Արմեն Սարգսյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Սահմանադրության օրն է:
Յուրաքանչյուր ժողովուրդ իր կյանքը, պետականությունը կառուցում է իր սեփական արժեհամակարգի հիման վրա: Հնուց ի վեր մեր ժողովուրդը դավանել է երկու հիմնական կարևոր արժեք՝ ազատությունը և արդարությունը: Դրանց վրա են խարսխված եղել տարբեր ժամանակներում ընդունված մեր բոլոր սահմանադրությունները:
Կարդացեք նաև
Այդ արժեքներն ուղղակիորեն արտացոլված են գործող Սահմանադրության անփոփոխելի հոդվածներում.
«Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է…
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին…
Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է…»:
Վերոնշյալ սկզբունք-կարգավորումներից բացի, Սահմանադրությունը ոչ թե ստատիկ, այլ՝ դինամիկ փաստաթուղթ է: Այն պետք է համապատասխանի օրվա մարտահրավերներին և ուղղված լինի վերոնշյալ անփոփոխելի դրույթներով ամրագրված սկզբունքների իրագործմանը:
Յուրաքանչյուրիս պարտքն է հարգել Սահմանադրությունը՝ անհրաժեշտության դեպքում բարելավելով և կատարելագործելով այն:
Մեր պետականության պատմության ընթացքում ընդունված յուրաքանչյուր սահմանադրություն նշանավորել է մի նոր էջ մեր պետության կյանքում:
Այսօր մենք ապրում ենք բարդ ժամանակներում: Ստանդարտ լուծումներին զուգահեռ՝ անհրաժեշտություն կա նաև ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկել՝ հաղթահարելու առկա բազմաշերտ և բազմաբաղադրիչ ճգնաժամը:
Այսօր կարիք ունենք նախապատրաստելու անհրաժեշտ հիմք մեր պետության կյանքում նոր էջ բացելու համար: Վերջին երեք տարիներն ավելի ակնհայտ դարձրեցին, որ գործող Սահմանադրության առանձին դրույթներ չեն նախատեսում լավագույն լուծումները մեր երկրի ու հասարակության առաջ ծառացած բոլոր մարտահրավերներին և ճգնաժամերին արագ, լիարժեք ու հավասարակշռված արձագանքելու համար:
Հետևաբար, գիտակցելով Սահմանադրության, որպես ամբողջական փաստաթղթի կենսական կարևորությունը յուրաքանչյուրիս և ողջ երկրի համար, անհրաժեշտություն կա կատարելագործել այն, դարձնել երկրի ապագային միտված, մեր պետական և ազգային շահերից բխող առաջնահերթություններին առավել համահունչ՝ միաժամանակ, անվերապահորեն հավատարիմ մնալով Սահմանադրության անփոփոխելի հոդվածներով ամրագրված սկզբունքներին:
Ի վերջո, Սահմանադրությունը պետք է ոչ միայն հռչակի այդ հիմնարար սկզբունքները, այլև ունենա դրանք պաշտպանելու և կյանքի կոչելու բավարար գործուն կառուցակարգեր:
Աշխատանքը մեր պետականության ամրապնդման ուղղությամբ պետք է լինի շարունակական: Իսկ այսօր առավել ևս պետք է լինենք միասնական, կարգապահ ու աշխատասեր, զինվենք դժվարությունները հաղթահարելու համառությամբ, Հայրենիքի հանդեպ սիրով ու լավատեսությամբ:
Պետք է անենք առավելագույնը պետականության պահպանման, մեր ազգային ինքնության վերաիմաստավորման, ազգային գաղափարախոսության սահմանման և հաջորդ սերունդներին արժանապատիվ ապագա ապահովելու համար:
Մայր Օրենքի հանդեպ հարգանքը, դրանով մեր իրավունքներին տեր լինելը և, միաժամանակ, մեր պարտականությունները կատարելն այդ գործընթացների անբաժանելի մասն են:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ