«Միայն հիմարներն ու ստորներն են շահում հեղափոխությունից: Անկախ նրանից՝ հեղափոխությունը հաջողել է, թե պարտվել, մեծ սրտի տեր մարդիկ կլինեն նրա զոհը…»
Դեռևս վաղ ժամանակներից սկսած՝ հասարակությունները յուրահատուկ պատկառանք ու հարգանք են տածել բժիշկների ու ուսուցիչների նկատմամբ և նրանց մեծ պահանջներ են ներկայացրել: Դա պայմանավորված է նրանով, որ գիտելիքը, դաստիարակությունն ու առողջությունը մարդու համար առաջնային ու ճակատագրական են եղել և շարունակում են մնալ այդպիսին: Չէ որ մարդը չի կարող առանց նորմալ կրթություն և առողջություն ունենալու լիարժեք ու երջանիկ զգալ: Անգամ ադրբեջանցիներն են ուսուցիչների նկատմամբ մեծ հարգանքով վերաբերվում և իրենց հասարակության ամենասիրելի ու հարգարժան մարդկանց, անկախ մասնագիտությունից մալըմ՝ ուսուցիչ են կոչում: Իսկ բժշկի մասնագիտության առաջ պարզապես խոնարհվում են, նույնիսկ անասնաբույժին են дохтур՝ բժիշկ անվանում (այս օրինակը հատուկ եմ բերում):
«Բժշկի մասնագիտությունը հերոսական արարք է, այն պահանջում է անձնուրացություն, հոգու և մտքերի անաղարտություն». գրել է Անտոն Չեխովը: Իսկ hիվանդության բուժումը պահանջում է ոչ միայն բժշկի և բժշկության հմտություն, հավատ բժշկի նկատմամբ, դեղորայք, այլև անմնացորդ նվիրում, հոգատարություն, անքուն գիշերներ, սեր և ջերմ վերաբերմունք հիվանդի նկատմամբ: «Բժիշկը փիլիսոփա է. Իմաստության և բժշկության միջև շատ տարբերություն չկա». ասել է Հիպոկրատը:
Իսկ այն ինչ կատարվում է Արտավազդ Սահակյանի և Արմեն Չարչյանի շուրջ, միանգամայն հասկանալի է ու օրինաչափ: 19-րդ դարի գերմանացի գրող, քննադատ՝ Հենրիխ Հայնեն այն կարծիքն է հայտնել, որ. «Միայն հիմարներն ու ստորներն են շահում հեղափոխությունից: Անկախ նրանից հեղափոխությունը հաջողել է, թե պարտվել, մեծ սրտի տեր մարդիկ կլինեն նրա զոհը»: Ցավոք մենք չգիտես ինչու մեր մեծերին, անհատականություններին չենք սիրում, չենք արժևորում, չենք գնահատում, չհասկանալով սակայն, որ նրանք են Հայաստանը ըստ արժանվույն ներկայացնում աշխարհին և ապահովում երկրի առաջընթացը:
Կարդացեք նաև
Կարծում եմ այս համատեքստում պետք է դիտարկել նաև աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանի չգնահատված ու վիրավորված հեռանալը Հայաստանից, ով հայկական շախմատը մի նոր փառքի ու բարձունքի հասցրեց: Լևոն Արոնյանի մայրը՝տիկին Սեդա Ավագյանը իմ համագյուղացին է, իսկ հայրը Գրիշա Արոնովը՝ ազգությամբ հրեա է: Եվ ես շատ լավ տեղյակ եմ, թե տիկին Սեդան լինելով մեծ հայրենասեր, ինչպես ամեն ինչ արեց Լևոնի կայացման և այն բանի համար, որ Լևոնը անպայման հային ու Հայաստանը ներկայացնի: Իսկ մեծերին գնահատելու համար պետք է մեծ լինել:
Սովորական մարդը չի կարող տարբերություն տեսնել մարդկանց միջև: Եթե մենք արժևորեինք մեր մեծերին, ապա իր երկրից ու ժողովրդից խռոված չէր հեռանա ողջ կյանքը հայրենիքի ազատությանը նվիրած Անդրանիկ զորավարը, չէինք կորցնի երիտասարդ ու տաղանդավոր գրող Ակսել Բակունցին, դարի հայ հանճարներից մեկին՝ Եղիշե Չարենցին կամ բազմաթիվ այլ վառ անհատականությունների ու մտավորականների, այդպես անտարբեր չէինք լինի մեծն Նժդեհի նկատմամբ: Ոչ մեկիս մոտ կասկած չի հարուցում, որ անցած դարի 30-ական թվականներին Հայաստանում շուրջ 15000 ստալինյան բռնադատվածներից գրեթե բոլորի գործերը եղել են շինծու, արդյունք` սեփական ժողովրդի նկատմամբ դավադրության, չարության, նախանձի ու մատնության: Եվ պատահական չէ, որ ստալինյան բռնաճնշումներից առավել շատ տուժածների շարքում եղել են նաև հայերը: Ներկայումս էլ նկատվում են ավագ սերնդի, բարձր հեղինակություն, արժանիքներ ու վաստակ ունեցող մարդկանց ասպարեզից հեռացնելու, նվաստացման, ընտրանու գլխատման, հասարակության պառակտման հալածման ու հետապնդման, անցյալի ներկայացուցիչներին պատժելու ու վրեժ լուծել միտումներ: Պատճառներից մեկն էլ այն է, որ լինելով տաղանդավոր ու ձեռներեց ազգ՝ տեղ ենք գրավում աշխարհի թույլերի ու հետամնացների շարքում:
Դեռևս մ.թ. 350 տարի առաջ հույն փիլիսոփա Անտիսֆենն է ասել. որ «Պետությունները կործանվում են այն դեպքում երբ լավերին չեն կարողանում տարբերել հիմարներից»: Մենք իրավունք չունենք ըստ արժանվույն չգնահատել մեր մեծերին, բարերարներին, հայրենիքի նվիրյալներին, հերոսներին, երախտապարտ չլինել մեր ուսուցիչներին, բժիշկներին՝ իրենց կյանքը անմնացորդ ժողովրդի առողջության պահպանմանը նվիրած մարդկանց: Իսկ ապերախտությունը մարդկային արատներից ամենավատթարագույնն է: «Ապերախտությունը մի այլանդակ գազանություն է, որ ոտնակոխ է անում Աստծու և մարդկանց բարերարությունը, և քանի որ ընդունած խնամքը չի ճանաչում, չի կարող որևէ մեկից խնամք գտնել». նշված է աստվածաշնչում:
Անձամբ ճանաչում եմ և Արտավազդ Սահակյանին և Արմեն Չարչյանին, երկուսն էլ վիրահատել են իմ ընտանիքի անդամների, երկուսն էլ ազնվագույն արմատներ և մարդկային բարձր որակներ կրող ու մեծ հոգու տեր անձիք են: Արտավազդ Սահակյանին, որպես համերկրացի, որպես ընկեր և բարեկամ՝ շատ ավելի մոտիկից գիտեմ: Նրանով իր հայրենիք Նոյեմբերյանում հպարտանում են, նրան սիրում են պաշտելու աստիճանի, նրան սիրում են նաև դրսում ապրող նոյեմբերյանցիները, իր շրջապատում, բարեկամների շրջանում, ուսանողները, աշխատավայրում: Գրեթե չկա մի նոյեմբերյանցի, որը չի դիմել Արտավազդ Սահակյանի օգնությանը և ստացել այն: Իսկ նրա տաղանդի ու գործած հրաշքների մասին բոլորը գիտեն: Ի դեպ, նրանք երկուսն ել ակտիվորեն մասնակցել են ղարաբաղյան բոլոր պատերազմների վիրավորների բուժօգնություն ցույց տալու հայրենանվեր ու մարդասիրական գործին: Նրանք երկուսն էլ վատառողջ են, մի քանի վիրահատություն են տարել: Ուրիշներին պարգևելով առողջություն՝ իրենց առողջությունն են կորցրել, որովհետև բարձր պատասխանատվություն ունեն, որովհետև ամեն մի վիրահատվողի հետ դժվարին ապրումներ են տարել ու ֆիզիկական մեծ լարվածություն են ունեցել:
Մեր իրականության համար շատ դիպուկ՝ 19-րդ դարի ավստրիացի գրող, դրամատուրգ Մարիա ֆոն Էբներ-Էշենբախը գրել է. «Ժողովուրդը բժիշկներից ու ուսուցիչներից հրաշքներ է պահանջում, իսկ երբ հրաշքներ տեղի են ունենում, ոչ ոք չի զարմանում դրանից»: Իսկ ամենամեծ երջանկությունը սեփական ժողովրդի սերն ունենալն է, ինչը դուք ունեք սիրելի բժիշկներ, այն էլ անսահման սերը: Իսկ Ձեր հայրենակիցները, ընկերները, մտավորականները, հանրապետության բոլոր առաջադեմ մարդիկ Ձեզ հետ են և Ձեր կողքին: Սա, կարծում եմ, պայքար չէ անհատների դեմ, սա արժեհամակարգերի միջև պայքար է, սա դասակարգային անհեռանկար ու վտանգավոր պայքարի հրահրում է: Սա բոլշեվիզմի մի նոր դրսևորման վտանգավոր փորձ է: Սա պայքար է քանակի ու որակի, սիրո ու ատելության միջև, պայքար արժանապատվության և նվաստացման, գիտության ու տգիտության միջև: Ինչպես Գալիլեո Գալիլեյն է ասել. «Աշխարհում չկա ավելի մեծ ատելություն, քան տգիտության տածած ատելությունը գիտության հանդեպ: Իսկ տգիտությունը զայրույթի, նախանձի, ատելության, ագահության և մնացած բոլոր այլ ցածրագույն արատների, ինչպես նաև մեղքերի մայրն է»:
Պետք է սթափվել, հանրության պառակտումն ու ատելությունը շատ վտանգավոր են և պետության քայքայման ամենակարճ ճանապարհներից մեկը կարող է լինել: Մտավորականները, եկեղեցին, մշակույթի ու կրթության ոլորտի մարդիկ պետք է ամենօրյա հետևողական աշխատանք տանեն մարդկանց հետ, պետք է անհաշտ պայքար մղեն ատելության ու չարության դեմ: Այսպես շարունակվելու դեպքում մենք կարող ենք պարզապես արժեհամակարգային աղետի առաջ կանգնել: «Պետությունը գտնվելով«Զանգվածների մարդու» ձեռքում՝ հսկայական վտանգ է ստեղծում ողջ քաղաքակրթության համար: Զանգվածները հավատում են պետությանը և օգնում են նրան ջախջախել ցանկացած փոքրամասնության կամ էլիտայի: Բայց այս փոքրամասնությունների ստեղծագործական ունակությունն է, որ ստեղծում է նոր նախագծեր՝ դուրս գալով հնացած սովորույթներից». ասել է 20-դարի իսպանացի նշանավոր փիլիսոփա,սոցիոլոգ և հրապարակախոս Խոսե Օրտեգայ Գասեթը:
«Նոյեմբերյան» հայրենակցական միության նախագահ,
տնտեսագիտության թեկնածու Հայկ Ղազարյան
Այս հրաշալի հոդվածը կկարդան, կհավանեն և կկարևորեն մեր ազգի ճակատագրով մտահոգ հատվածի մի փոքրր մասը (ասենք՝ մի քանի հազար ընթերցող): Բայց որպեսզի հոդվածում նշված շատ կարևոր մտքերը կյանքի կոչվեն անհրաժեշտ է ազգի ամբողջ մտավոր շերտի ակտիվությունը: Այս պահին հանրահայտ բժիշկներ Ա. Չարչյանին և Ա. Սահակյանին նախ և առաջ պետք է աջակցեն մեր հանրապետության բազմահազար բժիշկները, (միայն երկու կլինիկայի բժիշկներով սայլը տեղից չի շարժվի), որովհետև խնդիրը անձերով չի պայմանավորված, սա բժիշկ մասնագետների արժանապատվության պայքար պետք է լինի: