Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Առանց ինձ աշխատանքից ազատելու, ուրիշ մարդու նշանակել են ՍԴ աշխատակազմի ղեկավար եւ Արման Դիլանյանը ինձ պաշտոնից ազատելու կարգադրություն չի ստորագրել»

Հուլիս 05,2021 15:45

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իրեն ապօրինաբար աշխատանքից ազատելու հիմքով դիմել է վարչական դատարան, սակայն դատավոր Արթուր Ավագյանը հայցը մերժել է: Մեկնաբանելով դատավորի որոշումը՝պարոն Ղազարյանն ասաց. «Դատարանը մեր հայցը երկարատեւ դատաքննությունից հետո մերժել է, սակայն մերժման տեքստում որեւէ հիմնավորում չկա, թե ինչու է կայացվել այդ որոշումը: Եթե դատարանը որեւէ իրավական ակտի հղում աներ, ապա ստիպված կլիներ բավարարել հայցը: Որովհետեւ փաստն այն է, որ իմ անմիջական ղեկավար Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գոյություն չունի ոչ մի որոշում, գոյություն չունի որոշում՝ Արման Դիլանյանի Սահմանադրական դատարանի նախագահ դառնալու վերաբերյալ, գոյություն չունի ինձ ազատելու որոշում: Պարզապես, առանց ինձ աշխատանքից ազատելու՝ ուրիշ մարդու նշանակել են Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար: Արման Դիլանյանը ինձ պաշտոնից ազատելու կարգադրություն չի ստորագրել: Ես նույնիսկ անհանգիստ եմ, որ մի օր ինձ կարող են մեղադրել, թե մինչեւ հիմա ինչի՞ չեմ գնում իմ պաշտոնեական պարտականությունները կատարելու, որովհետեւ ըստ էության՝ ոչ իմ ղեկավարն է փոխվել, ոչ էլ ինձ են ազատել:

Կրկնում եմ՝ դատարանը ոչ մի հիմնավորում չի բերել, բայց մի հանգամանք կա: Արմեն Դիլանյանը մինչեւ Սահմանադրական դատարանի դատավոր դառնալը վարչական դատարանի դատավոր է եղել: Գործը քննող դատավորը խոստովանեց, որ իրենք անձնապես մտերիմ ընկերներ են: Ու չնայած հավաստիացրեց, որ դա չի ազդի արդարադատության վրա, բայց նրա վճիռը ցույց տվեց, որ ազդել է հենց այդ գործոնը, որովհետև, ըստ էության, ոչ մի իրավական հանգամանք դատարանը չի քննարկել եւ հաշվի չի առել: Ես վստահ եմ, որ վաղ թե ուշ անպայման հաղթելու եմ: Առաջիկայում վճիռը կբողոքարկեմ սկզբում վերաքննիչ վարչական դատարան եւ հուսով եմ, որ հենց այդ ատյանում էլ դատաքննությունը կավարտվի: Իսկ եթե ոչ՝ բոլոր ատյաններ, մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու եմ: Ընդ որում, ՄԻԵԴ-ում արդեն կա նաեւ իմ գործի հանգամանքների հետ պայմանավորված դիմում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ մյուս դատավորների դիմումը ապօրինի կերպով իրենց լիազորությունները դադարեցնելու առնչությամբ: Ըստ էության, իմ հետ կապված որոշման հիմքում էլ այդ գործընթացներն են: Եթե չլինեին այդ հակասահմանադրական որոշումներն ու փոփոխությունները, ապա չէր լինի նաեւ ստեղծված այս իրավիճակը»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց հետո դատավորների մեջ որոշակի վախ, կաշկանդվածություն առաջանա եւ նրանք իրենց որոշումները արդեն համապատասխանեցնեն կոնկրետ անձի կամ իշխանության ճաշակին, Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Դատական համակարգում կան հարյուրավոր դատավորներ եւ բոլորին ընդհանրական գնահատական տալ, բնականաբար, չի կարելի: Կան սկզբունքային, անաչառ, իրենց կոչմանը, առաքելությանը համապատասխանող հարգանքի արժանի դատավորներ: Բայց, այո, կան նաեւ դատավորներ, որոնք ենթարկվում են քաղաքական փոփոխություններին, քամիներին: Կոնկրետ իմ դեպքի հետ կապված, դատաքննությունը վաղուց էր ավարտված, բայց վճռի հրապարակումը թողնված էր հուլիսի 1-ին: Այսինքն, ընտրություններից հետո: Հնարավոր է նաեւ, որ ԿԸՀ որոշումն էլ է ազդել վճռի վրա: Եվ գուցե, դատարանը մտածված կերպով է վճռի հրապարակումը թողել ընտրություններից հետո»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031