Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«300000 մարդ մերժեց, բայց հարյուր հազարավոր կեղծիքներ էլ եղան». Ռազմիկ Դավոյանն` ընտրությունների մասին

Հուլիս 05,2021 15:17

«Թե ինչ ընտրախախտումներ են եղել, իրավաբանները փայլուն մեկնաբանություններ ունեն, հավաքել են բոլոր փաստերը… Թե ինչ հետեւանքներ կունենա այդ ամենը, քանի որ դիմել են ՍԴ, ես դեռ չգիտեմ: Կարծում եմ` նրանք ձեռքից բաց չեն թողնի այն կարեւոր հանգամանքները, որ կապված են ընտրախախտումների հետ»,- «Հայելի» ակումբում նշեց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:

Հավելեց, որ հպարտությամբ է հիշում մի քանի անուններ, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ղեկավար Ռուբեն Սահակյանին, ՍԴ նախագահին, որ ասել էր, թե արդարադատության սահմանապահն է:

«Ինչպես սահմաններից հեռացրին մեր սահմանապահ գեներալներին, զինվորներին, բոլոր զորավոր անհատներին, այդպես էլ հեռացրին արդարադատության սահմանապահներին…Ժողովուրդն ասում է` հասկացողին մին ասա, չհասկացողին հազար ու մին, բայց այս պարագայում անհասկացողին միլիոն ու մին է: Կարծում եմ, որ ընտրությունների գլխավոր ձեռքբերումը երկու դաշինքների`«Պատիվ ունեմ» եւ «Հայաստան», քվեներ շահելն է ու խորհրդարան մտնելը: Ես ամբողջությամբ կիսում եմ իմ բանաստեղծ եղբայր Խաչիկ Մանուկյանի տված գնահատականները իրավիճակի վերաբերյալ, Ալվարդ Պետրոսյանի տված գնահատականները: Լավ կլիներ, որ դրանք ներգործություն ունենային իրավիճակի վրա դույզն-ինչ չափով, բայց դժբախտաբար նույն վիճակը շարունակվում է»,-ասաց Ռազմիկ Դավոյանը:

«Ճիշտ է, 300000 մարդ մերժեց, բայց հարյուր հազարավոր կեղծիքներ էլ եղան»,-ընդգծեց նա: Ապա հավելեց. «Այս ընտրությունները մի կարեւոր հանգամանք բացահայտեցին ինձ համար` մեր երկրորդ եւ երրորդ նախագահները սկսեցին խոսել ժողովրդի հետ: Ես ժամանակին էլ ասել եմ, որ իրենք պետք է ժողովրդի հետ խոսեն..»:

Նա մի հուշ պատմելով զուգահեռներ տարավ. «Համո Սահյանը մի անգամ ինձ ասաց` պատկերացնո՞ւմ ես Շեքսպիրի «Համլետը տրվեր մեր տասներորդական գրոց-բրոցներից մեկին, ի՞նչ կստացվեր դրանից…Պարզ էր, որ պետք է ստացվեր կամ աղբ, կամ քաոս…. Ասաց` ով ինչ մտահղացում ունի, նա պիտի իրագործի:

Հիմա Սերժ Սարգսյանը պետք է բացատրեր, թե ինչ մտահղացում ուներ… Ինձ նման մեկը կարող էր գլխի ընկնել այդ մասին, որովհետեւ գիտեմ նրա ձեռքբերումները ցեղասպանության ասպարեզում, գիտեմ, թե ինչպես Վատիկանում Հռոմի պապի պատարագում այնպես էլ նրա ներկայությամբ Ծիծեռնակաբերդում մեծ տերությունների ղեկավարների ներկայությամբ հրաշք հռչակագիր եղավ: Հայաստանը հռչակվեց ահաբեկչությունների դեմ պայքարող երկրների դրոշակակիրը…Սրանից հետո ինչպե՞ս կարող էր ինքը մի գաղափար ունենալ, որ էդ գաղափարը չիրագործել: Պետք էր հավատալ եւ թույլ տալ, որ էդ գաղափարն իրագործվի, բայց ժողովրդի չհասկացողության «միջանցք» առաջացավ, Սերժ Սարգսյանին մեղադրեցին որպես վարչապետ իշխանությունը պահելու համար: Հետո այդ միջանցքում սկսեց այդ շարժումը, որը երազանք էր 90-ականների բոլոր նրանց համար, որոնք ստեղծեցին այն կարգախոսը, թե քանի Ղարաբաղը կա, դուք լավ չեք ապրելու… »:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031