Լրահոս
Օրվա լրահոսը

Դավթյանը հասարակական հարաբերությունների թվայնացումը դիտարկում է որպես քաղաքակրթական մարտահրավեր

Հուլիս 05,2021 13:00

Լույս է տեսել քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանի «Homo Consumens, կամ մարդու էներգետիկ անվտանգության սոցիալ-փիլիսոփայական գնահատման փորձ» գիրքը:

Աշխատության մեջ հեղինակը գնահատում է էներգետիկ անվտանգության քաղաքակրթական նշանակությունը: Գրքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում համաշխարհային էներգասպառման ժողովրդագրական խնդիրներին՝ հատկապես հետինդուստրիալ ժամանակաշրջանում: Դրա հետ մեկտեղ փորձ է արվում գտնել բնական ռեսուրսների անդադար սպառմամբ պայմանավորված աշխարհում տիրող հոգեւոր ճգնաժամի հաղթահարման ուղիները:

Ինչպես նշում է գրքի գրախոս, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յու. Վերտակովան, Վ. Դավթյանի աշխատությունն իրենից հետաքրքիր միջգիտակարգային հետազոտություն է ներկայացնում: «Հատկանշական է, որ գլոբալ էներգետիկ անվտանգության հիմքում հեղինակը դնում է Մարդուն՝ իր սպառողական պահանջներով ու բազմաթիվ խնդիրներով հանդերձ, որոնք պայմանավորված են առավելապես սպառողական մշակույթի արմատավորմամբ: Հեղինակի այսպիսի մոտեցումը էներգետիկ անվտանգության հիմնահարցերին թույլ է տվել նրան առաջարկել ըստ էության նոր կոնցեպտ՝ «մարդու էներգետիկ անվտանգությունը», որն ապահովելով միայն հնարավոր է հասնել համաշխարհային էներգետիկայի կայուն զարգացմանը», – նշում է գրախոսը:

Մարդու էներգետիկ անվտանգության ապահովման համատեքստում հեղինակը հասարակական հարաբերությունների թվայնացումը («տեղեկատվական հասարակություն») դիտարկում է որպես քաղաքակրթական մարտահրավեր: Դա հիմնավորելու համար հեղինակը ցույց է տալիս ժամանակակից աշխարհում էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը, ինչին էապես նպաստում է դիջիթալ-տեխնոլոգիաների զարգացումը: Մասնավորապես, գրքում նշվում է, որ այսօր աշխարհում առկա է շուրջ 2 մլրդ համակարգիչ, որոնք, ի դեպ, շահագործվում են ընդամենը 1 մլրդ մարդկանց կողմից («ոսկե միլիարդ» – «թվային միլիարդ»), ու եթե համակարգիչների թիվը շարունակի աճել նույն դինամիկայով, ապա արդեն 2040թ. աշխարհում էլեկտրաէներգիան չի հերիքի դրանք շահագործման համար: Հեղինակը ցույց է տալիս, որ էներգախնայող լուծումներն ու էներգիայի պահանջարկն աճում են անհամաչափորեն, ուստի, գլոբալ էներգետիկ ճգնաժամն անխուսափելի է: Այս համատեքստում Վահե Դավթյանն անդրադառնում է նաեւ կրիպտոարժույթների մայնինգին, որը բավականին էներգատար գործընթաց է (միայն բիթքոյինի տարեկան մայնինգն ապահովելու համար պահանջվող էլեկտրաէներգիան գերազանցում է առանձին պետությունների՝ Մոլդովայի, Ղրղըզստանի, Շրի Լանկայի սպառումը): Հեղինակը գալիս է այն եզրահանգման, որ էկոլոգակենտրոն տնտեսության զարգացումը հաճախ ուղեկցվում է էներգատար լուծումներով, ինչը աշխարհի կայուն զարգացումը մտցնում է փակուղի:

Ուսումնասիրելով աշխարհում էներգառեսուրսների սպառման դինամիկան՝ հեղինակը գալիս է այն եզրահանգման, որ ածխաջրածիններից հրաժարվելու ու վերականգնվող էներգետիկայի զարգացման քաղաքականությունը չի դարձնի աշխարհն ավելի «կանաչ» ու անվտանգ:

«Կանաչ» էներգետիկայի մասշտաբային զարգացումը եւս հանգեցնում է էկոլոգիական լուրջ խնդիրներ, որոնցից առանցքայինների մասին խոսում է հեղինակը: Ուստի, ըստ նրա՝ անհրաժեշտ է կոնվերգենտ մոտեցում, այսինքն՝ այլընտրանքային ու ավանդական էներգառեսուրսները պետք է լրացնեն միմյանց: Իսկ մեծ հաշվով՝ անհրաժեշտ է վերանայել Մարդ-Բնություն հարաբերությունները՝ էապես վերանայելով մարդու սպառողական վարքագիծը: Հիմնավորման համար հեղինակն անդրադառնում է Նյու Յորքին, որտեղ սպառվող էլեկտրաէներգիայի շուրջ 40%-ը բաժին է հասնում գովազդային ոլորտին:

Հեղինակը վերլուծել է համաշխարհային էներգետիկ համակարգին վերաբերող բազմաթիվ տվյալներ, ինչը թույլ է տվել նրան հիմնավորել հետազոտության հիմնական հիփոթեզը: Վերջինս կայանում է նրանում, որ ժամանակակից մարդը՝ Homo Consumens-ը ոչ միայն ռեսուրսների մաքսիմալ սպառում է դրսեւորում, այլ նաեւ ինքն է հանդես գալիս որպես ռեսուրս, որն անհրաժեշտ է սպառման ցիկլը ավարտելու ու այնուհետեւ նորից վերսկսելու համար: Ըստ Վ. Դավթյանի՝ էներգիան ալլեւս չի ծառայում մարդուն, այլ ճիշտ հակառակը: Ահա թե ինչու մարդու էներգետիկ անվտանգության ապահովումը նա դիտարկում է որպես XXI դ. մարդկությանը նետված առանցքային մարտահրավեր:
Գիրքն ունի միջգիտակարգային բնույթ ու կարող է հետաքրքիր լինել ընթերցողների ամենալայն շրջանակների համար:

Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
03.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031