Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը Թուրքիայի թաթիկը բռնել, բերել նստեցրել է Ադրբեջանում, ասելով`«Բարով կառավարես»

Հուլիս 05,2021 14:00

«Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների պաշտոնապես հռչակված արդյունքներն Արցախի ճակատագրի որոշման համար անբարենպաստ քաղաքական մթնոլորտը խորացրեցին». «Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

– ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը եւս ճանաչեց Արցախի անկախությունը: Այն 10-րդն է թվով: Իհարկե, հստակ չէ, թե ի՞նչ սահմաններում է ճանաչումը`նախկին ԼՂԻ՞Մ, թե՞ ներկայիս: Ամեն դեպքում, աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների ֆոնին ի՞նչ հնարավորություն է սա Հայաստանի եւ Արցախից մնացած հատվածի համար, ունի՞ Հայաստանի եւ Արցախի ներկայիս իշխանությունն այն իրագործելու կարողություն:

– Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այս կերպ ճանաչվում է երկրի ինքնիշխանությունը, մինչդեռ սահմանների հետ կապված հարցերը ճշտվում են սահմանակից երկրների հետ անմիջականորեն: Այդուհանդերձ, երկրի ինքնիշխանության ճանաչումը նաեւ նշանակում է, որ ճանաչվում է նաեւ տվյալ երկրի՝ սեփական տարածքի սահմանները որոշելու իրավասությունը: Այսինքն, այս դեպքում, երկիրը՝ Արցախի Հանրապետությունը ճանաչվել է իր իսկ կողմից նախքան 44-օրյա պատերազմը հռչակված սահմաններում: Ինչ վերաբերում է այս ճանաչումից բխող հնարավորություններին, ապա դրանք կոնկրետ արդյունքի վերածելու համար պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտը պետք է կարողանան համապատասխան իրավա-քաղաքական պլատֆորմ մշակել եւ այն կյանքի կոչելու համար անհրաժեշտ գործողությունների ծրագիրը պատրաստել: Որքան հասկանում եմ, այդ ուղղությամբ առայժմ որեւէ լուրջ քայլ դեռ չի արվել:

– Հետպատերազմյան շրջանում անընդհատ խոսվում է Մինսկի խմբի դերի, այդ շրջանակում հարցի հետագա կարգավորման մասին, սակայն գործնական քայլեր առայժմ տեսանելի չեն: Ի՞նչ կարող է կամ ի՞նչ պետք է անի Մինսկի խումբն այժմ:

– Մինսկի խմբի ակտիվացում, հավանաբար, կարելի է սպասել աշնանը՝ Հայաստանում դեռեւս շարունակվում են հետընտրական դատական գործընթացները, կառավարությունը ձեւավորված չէ ու դեռեւս որոշ ժամանակ է պահանջվելու, որպեսզի պետական կառույցների աշխատանքը մտնի հունի մեջ:

– 44-օրյա պատերազմից հետո ակնհայտ է, որ Թուրքիայի դերը տարածաշրջանում մեծացավ: Ակնհայտ է, որ թուրքական ախորժակն այս առումով փակված չէ, դրա ապացույցներից մեկն էլ, թերեւս Շուշիում Ադրբեջանի հետ ստորագրված ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագիրն է, բայց մի տեսակ տարօրինակ է, որ ՌԴ-ն կարծես հանգիստ է վերաբերվում տարածաշրջանում թուրքական գործոնի ուժեղացման փաստին: Ի՞նչ զարգացումներ են ընթանում տարածաշրջանում, որտե՞ղ է դրանցում Հայաստանը:

– Կարելի է ասել, որ Ռուսաստանն ինքն է հոժարակամ Թուրքիայի թաթիկը բռնել ու բերել նստեցրել Ադրբեջանում, ասելով. «Բարով կառավարես»: Եթե հաշվի առնենք այն, թե ինչ կոշտ արտահայտություններով է փորձում Մոսկվան սանձել ՆԱՏՕ-ի ակտիվությունն իր եվրոպական սահմանների մոտ եւ այդ պահվածքը համեմատենք այն քաղցրիկ բարեհաճության հետ, որով աչքի է ընկնում ՌԴ վերաբերմունքն իր հարավային սահմանագլխին ՆԱՏՕ-ի անդամ պետության ռազմակայան հիմնելու կապակցությամբ, ապա ինքնին այն տպավորությունն է ստեղծվում, որ Մոսկվայի համար ՌԴ արեւմտյան ու հարավային սահմանները նույն արժեքը չունեն: Մեզ համար կարեւոր է հասկանալ թե այդ տարբերության հիմքում ի՞նչ է ընկած:

– Հայաստանում կայացած ընտրություններից հետո կրկին ակտիվացել են եւ ավելի վստահ տոներով են հնչում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հաշտության-խաղաղության մեծ համաձայնագիր ստորագրելու մասին խոսակցությունները: Հայաստանի տեսանկյունից հիմա՞ է նման փաստաթղթի ստորագրման ճիշտ պահը, մանավանդ, որ Ադրբեջանական զորքը կարծես արդեն բավական կոմֆորտ է իրեն զգում մեր երկրում, իսկ ՌԴ-ն, եւս երկու ռազմաբազա է տեղակայում մեր տարածքում: Ի՞նչ սահմաններում մենք պետք է պատկերացնենք Հայաստանի տարածքը: Նման համաձայնագրի ստորագրումը արդյոք ենթադրում է Արցախն Ադրբեջանի կազմում կամ հրաժարում Շուշիից եւ Հադրութից:

– Հարցն այն է, թե Հայաստանն իրեն ի՞նչ սահմաններում է տեսնում: Եթե խորհրդային սահմաններում, ապա Արցախը Հայաստանի մաս չի դիտարկվի եւ կմնա որպես Ադրբեջանի ներքին խնդիր: Մենք կարող ենք այդ դեպքում միաժամանակ երկու ակտ իրականացնել՝ նախ ճանաչել ՀՀ խորհրդային սահմանները, ապա Արցախի անկախությունը՝ վերջինիս կողմից հռչակված սահմաններում, կամ էլ Արցախի սահմանների ճշգրտումը թողնել Բաքվի ու Ստեփանակերտի համատեղ որոշմանը: Կարող են լինել նաեւ այլ տարբերակներ:

– Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քանիցս հայտարարել է բանակցային եղանակով Շուշին եւ Հադրութը վերադարձնելու հնարավորության մասին. իրատեսական համարո՞ւմ եք դա:

– Ես չեմ կարող ասել, թե ի՞նչ փաստարկների վրա է հիմնված ՀՀ երկրորդ նախագահի այդ պնդումը, սակայն սկզբունքորեն այն անիրագործելի չեմ համարում:

– Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը օրերս մի ուշագրավ հայտարարություն արեց`ասելով, որ «Զանգեզուրի միջանցքը» 30 տարի հետո կկապի Նախիջեւանը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ. մինչ այժմ, ադրբեջանցի եւ թուրք պաշտոնյաները խոսում էին ավելի սեղմ ժամկետների մասին, ինչ-որ բանե՞ր են փոխվել թուրքական նկրտումներում:

– Կարծում եմ, որ ժամկետների այսօրինակ փոփոխությունն ընդամենը ցույց է տալիս, որ այս պահին ադրբեջանական կողմն այս խնդիրը լուծելի չի համարում եւ հետաձգման միջոցով՝ մարտավարական նկատառումներից ելնելով, այդ լուծման հրատապության կարեւորությունն է նսեմացնում: Իսկ երեսուն տարի հետո ամբողջ Եվրասիան կարող է միանգամայն այլ տեսք ունենալ եւ Ադրբեջանի համար Նախիջեւանի հետ որեւէ կապ ունենալու հարցն էլ այլեւս օրակարգային գուցե չլինի:

– Հայաստանում ներքաղաքական լարվածությունը թոթափելու տարբերակ էր դիտարկվում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, սակայն, դրանք իշխանության առումով ոչինչ չփոխեցին, միայն ընդդիմությունը փոխվեց, որն էլ խոստանում է առավել ռադիկալ լինել: Ըստ էության, ներքաղաքական ճգնաժամն այս ընտրություններով չհաղթահարվեց. ի՞նչ սպասել:

– Ցավոք սրտի, իմ կարծիքով, Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների պաշտոնապես հռչակված արդյունքներն Արցախի ճակատագրի որոշման համար անբարենպաստ քաղաքական մթնոլորտը խորացրեցին:

– Արցախում ներքաղաքական լարվածությունը նույնպես չի թուլանում, ժամանակ առ ժամանակ տարբեր դրսեւորումներ են լինելում: Վերջերս էլ ցույցեր էին`Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Ինչպե՞ս թոթափել ներքաղաքական իրավիճակն Արցախում` միաժամանակ թույլ չտալով արկածախնդրություններ:

– Այն կարծիքին եմ, որ առայժմ Արցախում կշարունակվի քաղաքական անորոշության փուլը: Լավ կլիներ, եթե այնտեղ նոր, երիտասարդ քաղաքական գործիչները կարողանային ինքնադրսեւորվել ու շահեին քաղաքացիների վստահությունն ու աջակցությունը: Բայց դրանք պետք է լինեն մարդիկ, որոնք նաեւ ռազմի դաշտում են իրենց գործնականում դրսեւորել: Արցախն այլեւս չպետք է լինի խաղաղ պայմաններում բյուրոկրատ-չինովնիկ մակաբույծների մեծամիտ գերակայության գոտի: Այնտեղ կառավարիչը պետք է իր մեջ միավորի ռազմիկ-հրամանատարի եւ բանիմաց տնտեսվար-կառավարիչի որակները: Ամեն դեպքում, ժամանակ է անհրաժեշտ լինելու` կատարվածը վերաիմաստավորելու եւ նոր օգտակար ու կիրառելի մոտեցումներ մշակելու համար:

Զրույցը`

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
03.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031