Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ես ուզում եմ, որ հասկանաք, թե ինչ եք արել»

Հուլիս 05,2021 19:25

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը այսօրվա ասուլիսում հայտարարեց. «Ադրբեջանը շարունակում է ոչ միայն կոպտորեն ոտնահարել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, այլեւ ուղղակի հակադրվում է: Եվ շատ հատկանշական է, որ միջազգային հանրությունը մինչեւ անգամ ողջունում է: Այսինքն, այստեղ կա քաղաքական շահերի եւ այլ պայմանավորվածությունների այնպիսի կծիկ, որը Նիկոլ Փաշինյանի թիմը դարձնում է երանելի թիմ եւ Ալիեւի, եւ Եվրոպայի համար: Որքան գիտենք, այն երանելի է նաեւ Հայաստանում այն խավի համար, որը ընդգծված պրոթուրքական կողմնորոշում ունի»:

Տիկին Ալավերդյանը նաեւ նկատեց. «Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որ մեր հասարակագետները գոնե մեկ անգամ ոչ թե հարցումներով, այլ ընդհանրապես լուրջ ուսումնասիրություն անեն, որ հասկանանք, թե մեր հասարակությունը ինչքանով է փոխվել 1988 թվականից հետո: Սովետական ժամանակներում մեծացած եւ ձեւավորված սերունդը բարձրացրել է ղարաբաղյան շարժում, հետագայում հաղթել է արցախյան պատերազմում, ազատագրել Ադրբեջանին չպատկանող այն բոլոր տարածքները, որոնք կոչվում են յոթ շրջան: Փորձագետներից կամ այն թիմի ջատագովներից որեւէ մեկը, եթե ինձ չի հավատում, թող ցույց տա միջազգային մի որեւէ փաստաթուղթ, որտեղ գրված է, թե բոլորս պարտավոր ենք ճանաչել իրար սովետական շրջանի սահմաններով: Այդպիսի փաստաթուղթ չկա: Ավելին, իրավական առումով այդ շրջանները չեն պատկանում Ադրբեջանին»,-ասաց տիկին Ալավերդյանը եւ հավելեց, որ, այնուամենայնիվ, Հայաստանի առաջին քաղաքական էլիտան 90-ականների սկզբին ժամ առաջ փորձել եւ իրականացրել է Արցախի «բեռից» ազատվելու քայլը: Եվ այն, ինչ հիմա մենք տեսնում ենք, դրա շարունակությունն է:

Նա հիշեցրեց, որ խորհրդային տարիներին հանրապետությունների միջեւ սահմանները՝ որպես այդպիսին, ընկալման առումով ձեւական բնույթ էին կրում, որ 35 դեպք է եղել, որ այս կամ այն տարածքը մի հանրապետությունից տրվել է մյուս հանրապետությանը: Եվ որպես ամենավառ օրինակ բերեց Ղրիմի պատմությունը, որը մինչեւ հիմա Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ վեճի եւ թշնամանքի պատճառ է: «Այն ժամանակ Նիկիտա Խրուշչովը մի ստորագրությամբ պատմական Ռուսաստանի անքակտելի մաս Ղրիմը նվիրեց Ուկրաինային՝ ասելով ի՞նչ տարբերություն, նույն Սովետական Միությունն է»:

Եվ, դիմելով վերջին ընտրություններում իշխող քաղաքական ուժին քվեարկածներին, որոնք մոլորության մեջ են, թե ադրբեջանցիների հետ կարելի է կողք-կողքի հաշտ ու խաղաղ, սիրով եւ համերաշխ ապրել այնպես, իբրեւ ինչպես էր Սովետական Միությունում, մոռանալով՝ Բաքուն, Սումգայիթը, Գանձակը եւ այն 320-ից ավելի բնակավայրերը, որտեղ հայերը հենց այդպես մտածելով էլ ապրում էին, թե ցեղասպանությունը շատ վաղուց է եղել եւ հիմա սրանք ուրիշ են, ասաց. «Չեմ հասկանում, այս 30 տարվա ընթացքում կես միլիոն հայերի ցավը առոչի՞նչ է ձեր համար: Հիմա ձեզ եմ դիմում: Սիրելիներս, նույն Սովետական Միությունը չէ: Դուք ձեր համար պատրաստում եք նոր ցեղասպանություն: Մի կարծեք, որ ձեր արածը զուտ մեկ անձի պաշտամունք է: Դուք այսօր նպաստում եք Ադրբեջանին եւ նրա տեր Թուրքիային մինչեւ 2023 թիվը, որովհետեւ անցած ցեղասպանությունը եղել է 1915-1923 թվականներին, պատրաստելու, իրականացնելու եւ ավարտելու հայերի ցեղասպանությունը: Ես ուզում եմ, որ հասկանաք, թե ինչ եք արել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031