Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Դատախազությունը զինծառայության հետ չկապված դեպքերի մասին սկսել է հայտնել 2018թ.-ին

Հուլիս 05,2021 13:30

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր պաշտոնական կայքէջում ներկայացրել է 2010-2020 թթ. ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում զինծառայողների մահացության դեպքերով հարուցված քրեական գործերի ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ ուսումնասիրություն։ Իրավապաշտպան կազմակերպությունը տեղեկացնում է, որ տվյալները հավաքագրել է պաշտոնական կառույցներին ուղղված տեղեկատվության հարցումների պատասխաններից, պաշտոնական աղբյուրների կայքէջերով հրապարակված հաղորդագրություններից, պաշտոնատար անձանց սոցիալական կայքէջերում տեղ գտած գրառումներից, ինչպես նաեւ լրատվամիջոցներով տարածված տեղեկություններից։

Համաձայն ուսումնասիրության՝ 2010-2020 թթ. ընթացքում, ըստ վերոնշյալ տարբեր աղբյուրների, գրանցվել է 743 զինծառայողի մահվան ելքով դեպք։

ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրամադրված տվյալներով այդ թիվը կազմում է 681, ընդ որում՝ նշված դեպքերից առնվազն 115-ը ՀՀ գլխավոր դատախազության կողմից համարվել են ծառայության հետ չկապված։ Նշված հանգամանքը, երբ հայտնի չէ ամբողջական տվյալ զինվորական ծառայության հետ չկապված մահվան դեպքերի վերաբերյալ, պայմանավորված է նրանով, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշված դասակարգումը սկսել է կիրառվել 2017թ.-ից։ Ըստ ՀՔԱՎ-ի դիտարկման, եթե 2010-2017 թթ. ՀՀ գլխավոր դատախազությունը զինված ուժերում մահացության դեպքերի մասին տվյալներ հրապարակելիս հայտնել է միայն ծառայության հետ կապված դեպքերը, ապա 2018 – 2019 թթ. ՀՀ գլխավոր դատախազության կայքէջում հրապարակվել են տվյալներ «զինվորական ծառայության հետ չկապված» դասակարգմամբ մահացության դեպքերի մասին։ ՀՀ գլխավոր դատախազությունը ծառայության հետ չկապված դեպքերի մասին սկսել է հայտնել 2018թ.-ին, երբ հաստատել է լրատվամիջոցների կողմից որոշ մահացության դեպքերի մասին տարածված տեղեկությունները:

Արդյունքում 2018թ.-ին, բացի ՀՀ ԱԺ-ին ներկայացվող ամենամյա հաղորդումներից, ՀՀ գլխավոր դատախազությունը առանձին տեղեկատվություն է տարածել նաեւ 2017 եւ 2018 թվականներին ծառայության հետ չկապված մահվան դեպքերի թվի մասին։ Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարությանը, ապա նշենք, որ վերջինս գրեթե չի հրապարակում տարեկան ամփոփ տվյալներ զինված ուժերում զինծառայողների մահացության դեպքերի վերաբերյալ։

Փորձեմ ներկայացնել ուսումնասիրության 2018-ից հետո ժամանակահատվածը, բաց թողնելով 2010-2017 թթ. վիճակագրությունն ու իրավապաշտպան կազմակերպության դիտարկումները:

Զինծառայողների մահվան ելքով միջադեպերի թվի եւ դրանցով հարուցված ու մերժված քրեական գործերի թվի հարաբերակցության պատկերն այսպիսին է. 2018 թվականի 29 միջադեպերից քրեական գործ է հարուցվել 17-ի փաստով (59%-ով), քրեական գործի հարուցումը մերժվել է 12 դեպքում (41%): 2019 թվականի 27 միջադեպերից քրեական գործ է հարուցվել 17-ի փաստով (74%-ով), քրեական գործի հարուցումը մերժվել է 10 դեպքում (26%): 2020 թվականի 70 միջադեպերից քրեական գործ է հարուցվել 61-ի փաստով (87%-ով), քրեական գործի հարուցումը մերժվել է 9 դեպքում (13%)։

Ըստ ՀՔԱՎ-ի՝ 2019 թվականին արձանագրված մահվան դեպքերով հարուցված քրեական գործերից միայն հինգն է ուղարկվել դատարան եւ այժմ գտնվում է դատաքննության փուլում, իսկ 2020 թվականին արձանագրված մահվան դեպքերով հարուցված քրեական գործերի թվում դատարան ուղարկված գործեր չկան։

Վկայակոչված ՀՀ գլխավոր դատախազության տվյալների համաձայն՝ 2018 թ.-ին ծառայության հետ կապված մահացության 38 դեպքերով հարուցվել է 17 քրեական գործ, որից 10 վարույթները կասեցվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի («բացակայում է հանցագործության դեպքը»), 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի («գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է քրեական գործով հետագա վարույթին»), 2 գործ գտնվում է նախաքննության փուլում, 3 գործ գտնվում է դատաքննության փուլում՝ ընդհանուր իրավասության դատարանում։ 2 գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ, ամբաստանյալները դատապարտվել են ազատազրկման՝ տարբեր ժամկետներով։ ՀՀ գլխավոր դատախազության տվյալների համաձայն՝ 2019 թ.-ին ծառայության հետ կապված մահացության 20 դեպքերով հարուցվել է 20 քրեական գործ, որից՝ 4 գործի վարույթները կասեցվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի («գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է քրեական գործով հետագա վարույթին»), 6 գործ գտնվում է նախաքննության փուլում, 5 գործ գտնվում է դատաքննության փուլում՝ ընդհանուր իրավասության դատարանում, 5 գործի ընթացքի մասին չի տեղեկացվել:

Իսկ 2020 թ.-ին ծառայության հետ կապված մահացության 55 դեպքերով հարուցվել է 53 քրեական գործ, որից 1 գործով վարույթը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի («գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է քրեական գործով հետագա վարույթին»), 4-ով որոշումներ են կայացվել վարույթները կարճելու մասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բացակայում է հանցագործության դեպքը»), 48 գործ գտնվում է նախաքննության փուլում: 1 գործով նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին («բացակայում է հանցագործության դեպքը») կետի հիմքով, 1 գործով հայտնի չէ քննության ընթացքի մասին:

Դատարան ուղարկված եւ դատաքննության փուլում վարույթը կարճված 6 գործերից 2-ի վարույթը կարճվել է վաղեմության ժամկետն անցնելու պատճառով (2012 եւ 2016 թվականների մահվան դեպքեր): Ի դեպ, նշված գործերից մեկով (2012 թ. մահվան դեպք) ներգրավված են եղել 3 մեղադրյալ, որոնցից 2-ն արդարացվել են, իսկ մեկի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, եւ ըստ այդմ՝ քրեական գործի վարույթը կարճվել է` 2020 թվականին։ 2-ի վարույթը կարճվել է անձի (ամբաստանյալի) մահվան հիմքով (2013 եւ 2014 թթ.-ի մահվան դեպքեր), 1-ի վերաքննիչ վարույթը կարճվել է 2021 թվականին՝ տուժողի իրավահաջորդի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերջինիս հետ վերցնելու հիմքով (2010 թ.-ի մահվան դեպք): 1-ի վարույթը կարճվել է համաներման կիրառմամբ (2011 թ.-ի մահվան դեպք):

Արարքում հանցակազմի բացակայության հիմքով արդարացվել է 3 հոգի (2 տարբեր գործերի շրջանակներում): Նրանց նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ»: Ընդ որում՝ 1 գործով անցնող այլ մեղադրյալներ չկան։ Մյուս գործով, բացի 2 արդարացվածները, 1 անձի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է, եւ քրեական գործի վարույթը կարճվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ (2020 թվականին):

Պատրաստեց
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

Հ.Գ. Ուսումնասիրության մեջ ներառված է 2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցած դեպքերի թիվը: 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում պատերազմական գործողությունների հետեւանքով մահացության դեպքերի թիվը ներառված չէր:

«Առավոտ» օրաթերթ
03.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031