Այսօր Սահմանադրության օրն է, նախկինում մեր հարցազրույցներում դուք ներկայացնում էիք, թե ՀՀ սահմանադրության որ հոդվածներն էին ամենաշատը խախտվում նախկին իշխանությունների օրոք՝ արդար դատաքննության իրավունքը, խոսքի ազատության իրավունքը եւ այլն, իսկ այսօրվա իրականության մեջ սահմանադրական ո՞ր իրավունքներն են ամենաշատը ոտնահարվում ձեր մեկնաբանությամբ: Այս հարցն այսօր ուղղեցինք իրավապաշտպան Արթուր Սաքունցին:
Նա պատասխանեց, որ այս Սահմանադրությունը չի երաշխավորում դատական իշխանության անկախությունը, իշխանությունների տարանջատման, փոխզսպման սկզբունքը, 3-րդ գլխով սահմանված սոցիալական իրավունքների խախտումների դեպքերում ՍԴ դիմելու սահմանափակումներն են առկա. «Այսինքն, ինքնին այս սահմանադրությունը չի երաշխավորում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետությունը, եթե չասենք՝ ընդհանրապես երաշխիքներ չի տալիս: Դրա համար երեւի առաջին հերթին պետք է խոսենք Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին: Հիմա կարող ենք ասել, որ ընտրական ինստիտուտը՝ Սահմանադրությամբ ամրագրված, գործում է: Դա պայմանավորված է զուտ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ: Միեւնույն ժամանակ չենք կարող անտեսել, որ մնացած ինստիտուտները՝ դատական իշխանությունը, իրավապահ համակարգը չբարեփոխված լինելու պատճառով մեզ այնուամենայնիվ զերծ չի պահում ընտրական իրավունքի խախտման դեպքերից: Իհարկե, դրանք ազդեցություն չեն ունեցել վերջին ազատ եւ արդար ընտրությունների արդյունքների վրա, բայց թեկուզ մեկ խախտումն էլ պրոբլեմ է: Խոշտանգումների հետ կապված մենք նաեւ ունենք մտահոգություններ: Ծավալների առումով գուցե այլ հարց է, վատ վերաբերմունքի դեպքեր ոստիկանական բաժիններում մենք արձանագրել ենք: Նույն անպատժելիության դրսեւորումները չունեն, բայց այնուամենայնիվ, կան: Հավաքների ազատության հետ կապված խախտումներ ենք արձանագրել, կյանքի իրավունքի խախտումը զինված ուժերում մեծ թիվ էր՝ նույնիսկ պատերազմի հետեւանքով թիվը հանած»:
Սաքունցի համոզմամբ՝ պետք է իրականացվեն արմատական փոփոխություններ դատական համակարգում, դատախազությունում, ԱԱԾ-ում, ոստիկանությունում, քննչական մարմիններում, որպեսզի սահմանադրական մակարդակով մարդու իրավունքների խախտման ռիսկերը վերանան. «Ծավալի առումով նվազել է, բայց խախտումներ կան»:
Արթուր Սաքունցն ընդգծեց, որ քաղաքական կամք է պետք՝ բոլոր ոլորտներում լրջագույն փոփոխություններ անելու համար. «Իշխանությունը չգնաց այն խախտումների քայլերին, որը մինչեւ 2018-ը մենք տեսել էինք: Ես նկատի ունեմ նույն ընտրակաշառքները, քաղաքացիներին խմբերով իրենց կամքին հակառակ ուղղորդումները, կրիմինալի ներգրավումը: Տարբեր տվյալներ են ասում, բայց քրեակատարողական հիմնարկներում, որը քրեական նորմերից լիարժեք չի ձերբազատված, տեսանք, որ նույնիսկ ՔԿՀ-ներում քվեարկության արդյունքները բոլորովին այլ էին: Այսինքն, իշխանության կողմից քրեական լծակների օգտագործումը իր օգտին քվեարկության համար տեղի չի ունեցել: Նայում ենք 12 ՔԿՀ-ների տվյալները: Բայց ընտրական հանձնաժողովների պատրաստվածության տեսակետից խնդիրներ ունենք ում են առաջադրում ԸԸՀ անդամներ, պատրաստվածության, գրագիտության խնդիրներ կան»:
Կարդացեք նաև
Արթուր Սաքունցն ասաց, որ գիտակցություն է պետք՝ հասկանալու համար, որ Սահմանադրությունը ընդհանուր իրավիճակի փոփոխության առումով բովանդակային եւ որոշիչ ազդեցություն ունի. «Երբ որ ասում էին՝ վեթինգի համար խոչընդոտում է Սահմանադրությունը, դա խոստովանություն էր, որ պետք է փոխվեր Սահմանադրությունը, ինչը չարվեց: Այդ ուղղությամբ ջանքերը, որոնք գործադրվեցին, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, արդյունավետ չէին, ուշացած էին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ