Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմել եմ Փաշինյանին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ. Մարուքյան

Հուլիս 06,2021 13:41

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը

Տեղեկացնում եմ, որ դիմել եմ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ։

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում 2019թ. կատարվող փոփոխությունների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարությանը ներկայացրել էր կառավարության այլընտրանքային կառուցվածք, որտեղ պահպանվում էին գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները՝ հաշվի առնելով մի շարք կարևոր հանգամանքներ։

Սակայն առաջարկները չընդունվեցին. երկու տարուց ավելի է, ինչ այլևս չեն գործում գյուղատնտեսության նախարարությունը, ինչպես նաև մշակույթի նախարարությունը՝ առանձին տեսքով։ Ժամանակը ցույց տվեց, որ այդ ոլորտներում առանձին կայացած գերատեսչության բացակայությունը հանգեցնում է բազմաթիվ խնդիրների լճացման։

Գյուղատնտեսության նախարարության կլանումը էկոնոմիկայի նախարարության կողմից նշանակում էր գյուղատնտեսության նախարարության փաստացի կրճատում, ինչով նաև ստորադասվեց գյուղատնտեսության դերը մեր երկրում, որտեղ այն մշտապես ունեցել է և ունի չափազանց մեծ նշանակություն և բավականին զգալի կշիռ ՀՆԱ-ի մեջ։ Ընդ որում՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լիազորություններն այժմ էլ հնարավոր է վերապահել գյուղատնտեսության նախարարությանը։

Մշակույթի նախարարությունը չպետք է որևէ վարչության կամ այլ կարգավիճակով, փաստացի կրճատվելով, ներառվեր որևէ այլ նախարարության կազմում, քանի որ մեզ անհրաժեշտ է ունենալ ուժեղ մշակույթի նախարարություն, որն ունակ է համակարգել մշակութային պատերազմների մեջ գտնվող մեր պետության խնդիրները։ Տեղին է նաև հիշատակել, որ հայ ինքնության համար մշակութային կյանքի առանձնահատկությունները բոլոր ժամանակներում եղել են ազգի պահպանման հիմնասյուներից մեկը։ Միաժամանակ, մշակութային աղավաղումների դեմ անհրաժեշտ է ունենալ մշակութային հայեցակարգը կրող ամուր կառույց։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031