«Առավոտի» զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Կարեն Սիմոնյանը։
– Պարոն Սիմոնյան, ձեր վերլուծությամբ՝ ինչո՞ւ համերաշխության օրակարգ առաջարկող «Լուսավոր Հայաստանը» հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում չհաղթահարեց անցողիկ շեմը, ի՞նչ դասեր քաղեցիք այդ փաստից։
– Իրականում ընտրական գործընթացն անկանխատեսելի է։ Հնարավոր չէ ասել, թե այն օրակարգը, որը դու առաջարկում ես, այդ պահին ընդունելի կլինի, թե ոչ։ Մենք ունեցել ենք մեր ծրագիրը, գաղափարները, որոնք առաջարկեցինք, ստացանք կոնկրետ աջակցություն, եւ որոնք, սակայն, չբավարարեցին՝ խորհրդարանում հայտնվելու համար։ Ինչեւէ, մտածում եմ՝ գուցե այս պահի դրությամբ համերաշխության եւ համախմբման օրակարգն այնքան էլ արդիական չեղավ ժողովրդի համար, որքան որ մենք էինք կարծում։ Ժողովուրդն իր գնահատականը տվեց կոնկրետ օրակարգի հետ կապված։
– Բայց քարոզարշավի ընթացքում ԼՀԿ թեկնածուներն իրենք էին մատնանշում, որ մարդիկ ընկալում եւ հավանություն են տալիս համերաշխության օրակարգին։
Կարդացեք նաև
– Մի բան է ասելը, մի բան է գործողություն կատարելն ընտրական գործընթացում, այսինքն՝ քվեարկելը։ Թե ինչու, կարծում եմ՝ դեռ վերլուծության կարիք կա։ Բայց դա չի նշանակում, թե ԼՀԿ-ն դադարեցնում է իր գործունեությունը։ Ուղղակի վերանայում ենք մեր օրակարգերը եւ փորձում ավելի արդիական օրակարգ ձեւավորել արդեն արտախորհրդարանական հարթակում՝ մարդկանց հետ շփումներ, հանդիպումներ, խնդիրների արծարծում։ Կաշխատենք նաեւ խորհրդարանի բոլոր խմբակցությունների հետ, իմ կարծիքով, նաեւ՝ ընդդիմադիր, ինչու չէ՝ նաեւ կառավարության հետ, որպեսզի առկա խնդիրները տեղ հասցնենք ու օրենքի դաշտ բերենք։ Իսկ մեր ընդհանուր կուսակցական գործունեությունը կմնա նույնը։ Շատ մեծ փոփոխություններ չենք կրելու։
– Այդ թվում ձեր կուսակցության թեկնածուներից գնահատականներ հնչեցին, որ քաղաքացիները ձեզ ընտրեցին՝ տեսնելով Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքը, այսինքն՝ նախընտրեցին ներել Նիկոլ Փաշինյանին ու նորից ընտրել, միայն թե նախկինները չգան։ Ձեր կարծիքով՝ միայն սա՞ էր պատճառը։
– Այս պարագայում դա մեծամասամբ դրանով էր պայմանավորված։ Նախորդ իշխանության սխալները վերջինիս թույլ չէին տալիս հանրության աչքերում վերականգնվել։ Իսկ նոր իշխանությունն այս պարագայում այլընտրանք էր նախկիններին։ Այսինքն, հանրությունը դիտարկեց այն հնարավոր տարբերակը, որը կկանխեր նախկինների վերադարձը։ Կոպիտ ասած, ընտրությունները դարձան հանրաքվե։
– «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն օրերս ասաց, որ իրենք են լինելու արմատական ընդդիմություն, եւ որ նախորդ տարիներին խորհրդարանական ընդդիմությունը գործարքների է գնացել իշխանության կետ։ Ի՞նչ կասեք այս առիթով՝ որպես նախորդ տարիների ընդդիմության ներկայացուցիչ։
– Համաձայն չեմ երկրորդ նախագահի ասածի հետ։ Իրականում իշխանության հետ գործարքները եղել են թափանցիկ, բոլորի աչքի առաջ, օրինակ՝ վարչապետի թեկնածու չառաջադրելու պայմանավորվածությունը կայացավ ԶԼՄ-ների եւ հանրության աչքի առաջ։ Անգամ եթե դա «գործարք» անվանեք, այն մեզ հնարավորություն տվեց քաղաքական դաշտ բերել այն հիմնական երկխոսությունն ու խնդիրները, որոնք կային։ Այդ պահի դրությամբ դա մեզ հնարավորություն տվեց քաղաքական երկխոսություն ձեւավորելու։ Ի դեպ, այս պահի դրությամբ դա հնարավորություն տվեց, որպեսզի եղած խնդիրների շուրջ քաղաքական երկխոսություն ծավալվի եւ ձեւավորվի ուրիշ ընդդիմություն, որը կփորձի անել այն, ինչ չի արել խորհրդարանական ընդդիմությունը։ Բայց մյուս կողմից հասկանանք, որ ընդդիմություն կոչվածը համասեռ եւ միատարր զանգված չէ։ Ամեն կուսակցություն իր ծրագրերին ու սկզբունքներին համապատասխան է գործում։ Արմատական է, թե ոչ, ես դա չեմ կարող ասել։ Եթե մասնագիտական, քաղաքագիտական դաշտ մտնենք, ապա ընդդիմության բազմաթիվ տեսակներ կան, եւ ԼՀԿ-ն 2015թ.-ից որդեգրել է համակարգային, կառուցողական ընդդիմություն լինելու ճանապարհը՝ անկախ նրանից, թե ով է իշխանությունը։ Մենք գտել ենք, որ դա ճիշտ ճանապարհ է, որ ՀՀ-ն պետք է ունենա համակարգային ընդդիմություն, ինչի համար աշխատել ենք ու աշխատելու ենք։ Իսկ արմատական ընդդիմությունը փոքր-ինչ ավելի ոչ արմատական տարր է հանդիսանում։
– Ի դեպ, օրերս ձեր գործընկեր Նաիրա Զոհրաբյանը հենց ձեր մատնանշած՝ կառուցողական, կիրթ ընդդիմություն լինելու փաստը քննադատեց, ու ասաց, որ պետք էր կոշտ քայլերի դիմել, գրավել ԱԺ ամբիոնը ու թույլ չտալ, որ պատերազմից հետո իշխանությունը քննարկի, ասենք, ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենք։
– Ամեն կուսակցություն պետք է հավատարիմ լինի իր սկզբունքներին, որոնց հիման վրա այն ձեւավորվել է։ «Լուսավոր»-ը վերոնշյալ սկզբունքների հիման վրա է ստեղծվել, այսինքն՝ ձեր մատնանշածը կլիներ մեր սկզբունքների դավաճանություն, որովհետեւ, եթե ասում ես, որ գնում ես այս ճանապարհով, բայց շեղվում ես դրանից, դա կարող է նաեւ կուսակցության ներսում խնդիրներ առաջացնել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.07.2021