Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես գիտեմ այս շենքի բոլոր գաղտնի ծակուծուկերը»

Հուլիս 05,2021 12:30

 «Օպերայի բնակիչ» Միշա Դանիելյանը գոհ է իր ճակատագրից

Երաժիշտ, դերասան Միշա Դանիելյանը, որի ծննդյան 70-ամյակը լրացավ վերջերս, հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում։ Նա ծնունդով Կապանից է։ Հպարտորեն է հիշում իր ծնողներին՝ դերասանուհի մորն ու երաժիշտ հորը։ Արվեստագետների այս ընտանիքում 7 երեխայից 5-ը երաժիշտ է։ Նրա եղբայրներից է հանրաճանաչ «Շարական» անսամբլի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժիշտը։

Միշա Դանիելյանն ավարտել է Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցը եւ որպես թավջութակահար կարիերա արել տարբեր կոլեկտիվներում, նաեւ դասավանդել է Կապանի, Ստեփանավանի ուսումնարաններում։ Գուցե ամենակարեւորը՝ նա բազմազավակ հայր է. ունի 9 զավակ։ Մինչեւ 1988-ը ապրել ու ստեղծագործել է արտերկրում, իսկ Սպիտակի երկրաշարժի բոթը լսելուն պես, առանց երկմտելու, վերադարձել է հայրենիք։ Արվեստագետը այստեղ գտավ ճանաչում, բայց ոչ թե որպես երաժիշտ, այլ դերասան։

Նա նկարահանվել է իսկապես բազմաթիվ հեռուստասերիալներում, գեղարվեստական ֆիլմերում, գովազդային տեսահոլովակներում։ Ավելի քան 30 տարի արվեստագետը ազգային օպերային թատրոնում է։ Ոմանք ասում են, թե նա թատրոնի գլխավոր էներգետիկն է, մի մասն էլ՝ ատաղձագործ է, որոշներն էլ պնդում են, որ կարեւոր չէ, թե նա ինչով է զբաղվում թատրոնում, կարեւորը՝ որ օրվա մեծ մասն անցկացնում է օպերայի առաջին հարկում գտնվող իր փոքրիկ սենյակում, որն ամբողջությամբ պատված է տարբեր ներկայացումների հայտագրերով, որոնք արվեստագետը տարիների ընթացքում հավաքել ու փակցրել է իր «արվեստաշունչ կացարանի» պատին։ Հավանաբար սա միակ վայրն է, որտեղ տարեց արվեստագետը մեկուսանում է իրական աշխարհից եւ ապրում իր ստեղծած արվեստի մոլորակում։

«Առավոտը» խնդրեց նախ ներկայացնել, թե ինչն է պատճառը, որ ժամանակին ընտանիքով տեղափոխվել էր արտասահման եւ ինչի՞ց սկսվեց նրա՝ դերասանի կարիերան։ «1973թ. այստեղ ծանոթացա ապագա կնոջս հետ, որի երակներում հոսում էր գերմանուհու եւ լեհուհու արյուն։ Նա ծնունդով Ուկրաինայի Սումսկայա մարզի Ախտիրկա քաղաքից էր։ Մի քանի տարի հետո տեղափոխվեցինք նրա ծննդավայր։ Երեխաներիս մի մասը ծնվել է այստեղ, մի մասը՝ այնտեղ։ Ընդ որում՝ երեխաներիցս մեծի ծնունդը ես եմ ընդունել»,- ասաց մեր զրուցակիցը։

Հետո էլ հավելեց, թե ինչ-ինչ պատճառներով այսօր իր կողքին մնացել է 9 զավակներից մեկը։ Հարցին՝ իսկ ինչո՞ւ թավջութակահարը դարձավ դերասան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բազմանդամ ընտանիքը պահել էր պետք։ Զուգահեռ՝ ատաղձագործ էի աշխատում եւ վնասեցի ձեռքս։ Բայց, գիտե՞ք, ասում են, չէ՞, չկա չարիք, առանց բարիքի։ 1988-ին երկրաշարժի բոթը լսելուց հետո վերադարձանք հայրենիք։ Իսկ մինչ այդ պարզապես դեգերել եմ, ապրել ու ստեղծագործել եմ Ռուսաստանի քաղաքներում, հիմնականում՝ Սմոլենսկում, հետո Ղազախստանի Կուստանայ քաղաքում եւ այլն։ Չէ, այն տպավորությունը թող չստացվի, թե կյանքիցս դժգոհ եմ։ Որպես դերասան նկարահանվել եմ մեծանուն արտիստների կողքին…»։ Ասում են, ձեր՝ որպես դերասանի կարիերայի սկզբում ունեցել եք այնպիսի խաղընկեր, ինչպիսին է Արմեն Ջիգարխանյանը։ «Հա, դա 1980-ականների սկիզբն էր, կներեք, կինոռեժիսորի անունն այս պահին չեմ հիշում։ Ախր հետո շատ-շատ ֆիլմերում եմ նկարահանվել, բայց Արմեն Բարիսիչի հետ իմ դեբյուտն էր ֆիլմում՝ «Թռիչքը սկսվում է գետնից»…»,- ասաց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը, թե դա այն տարիներն էին, երբ բեմ էր բարձրանում Կապանի դրամատիկական թատրոնում, մեր զրուցակիցը հիշեց, որ նկարահանվել է նաեւ Խորեն Աբրահամյանի ընկերակցությամբ, հետո էլ նշեց, որ Կապանում բեմ է բարձրացել Գալյա Նովենցի, Երվանդ Ղազանչյանի, Գուժ Մանուկյանի, Արծրուն Մանուկյանի, Ռաֆայել Քոթանջյանի եւ մեր մյուս մեծերի հետ։ Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ Արմեն Ջիգարխանյանը ինչպե՞ս համաձայնեց նկարահանվել իր՝ կինոարվեստում բացարձակ անփորձ մի պատանու հետ, Միշա Դանիելյանը ներողություն խնդրելով եւ առանց մանրամասնելու պատասխանեց. «Ես չգիտեմ՝ Արմեն Բարիսիչը համաձայնեց, թե չէ, բայց նկարահանումներից հետո ինձ ասաց՝ ընտիր էր, ճուճուլդ ուտեմ…»։

Զրույցի ընթացքում մեր զրուցակիցը հաճախ մենախոսում էր։ Օրինակ, ասում էր՝ «էն տխրությունը, որ իմ ներսում է, ոչ մեկը չի կարող հասկանալ», հետո էլ փայլում էին աչքերը, բարձրաձայնում էր, թե՝ «լավ, տխրելը միշտ էլ կա, ամենադժվարը ուրախանալն է՝ մանավանդ մեր ժամանակներում»։ Որոշ դադարից հետո էլ մեր փոխարեն ինքն իրեն էր հարց տալիս՝ «հաճախ Միշային հարցնում են՝ ինչո՞ւ ես էդքան ջահելների հետ շփվում, այլ ոչ քո տարեկիցների։ Է, ես էլ պատասխանում եմ՝ ախր իմ տարիքի մարդիկ, կարճ ասած՝ պոլիկլինիկայի «հաճախորդ» են, հիվանդ են… Իսկ երիտասարդներն ինձ էներգիա են փոխանցում»։

Հետաքրքրությանը, թե՝ տարիների հեռվից կմտածեի՞ք, որ նման ստեղծագործական ճակատագիր է ի վերուստ ձեզ համար նախատեսված, արվեստագետը մեզ հանդիմանելով ասաց. «Իսկ ինչո՞ւ եք այդ հարցը մինոր լադում հնչեցնում, դրա պատասխանը մաժորում է, այն է՝ ես հպարտանում եմ իմ անցած ստեղծագործական տասնամյակներով, ինչպես հայտնի երգում է ասված՝ իմ տարիները իմ հարստությունն են։ Դատեք ինքներդ՝ ո՞վ կարող է հպարտանալ, որ թատրոնում, կինոյում ունեցել է նման մեծանուն խաղընկերներ։ Եվ մի բան էլ. շնորհակալ եմ այն բեմադրիչներին ու կինոռեժիսորներին, որոնք տասնամյակներ առաջ, եւ հիմա էլ, որտեղից որտեղ գտնում են ինձ ու հրավիրում։ Հա, մի բան էլ. վերջին մեկ-երկու տասնամյակում հպարտանում եմ մեր օպերային թատրոնով։ Այս շենքը ներառում է հայկական մշակույթին հատուկ բոլոր տարրերը, նրա պատերը զարդարում են հայկական խորհրդանիշ հանդիսացող նռներն ու խաղողները, ինչպես նաեւ թատրոնի խորհրդանիշ դիմակները։ Իմիջիայլոց, մինչ այսօր էլ կան մարդիկ, որոնք չեն նկատում, որ դիմակներից ոչ մեկը չի կրկնվում։ Այ, այստեղ թույլ տվեք հպարտորեն ասել՝ ես գիտեմ շենքի բոլոր գաղտնի ծակուծուկերը։ Լավ, մի գաղտնիք էլ. ինձ շշուկներ են հասել, որ այս բարի պապիկի մոտ, այսինքն՝ իմ մոտ են գտնվում հսկայական այս շինության բոլոր դռների բանալիները։ Թեեւ դա պետք չէ ուղիղ հասկանալ, բայց, մյուս կողմից՝ դա այդպես է»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031