Եվս 15 գերիների վերադարձը հայրենիք ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին մարզպետ, դեսպան Էդգար Ղազարյանը ողջունում է եւ շնորհավորում հատկապես նրանց հարազատներին: Սակայն նա գործընթացի այդպիսի դրսեւորումները գնահատում է որպես պարզ թրաֆիկինգ:
«Նախ, սա երկկողմանի հանցագործություն է, որը փորձ է արվում քողարկել մարդասիրական, մարդկանց ազատություն շնորհելու, զգացմունքային հասարակական տրամադրություններ ստեղծելու ֆոնով: Բայց իրականում տեղի է ունեցել երկու հանցագործություն միաժամանակ:
Առաջինը քրեական օրենսգրքով հստակ նկարագրված պետական դավաճանությունն է: Հուսով եմ, այս հարցազրույցը իրավապահ մարմինները կդիտեն որպես հաղորդում հանցագործության մասին: Հավանաբար, դրանում ներգրավված են նաեւ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որովհետեւ թշնամուն, թշնամական երկրին պաշտոնապես փոխանցվել են պետական հույժ կարեւոր գաղտնիք հանդիսացող ռազմական բնույթի տեղեկություններ: Կոնկրետ ականապատ դաշտերի քարտեզները, որտեղ նշված են, թե քանի ական է տեղադրված, որտեղ է տեղադրված, պետական հույժ գաղտնի տեղեկություն են, եւ դրանք վերցնել ու փոխանցել թշնամուն, ուղղակի քրեական հանցագործություն է:
Հանցագործության երկրորդ կողմը իրականացրել են Ադրբեջանի նախագահը եւ այդ երկրի իշխանությունները, որոնք զբաղվել են մարդավաճառությամբ՝ թրաֆիկինգով: Եթե նրանք սա ներկայացնում են որպես գերիների վերադարձ, ապա պաշտոնական Բաքուն՝ եւ Իլհամ Ալիեւը եւ իրենց ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել են, որ Ադրբեջանում ռազմագերիներ չկան, ռազմագերիների հարցը լուծված է, որ Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին եւ մնացածին հանձնել է: Իսկ ովքեր մնացել են, իրենց տեսակետով հանցագործներ են, որոնք պետք է դատվեն:
Կարդացեք նաև
Եթե ռազմագերիների հարցը լուծված է, բայց դուք հիմա մարդ եք փոխանցում, ուրեմն պետք է հասկանալ՝ ինչի՞ համար: Այսինքն, ըստ ադրբեջանական տեսակետի, խոսքը վերաբերում է ոչ թե ռազմագերուն, այլ կոնկրետ մարդուն: Իսկ կոնկրետ մարդուն կոնկրետ պայմանով, պատճառով հանձնել ինչ-որ մի կողմի, դրա համար ունենալ շահադիտական, շահագրգիռ մոտիվներ, սովորական թրաֆիկինգ է: Նշանակում է մարդավաճառությամբ են զբաղվել»:
Մեր հարցին, թե աշխարհում այլ երկրի հույժ գաղտնի քարտեզներ եւ ընդհանրապես պետական գաղտնիք տրամադրելու որոշում ընդունելու իրավասություն ունեցող որեւէ ատյան, անձ, կամ ինչ-որ կանոնակարգում ու ընթացակարգ գոյություն ունի՞, Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Նման իրավասություն ոչ-ոք չունի եւ չի կարող ունենալ, որովհետեւ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ հրապարակելն առհասարակ մի հանցագործություն է, իսկ թշնամուն փոխանցելը, որը կարող է վնասել մեր պետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, պետության շահերին, դա քրեական օրենսգրքով նկարագրված պետական դավաճանություն է: Դա նույնն է, եթե հարցնեք. պետական դավաճանություն ո՞վ կարող է անել: Պետական դավաճանություն ոչ ոք չի կարող անել: Ով անի, պետք է պատժվի, ով արել է, պետք է պատժվի: Դրա մեխանիզմներ, ընթացակարգեր գոյություն ունենալ չի կարող: Ո՞վ կարող է մարդ սպանել: Ոչ ոք: Անկախ պաշտոնից ու կարգավիճակից: Չես կարող մարդ սպանելու համար բացատրություններ ունենալ: Մարդը վարչապետ է ոչ թե մեր պետության շահերը օտարին, թշնամուն նվիրելու համար, այլ մեր պետությանը եւ ժողովրդին ծառայելու: Եվ եթե իրեն դա չի հաջողվում անձնապես՝ գիտելիքներով, հեղինակությամբ, դիվանագիտական կարողությամբ, ճանապարհը լավագույն դեպքում հրաժարականն է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ