Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՄ-ի, Դանիայի, Բելառուսի եւ Չինաստանի դեսպանները՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում ծրագրեր իրականացնելու մասին

Հուլիս 05,2021 16:44

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, թե ԼՂ հակամարտության կարգավորումը նպաստավոր պայմաններ է ստեղծել ներդրողների համար, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Ղարաբաղում։

ԱՄՆ Անկախության տոնի առթիվ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Բայդենին: Ըստ Ադրբեջանի նախագահի՝ ԱՄՆ-ը կարող է լուրջ ներդրում ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործում։ Բացի այդ, նա ամերիկյան ընկերություններին հրավիրել է մասնակցելու ԼՂ-ի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերակառուցմանը:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգը հայտարարել է, թե ամերիկյան ընկերությունները ակտիվորեն ներգրավված են ԼՂ-ի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման գործընթացում: Որոշ ընկերություններ արդեն գործելու համաձայնություն են ստացել։

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) առաքելության ղեկավար Ջեյ Սինգխը նշել է, թե իրենց առաքելությունը կմասնակցի Արցախից Ադրբեջանի գրաված տարածքների վերականգնմանը:

Ադրբեջանում Դանիայի դեսպան Դանի Անանը նշել է, թե Դանիան պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ Ղարաբաղի՝ հատկապես Աղդամի շրջանի գյուղատնտեսության զարգացման հարցում:

Ադրբեջանում ԵՄ դեսպան Կեստուտիս Յանկաուսկասն, անդրադառնալով Ղարաբաղի՝ Ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում ծրագրեր իրականացնելու հարցին, նշել է, թե երբ մուտք ունենան այդ տարածքներ, պատրաստ են աշխատել։

Ադրբեջանում Բելառուսի դեսպան Անդրեյ Ռավկովը նշել է, թե բելառուսական կողմը մասնակցելու է Ղարաբաղի վերականգնմանը, բելառուս մասնագետները պատրաստ են Ադրբեջանում «խելացի» քաղաքներ կառուցել, ինչպես նաև Ղարաբաղում կազմակերպել տրանսպորտի և սարքավորումների մատակարարումը:

Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը և այդ երկրի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը քննարկել են Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերականգնման հարցում չինական ընկերությունների մասնակցության հնարավորությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցներում նշվել է, թե տեղական և օտարերկրյա փորձագետների հետ համագործակցություն է սկսվել Ղարաբաղի տնտեսական ներուժը գնահատելու ուղղությամբ։ Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստել է 2021-2025 թթ․ Ղարաբաղի վերականգնման և կայուն զարգացման պետական ծրագրի նախագիծը:

Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են շրջանառվել, թե Իսրայելի և Մեծ Բրիտանիայի ընկերությունները ցանկանում են միանալ Ղարաբաղում էլեկտրաէներգիայի արտադրման և տարանցման ենթակառուցվածքների կառուցման գործընթացին, և դրանց վերաբերյալ ադրբեջանական կողմին արդեն առաջարկներ են արվել։

Ադրբեջանի Քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեն ներկայացրել է «Հին Ղարաբաղի նորացված պատկերը» մրցութային ծրագիրը, որում ներկայացված է Ղարաբաղի 5 գյուղերի և 1 ավանի զարգացման հայեցակարգը։

Հայկական «Կովկասյան ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) հետազոտական կազմակերպությունը հաստատել է Արցախի Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում հայկական գերեզմանատան ավերման փաստը։

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, թե Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են սկսել Նախիջևան գազատարի անցկացումը: Ըստ Ֆ.Դոնմեզի՝ նախապատրաստական աշխատանքները, ինչպիսիք են երթուղու որոշումը, հետազոտությունը, գույքագրումը, ավարտվել են։

Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինն այդ երկրի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ հանդիպմանը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» ներդրում կունենա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծում:

Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, թե «3+3» համագործակցության պլատֆորմի առաջարկը իրենց կողմից դրական արձագանքի է արժանանում։ Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին իր թվիթերյան էջում նշել է, թե Իրանը կողմ է տարածաշրջանում «3+3» հարթակի ստեղծմանը, որի մաս կկազմեն Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան։

Ղրղզստանի արտգործնախարար Ռուսլան Կազակբաևն Ադրբեջան կատարած այցի ընթացքում առաջարկել է Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջև ձևավորել երկխոսության և համագործակցության նոր հարթակ: Նա ընդգծել է, որ երկխոսությունը կարող է զարգանալ «5+3» ձևաչափով, և Բիշքեկը շահագրգռված է Ադրբեջանի տարածքով տրանսպորտային միջանցքների օգտագործմամբ: Ադրբեջանում Արգենտինայի դեսպան Սերխիո Օսվալդո Պերես Գյունելլան հայտարարել է, թե Ադրբեջանը «պատուհան» է դեպի Կենտրոնական Ասիա:

Բաքվում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մանիգը հայտարարել է, թե Ադրբեջանը կարևոր դեր է խաղում էներգիայի մատակարարումը դիվերսիֆիկացնելու Գերմանիայի քաղաքականության մեջ: Իսկ Հունգարիայի ԱԺ նախագահ Լասլո Կյովերը հայտարարել է, թե Հունգարիայի համար Հարավային գազային միջանցքին միանալը առաջնային խնդիր է, իրենք ադրբեջանական գազը կստանան 2023 թ-ին։

Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին

Շաբաթվա ընթացքում Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է հայազգի 14 ռազմագերիների դեմ քրեական գործի դատավարությունը: Ռազմագերիները դատապարտվել են 6 ամսից մինչև 4 տարի ազատազրկման: Բոլորը դատապարտվել են «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատման» համար:

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍSՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 43-րդ նիստում Հայաստանից պահանջել է տրամադրել ականադաշտերի քարտեզները։

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, թե անհրաժեշտ է հորդորել Բայդենի վարչակազմին ձեռնարկելու բոլոր հնարավոր քայլերը՝ Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու և հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ: Ըստ նրա՝ ԱՄՆ վարչակազմը պետք է հրաժարվի Ալիևի ռեժիմին օգնություն տրամադրելուց։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հուլիսի 3-ին հայտարարություն է տարածել, որում նշվել է, թե ՌԴ-ի նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) ականապատ դաշտերի քարտեզներ, փոխարենը Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնում 15 ռազմագերիների։

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների վերադարձը Հայաստանին և ՀՀ-ի կողմից Բաքվին ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը։

Այլ թեմաներ

Հուլիսի 1-ից Ադրբեջանի սակագնային խորհրդի որոշմամբ՝ բնական գազն ու էլեկտրաէներգիան թանկանում են։ «Ազերգազի» գլխավոր տնօրեն Ռուսլան Ալիևի խոսքով՝ գազի նոր սակագները նպաստելու են Ադրբեջանում ջեռուցման ցանցերի հետագա զարգացմանը։

Սակագնային խորհրդի այս որոշումները բուռն քննարկումներ են առաջացրել սոցցանցերի ադրբեջանական տիրույթում։ Տնտեսագետները կարծում են, որ բնական գազի գնի բարձրացումն էլ ավելի կբարդացնի Ադրբեջանում մարդկանց սոցիալական դրությունը։

Ուշագրավ է, որ թանկացումները տեղի են ունենում այն ֆոնին, երբ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) իջեցրել է Ադրբեջանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ 2021 թ-ի համար`2%, իսկ 2022թ-ի՝ 2․5% -ի:

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031