«Փաստի» հետ զրույցում սահմանադրագետ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը նախ նկատում է՝ պատահական չէ, որ Տոների և հիշատակների մասին ՀՀ օրենքը Սահմանադրության օրը որպես տոն է նախատեսում:
«Շատ կարևոր է պետության կողմից սահմանադրականության և սահմանադրական մշակույթի կայացմանը նպաստող գործունեության դրսևորումը, բայց հատկապես վերջին երեք տարիներին նշվածին հակառակ պատկերն ենք տեսնում, ականատես ենք լինում, թե ինչպես են արհամարհում Սահմանադրությունը, ինչպես են այն դպրոցական մակարդակի, էժանագին մանիպուլյացիաներով մեկնաբանությունների ենթարկում անգամ ոչ մասնագետները: Ընդ որում, հանրությանն այդ էժանագին մանիպուլյատիվ մեկնաբանությունները հրամցնում են տարբեր քաղաքական նպատակներով»,-մեջբերեց Գոհար Մելոյանը:
«2020 թվականին, իմ գնահատմամբ, տեղի ունեցան հակասահմանադրական, հակաիրավական սահմանադրական փոփոխություններ: Այդ փոփոխությունները տեղի ունեցան զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Նպատակը Սահմանադրական դատարանի՝ օրվա իշխանությանը ոչ հաճո կազմը փոփոխության ենթարկելն էր: Սա արդեն թե՛ մեր սահմանադրականության, թե՛ սահմանադրական մշակույթի տեսանկյունից բավականին խնդրահարույց ու վտանգավոր քայլ էր»,-ասաց Գոհար Մելոյանը՝ ընդգծելով, որ նմանատիպ քայլերը պարբերական բնույթ կրեցին:
Գ. Մելոյանը նշեց. «Այս իշխող ուժի կառավարման օրոք Սահմանադրությունը հնարավորինս պետք է անձեռնմխելի պահել, որովհետև իրենք արդեն հնարավորություն են ունեցել գործնականում ապացուցել, որ որևէ որակյալ փոփոխություն անելու ունակ չեն: Այս առումով հիշեցնեմ՝ երբ իրենք սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով էին նախաձեռնել, գիտնական անդամների մեծամասնությունը լքեց այդ հանձնաժողովի կազմը, ինչը բավականին խոսուն է: Մեծ հաշվով, ըստ իս, այս ուժի կառավարման օրոք Սահմանադրության փոփոխությունների իրականացումը կամ, առավել ևս, նոր Սահմանադրության ընդունումը ամենավերջին քայլերից մեկը պետք է լինի»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։