Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փորձում են համայնքների ղեկավարներին մեկուսացնել, փոխարենը նշանակել ՔՊ-ական հլու-հնազանդ մարդիկ, որ ՏԻՄ ընտրություններում հաղթեն». Իշխան Սաղաթելյան

Հուլիս 06,2021 13:33

ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովն է տեղի ունեցել ու ընտրվել է Գերագույն մարմին՝ նոր կազմով: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ է վերընտրվել Իշխան Սաղաթելյանը:

Այսօր հրավիրված ասուլիսում պարոն Սաղաթելյանը խոսեց համայնքապետարաններում ՀՅԴ-ականների նկատմամբ ճնշումներից: Նա ասաց, որ բոլոր դեպքերը hավաքագրում են եւ ներկայացնելու են միջազգային կառույցներին:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ դա իշխանությունների կողմից կարող է հակադարձվել՝ որպես միջամտություն մեր ներքին խնդիրներին, ներհայաստանյան դաշտում ի՞նչ գործիքակազմ եք տեսնում դրա դեմ պայքարելու համար՝ Սաղաթելյանը պատասխանեց. «Դա միայն ՀՅԴ անդամ համայնքների ղեկավարներին չի վերաբերում, արդեն կարելի է ասել համատարած բնույթ է կրում: Կապ չունի՝ որ կուսակցությունից են, եթե իշխանության թելադրանքը չեն կատարել, քաղաքական այլ դիրքորոշում են ունեցել, կանչում են համայնքի ղեկավարներին եւ պահանջում են, որպեսզի հրաժարական տան: Սրա նպատակը որն է՝ գիտեք, որ երկու ամիս հետո ամբողջ հանրապետությունում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, փորձում են այդ համայնքների ղեկավարներին մեկուսացնել, հասնել նրանց հրաժարականին, իրենց փոխարեն նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ, որոնք, կյանքը ցույց է տվել, որ լինում են իրենց կուսակցության հլու-հնազանդ, շատ հաճախ՝ անկարող եւ անփորձ մարդիկ, որպեսզի այդ ճանապարհով ՏԻՄ ընտրություններում արձանագրեն հաղթանակ: Քանդում են նաեւ տեղական ինքնակառավարման այդ ինստիտուտը»:

Սաղաթելյանն ասաց, որ այդ համայնքների ղեկավարներին իրենք աջակցում են՝ տրամադրելով սկսած փաստաբանական ծառայություններից մինչեւ այլ միջոցներ. «Մենք իրենց կողքին ենք եւ թույլ չենք տալու: Ժողովրդի թիկունքում թաքնված, ժողովրդավարությունից հաճախ խոսող ու ժողովրդի անունից խոսող իշխանությունը կապ չունի ժողովրդավարության հետ: Այս մարդիկ ձգտում են հաստատել մեկ անձի դիկտատուրա, որը մենք թույլ չենք տալու, բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք դրա դեմ: Առաջիկայում կտեսնեք»:

Արծվիկ Մինասյանն էլ շեշտեց, որ բոլոր այդ գործերի հիմքում քաղաքական հայացքներով պայմանավորված խտրականության դրսեւորում կա: Ըստ Մինասյանի, եթե նույնիսկ իրավախախտում են մարդիկ թույլ տվել, եթե դա կապվում է քաղաքական հայացքների հետ ու հորդորում են, անգամ որպես զրույց ասում են՝ լավ կլինի հրաժարական տաք, դա արդեն իսկ քրեորեն պատժելի արարք է եւ հանցագործություն է. «Այս իշխանության 90 տոկոսը անցնում են այդ հոդվածներով»:

Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այն, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը ու ոչ միայն նա, կապված ԶՊՄԿ-ի հետ, քրեական հանցագործություն է. «Մենք տեսնում ենք Արմեն Չարչյանի մասով ձեւական փաթեթավորմամբ իրական քաղաքական հետապնդման օրինակ է: Նույն տրամաբանությամբ՝ հիմա հարյուրավոր քրեական գործեր պետք է հարուցվեին Նիկոլ Փաշինյանի, կառավարության աշխատակազմի ղեկավարի, բազմաթիվ մարզպետների, պետական բազմաթիվ պաշտոնյաների, ԱԱԾ-ի ու ոստիկանության աշխատողների նկատմամբ, ովքեր օգտագործելով իրենց դիրքը, հարկադրել են մարդկանց կա՛մ ձեռնպահ մնան քաղաքական ակտիվությունից, կա՛մ քվեարկեն իշխող ուժի օգտին» Հարցին՝ փաստեր ունե՞ք՝ Մինասյանը պատասխանեց, որ այո ու ոլորը փաստերով ներկայացնելու են:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031