Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյանը՝ Արտավազդ Սահակյանին. «Հուսով եմ, Դուք ևս կօգնեք մեզ, որ այդ շենքը տրվի Հայ Զինվորին»

Հուլիս 05,2021 19:50

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ դիմում է անվանի վիրաբույժ Արտավազդ Սահակյանին.

Իմ ամբողջ գործունեության ընթացքում եզակի դեպքերից է, որ փորձել եմ լռել և չեմ ուզել Ֆեյսբուքի տիրույթում մանրամասնեմ ու փաստարկված հակադարձեմ մի Մարդու, ում հարգանքով ու պատկառանքով եմ վերաբերվում… Սակայն այլընտրանք չկա․․․

Հարգարժան Արտավազդ Բագրատիչ, քանի որ Դուք եք ընտրել ՖԲ-յան շփման այս ձևաչափը, ապա ստիպված եմ այս ձևաչափով Ձեզ պատասխանել։ Չեմ թաքցնում շփման այս նորարարությունը խորթ է ինձ և, կարծում եմ, առհասարակ բժշկական համայնքին: Հուսամ՝ չի դառնա ավանդույթ։

Առաջինը հերքեմ տարածվող այն սուտ լուրը, թե իբր Աբովյան 58 շենքը օտարվել է։ Եվ այսպես, Աբովյան 58 շենքը չի օտարվել, պետական գույք է, ԵՊԲՀ-ին կցված և պարզապես 15 տարի ժամկետով Հայ Զինվորն իրավունք ունի առանց վարձակալության գումարի բուժվել այդ հասցեում գտնվող շենքում. որպես փաստ կցում եմ Կառավարության որոշումը: Ի դեպ առաջին որոշումը կայացվել է վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք, երկրորդ որոշումը՝ Նիկոլ Փաշինյանի օրոք։Կառավարության որոշումը՝ այստեղ

Կառավարության որոշման բոլոր իրավական կողմերը պահպանված են՝ հարցը քննարկվել է Ռեկտորատում, հաստատվել է Գիտական խորհրդում՝ միաձայն: Ավելին ասեմ՝ որևէ ընթացակարգ չկա, որ կառավարություն դիմելիս պետք է հարցը քննարկվի ստորաբաժանման ղեկավարի հետ, սակայն, հաշվի առնելով Ձեր հեղինակությունը, անգամ այդ չպահանջվող նորմն եմ բազմիցս պահպանել՝ ինչի համար բնավ չեմ զղջում։

Իսկ ինչ վերաբերում է շենքը 15 տարի ժամկետով Հայ Զինվորին անհատույց տրամադրելու կառավարության որոշմանը, ապա կարծում եմ, այո, ճիշտ եք, Արտավազդ Բագրատիչ, որոշումը պետք է վերանայվի և 100 տարով տրվի Հայ Զինվորին, այլ ոչ թե՝ 15: Հուսով եմ Դուք ևս կօգնեք մեզ, որ որ այդ շենքը տրվի Հայ Զինվորին՝ 100 տարվա իրավունքի ուժով, որ երբեք ոչ մի անազնիվ ձեռք չհասնի Հայ Զինվորի արժանապատիվ բուժման նպատակով տրված շենքին։

Շենքի վիճակի մասին խոսեմ փաստերով՝ Աբովյան 58 շենքը՝ համաձայն 11.03.2011 թվականի ԱԻՆ եզրակացության, վթարային է, ենթակա է հիմնովին ու հրատապ հիմնանորոգման։

Բաժանմունքի գործունեության մասին՝ Արտավազդ Սահակյանի հետ բազմիցս քննարկվել է իր անձնակազմին և կլինիկական օրդինատորներին ժամանակավորապես այլ 3 հաստատություններում՝ Հերացի, Միքայելյան և Զինվորի տան վերանորոգված տարածքում ժամանակավորապես տեղակայելու և բնականոն գործունեությունը շարունակելու տարբերակները՝ մինչև վերանորոգման ավարտը, այս մասով ևս դեռ չունենք արձագանք Արտավազդ Սահակյանի կողմից։

Տարակուսած եմ, որ անվանի բժիշկն իր ուղիղ եթերով ելույթներում փորձում է մեկ ասել, որ պատրաստ է այլ տարածք տեղափոխվել, հետո ասում է, որ չի տեղափոխվելու, հետո մեկ այլ լայվում ասում է, որ ինքը միգուցե տեղափոխվի, բայց իր անձնակազմը՝ ոչ։

Քննարկումների մասին՝ հարգելի Արտավազդ Սահակյան, հուսով եմ պարզապես չեք մտաբերում այն բազմաթիվ քննարկումները, որ ունեցել ենք թե՛ առանձին, թե՛ Հայկուհի Մինասյանի հետ՝ ընդհուպ մինչև Ձեր սենյակի պաստառների գույնն ու տեսակն է քննարկվել․․․ չեմ ուզում այլ բան մտածեմ, կարծում եմ՝ պարզապես չեք մտաբերում այդ բազմաթիվ քննարկումները։ Ուզում եմ հավատալ, որ Ձեր հիշողության խնդիրը և Ձեր հեղինակությունը երրորդ կողմի համար չեն դառնա շահարկումների առարկա։

Եվ այսպես,
• վթարային շենքն անհապաղ պետք է վերանորոգվի,
• ստորաբաժանման բնականոն գործունեության համար կտրամադրվեն անհրաժեշտ բոլոր պայմանները,
• վերանորոգումը տևելու է մոտավորապես 5-6 ամիս,
• վերանորոգումից հետո ստորաբաժանումը հնարավորություն է ունենալու նույն հասցեում շարունակել իր գործունեությունը։

Արտավազդ Բագրատիչ, քանի որ ֆեյսբուքյան տիրույթում քննարկման տարբերակն եք ընտրել, ապա այս հարթակում ևս առաջարկում եմ Ձեզ․
• գալ կառուցողական դաշտ,
• չխոչընդոտել վթարային շենքի վերանորոգման աշխատանքներին՝ եղանակային պայմանները բարենպաստ են շինարարության համար,
• քննարկել և համատեղ որոշման գալ՝ բաժանմունքի տեղափոխման հարցի շուրջ,
•  միանալ գործին և միասին հրատապ ավարտին հասցնել Աբովյան 58 շենքի հիմնանորոգումը։

Արտավազդ Բագրատիչ, առողջ եղեք, որ կարողանանք Ձեր գիտելիքներն ու փորձը օգտագործենք՝ ի նպաստ համալսարանական հիվանդանոցների։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031