Լրահոս
Օրվա լրահոսը

Ճշմարտությունը կիմանանք 30 տարի հետո

Հուլիս 06,2021 10:00

Մարդկային կյանքն ու ազատությունը ամենաթանկ, ամենակարեւոր բանն են աշխարհում, որոնց համար կարելի է վճարել ցանկացած գին: Այդ առումով մեր 15 գերիների վերադարձը հայրենիք պետք է անվերապահորեն ողջունել եւ ուրախանալ այդ տղաների ընտանիքների հետ միասին: «Հերոս-ոչ հերոս» քննարկումն էլ առանձնապես իմ սրտով չի. հեշտ է համակարգչի դիմաց նստած նման դատողություններ անել: Իհարկե, տեղի է ունեցել գործարք, եւ այդ բառից պետք չէ վախենալ: Բաքվի դատարանը, բնականաբար, անկախ չէ, եւ կարող էր մեր տղաներին դատապարտել թե՛ 6 ամսով, թե՛ 6 կամ 60 տարով՝ միեւնույն է, դրանք կլինեին ապօրինի վճիռներ: Պայմանավորվածությունը, հավանաբար, այն էր, որ ռազմագերիներին կտան այնպիսի մի ժամկետ, որ նրանք կարողանան վերադառնալ տուն, որի դիմաց ադրբեջանական կողմին կտրամադրվեն Ֆիզուլիի եւ Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները: Քանի որ ես պարտադրված չեմ բոլոր պարագաներում իշխանությունների հասցեին բացասական բաներ գրել, իմ կարծիքը հայտնեմ. ռազմագերիներին արժե՛ր այդ գնով վերադարձնել:

Քննադատության առարկա պետք է լինի ոչ թե այդ գործարքը, այլ՝ մեր զինվորների գերի ընկնելու բուն փաստը: Ո՞վ էր նրանց նոյեմբերի 10-ից հետո ուղարկել Արցախի Խծաբերդ եւ Հին Թաղեր բնակավայրեր, ուղարկելուց հետո ինչո՞ւ ոչ ոք տեր չկանգնեց ո՛չ նրանց, ո՛չ էլ այդ բնակավայրերին, ինչպե՞ս ստացվեց, որ հրադադարից, շփման գիծը ֆիքսելուց հետո այդ բնակավայրերը հայտնվեցին հակառակորդի ձեռքում: Եվ, ի դեպ, ճի՞շտ են արդյոք շրջանառվող այն լուրերը, որ 44- օրյա պատերազմի ընթացքում նույնպես եղել են դեպքեր, երբ զինվորներին հասցրել էին խրամատների մոտ եւ անտերության մատնել:

Իհարկե, իդեալական կլիներ, որ պետությունը լուրջ հեղինակավոր հանձնաժողով ստեղծեր եւ տար այդ բոլոր հարցերի պատասխանը: Բայց իրականությունն իդեալից չափազանց հեռու է: Եթե նոր խորհրդարանում կամ որեւէ այլ տեղ ստեղծվի նման հանձնաժողով, ապա դա կլինի ոչ թե պետության, այլ իշխանության հանձնաժողով, իսկ դրա եզրակացությունը հայտնի է նախապես. ամեն ինչում մեղավոր են Օնիկ Գասպարյանը, Լեւոն Մնացականյանը, Մովսես Հակոբյանը, Վիտալի Բալասանյանը, Սեյրան Օհանյանը, մի քիչ էլ՝ Արման Թաթոյանն ու Մայր աթոռը, այսինքն՝ բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից: Նման եզրահանգման գալու համար ոչ մի հանձնաժողով էլ պետք չէ ստեղծել: Եթե խնդիրը ճշմարտությունն իմանալն է, ապա այս իշխանության ժամանակ այն խնամքով կոծկվելու է, բայց հաջորդ իշխանությունը նույնպես ճշմարտության համար ջանքեր չի թափի ու կառաջնորդվի իր քաղաքական օրակարգով: Իսկ եթե խնդիրն այսօր հասարակական կարծիքի վրա ազդելն է, ապա քաղաքացիների մեծամասնությունն առանց այդ էլ համոզված է, որ դիվանագետներն ու գեներալները «խեղճ Նիկոլին» խաբել են, դավաճանել են եւ պետք է դրա համար պատժվեն: Հավելյալ քարոզչական ջանքեր դրա համար պետք չի թափել:

Իսկ ե՞րբ է պարտության մասին ասվելու ճշմարտությունը: Միայն այն ժամանակ, երբ տարբեր ճամբարների այսօրվա դերակատարները հեռանան ասպարեզից: Իմ հաշվարկներով, 20-30 տարի հետո:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Ինչ 20-30 տարի՝ բոլորս ենք մեղավոր

  2. Լավատես says:

    Շատ հավանական է, որ սա պայմանավորված պատերազմ էր: Երբ պաղեստինցիների պարզունակ հրթիռներից մի քանիսին հաջողվեց ճեղքել Երկաթյա գմբեթը, մի՞թե մեր կանոնավոր բանակը գեթ մեկ գնդակ չկարողացավ ուղարկել մրցակցի դաշտ, անտրամաբանական է: Նույն անտրամաբանությունն էր, երբ տեղի ունեցավ ինը մեկ մեկը, սա ավելի շատ նման է, երբ օրենքով չի կարելի անել՝ հատուկ ֆորս մաժոր են ստեղծում եւ իրենց անօրինականությունը իրականացնում ֆորս մաժորների միջոցով: Սրանք նույն գլոբալ ուժերն են իրագործում, իսկ սուրբ տեղը դատարկ թողնում են այդ գլոբալ ուժերին մրցակից մերոնքական գլոբալ ուժերը: Իսկ մերոնցով մենք ունե՞նք մեր գլոբալ ուժը, թե տանկի դեմ նետ ու աղեղով ենք ուզում կռվել: Նրանք այնքան են համոզված մեր կողմից մրցակից գլոբալ ուժ ստեղծելու անշնորհքության մեջ, որ գործում են բացեիբաց անտրամաբանական ու պարզունակ: Երբ մենք մեր հույսերը կապում ենք հզոր պետությունների հետ, մենք մեղք ենք գործում, այդ գնով ձեռք բերված հաղթանակը Արարչին դեմ է, մենք պետք է ապավինենք մեզ հավասարի հետ համագործակցությանը, հետո միավորվելով մեզ հավասար հավասարների հետ ու մի շունչ ու մի մարմին դառնալով մենք կանցնենք ավելի բարձր քաշային կարգի եւ այստեղ է որ իրավունք ունենք համագործակցել մեզնից յուրաքանչյուրից ավելի հզոր կառույցի հետ: Մենք պետք է ռազմավարական դաշինք կնքենք Վրաստանի հետ, Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆի, Չինաստանի, Հնսկաստանի եւ նման բաներ, նրանց առանձին շրջանների հետ, որոնց հետ մենք կարող ենք մրցակցել եւ ուժով, եւ տնտեսապես եւ քաղաքականապես եւ, համապատասխանաբար, համագործակցել, կազմելով ռազմավարական դաշինք: Մենք պետք է սկզբունքի մարտիկը լինենք եւ միայն դրանով կարող ենք հզորների հետ մրցակցել, հիմա շատ հզորներ սկզբունքայնության տեսակետից դինոզավրից մողեսի են վերածվել, մենք նման սկզբունքային մողեսների հետ սկզբունքորեն ոչ մի գործ չպետք է ունենանք:

  3. Armen says:

    Հիմա էլ հիմնականում գիտենք, թե ով ինչպիսի վարք է դրսևորել պատերազմի ընթացքում, ով ինչպիսի ցանկություններ է ունեցել, ինչու հարավային ճակատը այդքան շուտ կազմալուծվեց, այնպես որ մեր քաղաքացիների այսօրվա պատկերացումներում անաչառ հանձնաժողովի եզրակացությունը շատ բան չի փոխի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031