Իտալական խոհանոցի ամենատարածված ուտեստներից մեկն է՝ շատ հագեցնող եւ շատ նրբահամ: Իտալացիները շատ ծանր են տանում, երբ այլազգիները հավելյալ մթերքներ են ավելացնում իրենց հեղինակած այս ուտեստին, ինչպես օրինակ՝ սերուցք, կարագ կամ սխտոր: Ես ներկայացնում եմ հնարավորինս օրիգինալ տարբերակը՝ մի փոքր հարմարեցված մեր շուկայում եղած մթերքների հետ:
Անհրաժեշտ մթերքները
Սպագետտի- 250 գրամ
Խոզի ապախտած միս- 50 գրամ (Օրիգինալ տարբերակում օգտագործում են guanciale, որն իրենից ներկայացնում է խոզի ապխտած այտեր կամ ծայրահեղ դեպքում pancetta՝ խոզի ապխտած փոր, սակայն, կախված պայմաններից, լրիվ ընդունելի տարբերակներ են խոզի այլ ապխտած հատվածներ (грудинка, пашина, шейка, bacon եւ այլն)
Կարդացեք նաև
Շատ թարմ ձու- 2 հատ, գումարած՝ 1 դեղնուց
Պարմեզան պանիր- 50 գրամ (օրիգինալ տարբերակում պեկորինո պանիրն է, որը նույնպես վաճառվում է երեւանյան սուպերմարկետներում)
Թարմ աղացած սեւ պղպեղ- կես թեյի գդալ
Պատրաստման եղանակը
Մեծ կաթսայի մեջ լիքը ջուր լցնել, դնել կրակին, հենց սկսի եռալ, ավելացնել մեկ լիքը ճաշի գդալ աղ, սպասել, որ նորից եռա եւ ավելացնել սպագետտին: Պետք է եփվի այնքան ժամանակ, որքան գրված է տուփի վրա՝ 6-12 րոպե՝ կախված տեսակից:
Միաժամանակ տաքացնել մեծ թավա: Մեջը լցնել մանր կտրատած խոզի ապխտած միսը, օրինակ՝ բեկոնը: Թողնել 2-3 րոպե ցածր կրակի վրա տապակվի, ապա անջատել: Հարել հավկիթները եւ դեղնուցը, ավելացնել մանր անցքերով քերիչով քերած պարմեզանը (պեկորինոն) եւ աղացած սեւ պղպեղը:
Հենց սպագետտին եփվի, վերցնել կրակին: Նույն պահին նորից կրակին դրեք բեկոնով թավան, որի մեջ լցրեք ջրքամված սպագետտին: Լավ խառնեք, որ բեկոնի յուղերը պատեն պաստան ամբողջությամբ, ապա կրակն անջատեք, թավան վերցրեք գազօջախի վրայից, շարունակեք խառնել, որ մի փոքր հասցնի հովանա, որից հետո արագ ավելացրեք հարած ձվի խառնուրդը եւ արագ-արագ խառնեք, որպեսզի հանկարծ ձուն չհասցնի տապակվել եւ դառնալ ձվածեղ, պետք է մնա կրեմային սոուսի տեսքով:
Լցրեք ափսեների մեջ եւ մատուցեք՝ վրան, հարկ եղած դեպքում, ավելացնելով էլի քերած պանիր եւ սեւ պղպեղ:
Մանրամասները՝ տեսանյութում
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ