Մեր զրուցակիցը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, ՀՀ ԶՈՒ հոգեւոր նախկին առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն է։
– Սրբազան հա՛յր, խնդրում եմ խոսեք հոգեւորականության եւ ժողովրդի կապի մասին։ Ինչքանո՞վ է կարեւոր, ի՞նչ կտա դա։
– Մեր եկեղեցին, ի տարբերություն այլ եկեղեցիների, կոչվում է ազգային: Դա չի նշանակում, որ մենք ինչ-որ ազգայնական հարցադրումներ ենք դնում, քավ լիցի: Ազգային նշանակում է, որ մենք մեր եկեղեցու հավատքն ու դավանանքը փայփայելով ենք պահել: Ինչպես «Վարդանանքում» է նշված՝ եկեղեցին դարձել է մեր մաշկի գույնը, այն շապիկ չէ, որ կարող ես հանել ու փոխել, այսինքն՝ այլ կրոն դավանել: Ազգային է, որովհետեւ ազգային մտածելակերպը դրել ենք մի կողմ, բայց պահպանելով ազգային դիմագիծը, հոգեւոր շունչ ենք տվել մեր ազգային մտածելակերպին: Ազգային է, որովհետեւ միատարր է, այլ ազգի ներկայացուցիչներ մեր հավատքի մեջ չկան: Ազգային ենք, որովհետեւ կրոնից բացի, եկեղեցին նաեւ իր հովանու տակ է վերցել ազգային գաղափարախոսությունը, ազգային մտածելակերպը, պետականությունը:
Ազգային ենք, որովհետեւ եկեղեցին միշտ կանգնած է եղել բանակի կողքին, սկսած 451թ. Ավարայրի ճակատամարտից։ Գիտենք, որ այդ ժամանակ բոլորին մկրտել են, բացի այդ՝ կաթողիկոսը խոսք է հղել զորքին՝ շեշտելով, որ սա հավատքի պատերազմ է, եւ այդ պատերազմում մենք հաղթեցինք այնքանով, ինչքանով մեզ արդեն տրվեց արտոնություն մեր դավանանքը պաշտպանելու եւ մեր հավատքը պահելու համար, մենք Տղմուտ գետի մեջ էինք մարել հեթանոսության կրակը:
Կարդացեք նաև
Ազգային ենք, որովհետեւ, վերջիվերջո, եղեկեցին է պահել մեր ինքնությունը, դպրոց- եկեղեցի- ժողովուրդ միասնականություն կա, այսօր մենք չենք կարող դպրոցը բաժանել եկեղեցուց, այդպես չէինք կարող վարվել նաեւ նախկինում: Ազգային ենք, որովհետեւ Աստված խոսեց մեզ հետ հայերեն, որովհետեւ Գրիգոր Լուսավորիչը մատնացույց արեց Մայր տաճարի տեղը: Ահա այսքանով հանդերձ՝ մեր եկեղեցին մշտապես եղել է մեր պետականության ու բանակի կողքին, իսկ երբ պետականություն չենք ունեցել, եկեղեցին երկու թեւերով պահել է մեր պետականությունը:
Պատահական չէ, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի ոտքերի տակ եւ կրծքին երկգլխանի արծիվն է, որ մատնանշում է հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունները: Հիմա, երբ վտանգված է մեր պետությունը, եկեղեցին նորից է բացում իր թեւերը՝ պահելու Արցախն ու Հայաստանը, պաշտպանելու մեր անվտանգությունը՝ հոգեւոր, թե ֆիզիկական: Եկեղեցին կհզորանա իր ժողովրդով, ժողովուրդը՝ եկեղեցով:
– Վերջին ժամանակներում` մինչեւ ուսումնական տարվա ավարտը, կարծես, կրոնական երանգավորում ստացավ Ավետարանչական եկեղեցու կողմից Արցախի հանրակրթական դպրոցներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ բուժհաստատություններում Նոր կտակարանների բաժանումը, չնայած, իրենց պնդմամբ` նույն բովանդակությունն են պարունակում։ Սկզբից առանց թույլտվության էին մտնում ուսումնական հաստատություններ եւ այլ հիմնարկներ, հետո` թույլտվությամբ նույնպես իրավունք ստացան։ Ի՞նչ կասեք այս մասին:
– Օրենքը, կարգ ու կանոնը պիտի համահունչ լինեն մեր գործունեությանը: Եթե մենք՝ հոգեւորականներս, կամ կրոնական կազմակերպությունները, խախտում ենք որեւէ օրենք, արդեն կասկածելի է թվում դրանց գործունեությունը, քարոզչությունը: Օրենքը արգելում է այլ եկեղեցիների հետեւորդներին մուտք գործել զորամաս, ուսումնական հաստատություն, հիվանդանոց, բանտ: Այսպիսի առաքելություն տրված է միայն Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին: Նշանակում է՝ նրանք արդեն խախտել են օրենքը: Թույլտվություն է տրվել զուտ Աստվածաշնչի կանոնական, բնագիր լինելու հանգամանքից ելնելով, բայց բնագրի կանոնական լինելուց բացի, կարեւոր է այն, թե ինչ կազմակերպություն է տպագրել այդ գրքերը, ովքեր են դրանք բաժանում: Իսկ մեր հոգեւորականները դիտարկել են միայն Կտակարանի կանոնական լինելու հանգամանքը, չնայած՝ ըստ իս՝ պետք է հաշվի առնվեր, թե ում կողմից է բաժանվում եւ ում կողմից է տպագրվել։
– Վտանգի տակ է նաեւ ՀԵՊ առարկայի դասավանդումը հանրակրթական դպրոցներում։ Սա նաեւ լրջագույն մարտահրավեր է։ Մայր Աթոռը բազմիցս հակադարձել է այդ որոշմանը…
– Դպրոցը անբաժան մասն է մեր եկեղեցու, ի սկզբանե այդպես է եղել, հայը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում առաջին հերթին կառուցել է դպրոց, եկեղեցի` ոչ թե որպես քարոզչության վայր, այլ հայի ինքնությունը ճիշտ մարմնավորելու դարբնոց: Եկեղեցու պատմությունը հենց այդ դարբնոցի ձեւավորման հիմքն է, եթե հանվի Հայոց եկեղեցու պատմությունը, ապա այդ դարբնոցում կա՛մ կրակը թերի կլինի, կա՛մ այն հումքը, որ պետք է թրծվի: Այս առարկան տալիս է լավ հայ քաղաքացի ու քրիստոնյա դաստիարակելու հնարավորությունը, իսկ մենք ուզում ենք այդպիսին լինել:
– Այսօր, առավել քան երբեւէ, խաղաղություն քարոզելը կարեւոր է։ Ձեր խոսքը…
– Խաղաղությունը աստվածային շնորհ է, մարդը՝ զինվորը, քաղաքական գործիչը, սովորական գյուղացին, կամ թե՝ ուսուցիչը, եթե իր մասնագիտությամբ զբաղվելիս հոգով խաղաղ չէ, չի կարող խաղաղություն ապահովել: Եթե ներսդ փոթորկալից է, խուճապի ու տագնապի մեջ, չենք կարող համախմբվել: Փոքրերը մեծանում են, երբ Աստծով են առաջնորդվում, դա դառնում է հզոր ուժ, մեծերը փոքրանում են, երբ մասնատվում են: Ուրեմն՝ մենք պետք է հզորանանք մեր ներքին խաղաղությամբ, որ կարողանանք մեր կյանքը լիարժեք դարձնել, ավելի իրական, հասկանանք, որ ունենք տեսլական:
Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
03.07.2021
Արցախի թեմի առաջնորդին մեկ հարց ևս՝ քանի անգամ է հրապարակային հանդես եկել արցախահայության մի ստվար շրջանակի կողմից 2018-ից հետո ՀՀ-ի իշխանության հանդեպ արատավոր նեգատիվ վերաբերմունքի համար: Մասնատվելուն նպաստելը էլ ո՞նց է լինում: