«Ստանիսլավ Զասի հայտարարությունը բխում է ՀԱՊԿ-ի կանոնադրությունից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը`անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությանը, թե Հայաստանի հարավային սահմանին իրավիճակի սրացումը, կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է եւ ՀԱՊԿ-ը չի պատրաստվում միջամտել:
Հիշեցնենք, Սյունիքում, մայիս ամսի սկզբներից իրավիճակը լարվեց`ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչների ներխուժմամբ, մայիսի 12-ից հարցը հանրային հնչեղություն ստացավ եւ պաշտոնական Երեւանը սկսեց խոսել այն մասին, որ 500-600, ապա մոտ 1000 ադրբեջանցի զինվորականներ ներխուժել են ՀՀ տարածք: Ապա ադրբեջանցիները ՀՀ տարածք ներխուժեցին նաեւ Վարդենիսի հատվածում: Սյունիք ներխուժման փաստով Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին`խորհրդատվություն տրամադրելու համար: ՀԱՊԿ-ում ուսումնասիրեցին եւ խորհուրդ տվեցին`հարցը լուծել քաղաքական երկխոսության ճանապարհով:
Սեյրան Օհանյանը մեջբերում է ՀԱՊԿ-ի կանոնադրությունն այն մասին, որ ՀԱՊԿ անդամ պետությունների օպերատիվ արձագանքման ուժերը կամ տարածաշրջանային խմբավորումները կարող են արձագանքել միայն բացահայտ սադրանքի կամ հարձակողական գործողությունների դեպքում. «Որովհետեւ ՀԱՊԿ-ը, մեր տարածաշրջանի համար, ավելի գլոբալ խնդիր է միշտ ունեցել`միջամտել եւ զբաղվել ՀՀ անվտանգության հարցերով, եթե այդպիսի սադրանք կլինի, ասենք Թուրքիայի կողմից: Այս սադրանքները Ադրբեջանի կողմից են»:
Բայց Սեյրան Օհանյանը մի կարեւոր ընդգծում է անում. «ՀԱՊԿ-ը միանշանակ ասում է հետեւյալը`սահմանային միջադեպեր են, իսկ սահմանային միջադեպերի դեպքում յուրաքանչյուր պետություն ինքը պետք է իր պաշտպանությունը կազմակերպի: Այս սահմանային միջադեպերը արդյունք են պատերազմում կրած պարտությունից հետո, Հայաստանի եւ Արցախի նկատմամբ անընդհատ պարտադրողական գործողությունների, ինչ-որ փոքր կտորներ անընդհատ եւ մաս-մաս պոկելու`հետագայում փոխանակման կամ շահարկման համար: Ես քանիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ. ՀԱՊԿ-ին մենք դիմում ենք, որ իրենք գան մեր սահմաննե՞րը պահեն, ՀԱՊԿ-ին դիմում ենք, որ գան մեր փոխարեն, մեր առաջին գծում խրամատնե՞ր փորեն: ՀՀ զինված ուժերի, ԱԱԾ, սահմանապահ զորքերի խնդիրներն են դրանք: Ժամանակին մենք պետք է մեր սահմաններում ռազմավարական կարեւոր կետերից ետ չքաշվեինք, ադրբեջանցիների դիրքերն այդքան մոտիկ չլինեին, որ նրանք էլ հետո կարողանային ուսումնասիրել եւ կարեւոր ուղղություններում`Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում առաջ գային: Սա մեր թույլ տված կոպիտ սխալների արդյունքն է: Մեր սահմանները մենք պետք է պաշտպանենք: Այն երկիրը, որը ի վիճակի չէ ինքնուրույն իր սահմանները պաշտպանել, այդ երկիրը միջազգային հարթակում կշիռ եւ արժանապատվություն չի ունենում»:
Կարդացեք նաև
Միաժամանակ, մեր զրուցակիցը նկատում է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ հաշվի առնելով բարեկամական պետության`նման հոգեբանական վիճակում գտնվելը, ՀԱՊԿ-ը կարող էր իր հայտարարություններով այնպես անել, որ ադրբեջանական կողմը սադրանքների չդիմեր եւ առաջ չգար. «Իհարկե, մեզ համար հասկանալի է, որ ՀԱՊԿ-ը կարող է արձագանքել, երբ բացահայտ մարտական գործողություններ կան, բայց նաեւ, ՀԱՊԿ-ը պարտավոր է իր հայտարարություններով, իր քաղաքական գործողություններով կանխարգելել սադրանքները»:
Հարցին`ՀԱՊԿ-ի կողմից կոշտ եւ Ադրբեջանին սաստող հայտարարությունների բացակայությունը կարելի՞ է վերագրել այն փաստին, որ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարը համարվում է ադրբեջանական լոբբիստ. նա երկար տարիներ աշխատել է այդ պետությունում, լավ հարաբերություններ ունի այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես դա ոչ մի բանի հետ չեմ կապում, որովհետեւ ՀԱՊԿ յուրաքանչյուր գլխավոր քարտուղար պաշտպանում է նախ ՀԱՊԿ ընդհանուր նպատակները, ծրագրերը, ապա նաեւ իր երկրի`Բելառուսի»:
Դիտարկմանը`որ ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ-ին դիմել էին խորհրդատվություն տրամադրելու համար, ուստի, փաստացի, գործուն աջակցություն չէր ակնկալվում. որքանո՞վ է կենսունակ վարկածը, որ այս գործընթացը ՀՀ իշխանության կողմից նպատակ է հետապնդում ՀԱՊԿ-ի հեղինակությանը հարվածել եւ շարունակությունն է դեռ 2018-ից սկսված գործընթացի, երբ Հայաստանի ներկայացուցիչ, նախագահող Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ հարուցվեց`անտեսելով նախատեսված կանոնակարգերը, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ այդ հարցերի պատասխանները պետք է ստանալ ՀՀ իշխանություններից`հիշեցնելով, որ 2018-ից ի վեր ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլ նաեւ երկկողմ հարաբերություններում կարեւոր ռազմավարական գործընկերների եւ տարածաշրջանային դերակատարների, հարեւան երկրների հետ ձախողեցին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պարոն Օհանյան, ՀՀ-ում մի կերպ գլուխ կհանեն, գնացեք Արցախ և այնտեղ զբաղվեք Արցախի խնդիրներով, չմոռանաք ձեր հետ տանել Քոչարյանին, չէ որ նա շաաատ լավ հարաբերություններ կունենա ռուսական ցանկացած ներկայացուցչի հետ: Ձեր մոտ հնարավոր է Արցախին օգտակար ինչ որ բան ստացվի…