր են կրթելու այդ ուսուցիչներին, ուսանողներին… Ամբողջ աշխարհում դասախոսելը գիտնականի աշխատանքի կարեւորագույն կոմպոնենտն է: Մրցունակ գիտական համակարգում գիտնականը դրդված է լինելու գնալ բարձրագույն կրթություն, լինել դասախոս եւ պրոֆեսոր ու դրանով բացի նոր թիմակիցներ բերելուց իր գիտական խումբ, ավելի շատ ապահովել է այդ մասնագետների կրթությունը»:

Քննարկման հրավեր էր ուղարկվել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, որտեղից պատասխանել էին, որ քննարկմանն իրենց մասնակցությունը նպատակահարմար չեն գտնում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031