2015 թվականին ընդունված Սահմանադրության հեղինակներից մեկը՝ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ շնորհավորանքի խոսքեր չունի։ Ապա նշեց․ «Սահմանադրությունը, այնուամենայնիվ, ոչ միայն իրավական փաստաթուղթ է, այլեւ իրավական փիլիսոփայություն»։
– Ըստ Ձեզ՝ լա՞վն էր այն Սահմանադրությունը, որ ընդունվեց 2015 թվին, Դուք էլ դրա որոշ գլուխների համահեղինակն եք։
– Տեսեք, Սահմանադրությունը լավ կամ վատ ասելով՝ պետք է հասկանալ, թե ինչ նկատի ունես։ Սահմանադրությունը միշտ խթանիչ գործիք է հասարակական հարաբերությունների հետագա զարգացման համար։ Եվ այդ տեսանկյունից, այո, ես կարծում եմ՝ այն լավն էր։ Արդյոք այն անթերի՞ էր։ Չկան իրավական անթերի փաստաթղթեր։ Եվ յուրաքանչյուր նմանատիպ փաստաթուղթ կարող է էլ ավելի բարելավվել, անշուշտ։ Բայց, ընդհանուր առմամբ, ես կարծում եմ՝ ուղղությունը, որ ընտրված էր, ճիշտ է։
– Հիմա այս Սահմանադրությունը, ի վերջո, Սերժ Սարգսյանի՞ համար «կարված» փաստաթուղթ էր, թե՞ Նիկոլ Փաշինյանի, կամ գուցե նվե՞ր էր Փաշինյանին։
Կարդացեք նաև
– Ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը, ո՛չ երրորդը։
– Սահմանադրության միջոցով խորհրդարանական կառավարման մոդելին անցում կատարելը, կարծում եք, Հայաստանի զարգացման տեսանկյունից ճի՞շտ էր։
– Կարծում եմ՝ այն մարտահրավերները, որ առկա էին Հայաստանի առջեւ, այո, այդ տեսանկյունից այն ճիշտ էր։
– Նիկոլ Փաշինյանին 3 տարի է՝ պարտադրում են, որ սահմանադրական փոփոխություններ իրականացնի եւ նորից անցում կատարի կառավարման նախագահական կամ կիսանախագահական մոդելին։ Ի՞նչ եք կարծում՝ պե՞տք է նորից փոփոխել Սահմանադրությունը։
– Ես կարծում եմ, որ ոչ։
– Մենք փաստացի այսօր տեսնում ենք, որ այս Սահմանադրության որ դրույթի վրա մատդ դնում ես, փուչ է դուրս գալիս․ ով ինչպես ցանկանում՝ մեկնաբանում է, քանզի հստակություն չկա։ Հնարավոր չէ՞ր այնպիսի Սահմանադրություն գրել, որը մաքսիմալ հստակ լիներ։
– Ես կարծում եմ՝ Սահմանադրությունն այլասերելու փորձերն ամենեւին կապված չեն Սահմանադրության տեքստի հետ։ Իսկ Սահմանադրությունն արդյոք բավարա՞ր մանրամասն է նկարագրում իրավիճակները, կարծում եմ՝ բավարար մանրամասն է նկարագրում, որովհետեւ Սահմանադրությունը, ի վերջո, հոգեբուժության դասագիրք չէ, որը պետք է կանխատեսի ցանկացած, անգամ ամենաաբսուրդ մեկնաբանությունները։
– Ձեր իշխանության օրոք Սահմանադրությունն այլասերելու կամ այս կամ այն հոդվածն ըստ ճաշակի մեկնաբանելու փորձեր չե՞ն եղել։
– Ցանկություն՝ ըստ ճաշակի մեկնաբանելու, միշտ էլ կարող են լինել, դա է պատճառը, որ Սահմանադրությամբ նախատեսում են մի շարք կարեւոր գործիքներ, որպեսզի դրան հակազդեն։ Այլ խնդիր է, որ մեր երկրի զարգացման այս փուլում, ես կարծում եմ՝ նման փորձերը բազմաթիվ են, եւ շատ ինստիտուտների գործունեությունը դադարում է։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: