Երբեմն մենք ստիպված ենք լինում վիտամիններ կամ հանքանյութեր ընդունել՝ մեր առողջությունը բարելավելու, առողջական, ինքնազգացողության հետ կապված այս կամ այն խնդիրները հարթելու նպատակով և հաճախ հարց է առաջանում՝ ե՞րբ և ինչպե՞ս ընդունել դրանք՝ ավելի լավ արդյունք ստանալու համար։
Վիտամիններ, որոնք ավելի լավ է ընդունել առավոտյան
- Վիտամին C,
- B խմբի որոշ վիտամիններ,
- Վիտամին D։
Վիտամիններ ու հանքանյութեր, որոնք ցանկալի է ընդունել երեկոյան ժամերին՝ քնելուն մոտ
- Վիտամին B-3 (նիացին),
- Մագնեզիում։
Որոշ վիտամինների արդյունավետությունը բարձրացնելու համար դրանք պետք է ընդունել ճարպի բավարար քանակություն պարունակող սննդի հետ, քանի որ այդ վիտամինները «ճարպալույծ» են համարվում, այսինքն օրգանիզմի կողմից լիարժեքորեն կարող են յուրացվել ճարպի (յուղի) առկայության պարագայում։
Կարդացեք նաև
Ստորև կներկայացնենք մի շարք վիտամինների ու հանքանյութերի ընդունման համար առավել հարմար ժամանակահատվածն ու տարբերակները։
Վիտամին А
Վիտամին А-ն օգնում է պահպանել տեսողությունը, ներքին օրգանների աշխատունակությունն ու վերարտադրողական համակարգի գործառույթները։ Այս վիտամինի դեպքում հստակ ցուցումներ չկան, թե օրվա որ ժամին է այն ավելի ճիշտ ընդունելը, ուստի այս վիտամինը կարող եք խմել ձեզ ավելի հարմար ժամին։
Սննդամթերքներում վիտամին A-ն մեծամասամբ պարունակվում է բետա- կարոտինի տեսքով և քանի որ ճարպալույծ վիտամին է, նախընտրելի է այն ընդունել ճարպ կամ յուղ պարունակող սննդի հետ։
В խմբի վիտամիններ
Այս խմբի վիտամինները՝ ներառյալ թիամինը, ֆոլաթթուն և ռիբոֆլավինը խիստ անհրաժեշտ են օրգանիզմի մի շարք կարևորագույն գործառույթների համար։ Երբ B խմբի որոշ վիտամինների մակարդակը նվազում է, մարդը կարող է խիստ հոգնածություն ու ընկճվածություն զգալ, անգամ կարող են առաջանալ գիտակցության ու սակավարյունության հետ կապված խնդիրներ։ Այս վիտամինները ջրալույծ են, բայց այնուամենայնիվ, դրանք խորհուրդ է տրվում ընդունել սննդի հետ, ցանկալի է՝ նախաճաշի ընթացքում։
Կան որոշակի ապացույցներ, որ այս խմբի որոշ վիտամիններ կարող են քնի հետ կապված խնդիրներ առաջացնել։
Վիտամին В6-ը կամ պիրիդօքսինը կարող է վառ երազներ առաջացնել, անգամ լավացնել երազները հիշելու ունակությունը։ Փոքրիկ հետազոտություն է անցկացվել, որի շրջանակներում ուսանողներին 5 օրվա ընթացքում վիտամին B6-ի բարձր չափաբաժիններ են տվել ու բացահայտել, որ նրանց երազներն ավելի վառ, գունեղ ու տարօրինակ են դարձել, քան նախկինում։
Վիտամին B12-ն օրգանիզմին օգնում է էներգիա արտադրել և որոշ պացիենտներ նշել են, որ երեկոյան ժամերին այդ վիտամինն ընդունելիս իրենց շատ առույգ են զգում և չեն կարողանում քնել։ Ուստի ցանկալի է այս վիտամինն ընդունել առավոտյան ժամերին։ Մյուս կողմից հետաքրքիր է իմանալ, որ այս վիտամինն օրգանիզմին անհրաժեշտ է «քնի» հորմոնի՝ մելատոնինի արտադրման համար։
Իսկ այ նիացինը, որը հայտնի է որպես վիտամին B3, օգնում է հեշտությամբ քուն մտնել։ Ուստի այս վիտամինը խորհուրդ է տրվում ընդունել երեկոյան ժամերին, սակայն միևնույն ժամանակ այս վիտամինի հետ պետք է բացառել ալկոհոլային ըմպելիքների ընդունումը։
Վիտամին C
Վիտամին С-ն օգնում է իմունային համակարգի արդյունավետ աշխատանքին, պաշտպանում բջիջներն ազատ ռադիկալներից։ Վիտամին C-ն ջրալույծ վիտամին է, ուստի այն սննդի հետ ընդունելը պարտադիր չէ, սակայն այս վիտամինի մեծ չափաբաժինները կարող են խաթարել ստամքսի թթվայնությունը, անգամ լուծ առաջացնել։ Ուստի բժշկի կողմից մեծ չափաբաժիններով նշանակման դեպքում առավել նպատակահարմար է այս վիտամինն ընդունել սննդի հետ։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ վիտամին C-ի մինչև ժամը 15.00-ն ընդունելու դեպքում ավելի լավ է յուրացվում օրգանիզմի կողմից։
Վիտամին C-ն նպաստում է օրգանիզմի կողմից երկաթի ավելի լավ յուրացմանը, ուստի եթե ձեզ միաժամանակ երկաթի հավելումներ են նշանակել, կարող եք այդ երկուսն ընդունել միաժամանակ։
Հայտնի է ևս մեկ փաստ, որ վիտամին C-ն նպաստում է ստամոքսում և աղիներում գալլաթ էպիգալոկատեխին հակաօքսիդանտի ներծծմանը։ Այդ հակաօքսիդանտը պարունակվում է կանաչ թեյի կազմում, որի արդյունավետությունը, ինչպես պարզվել է, կարելի է բարձրացնել այն վիտամին C-ի հետ օգտագործելով։
Վիտամին D
«Արևի» վիտամինը շատ մեծ դերակատություն ունի մեր օրգանիզմում, այն ոչ միայն օգնում է պահպանել մեր իմունային համակարգը լավ վիճակում, այլև մասնակցում է մեր ոսկորների շինարարությանն ու նյարդային բջիջների գործունեությանը։ Լինելավ յուղալույծ վիտամին՝ այն ավելի լավ է յուրացվում յուղոտ սննդի հետ։
Վիտամին Е
Վիտամին Е-ն պաշտպանում է բջիջները վնասվելուց, բարձրացնում իմունային համակարգի արդյունավետությունը, կանխարգելում թրոմբների առաջացումը։ Այս վիտամինը ևս ճարպալույծ է, և այն պետք է ընդունել ճարպերով հարուստ սննդի հետ։
Վիտամին К
Վիտամին К-ն անհրաժեշտ է արյան մակարդելիությունն ապահովող նյութերի սինթեզման համար, այն հակաքաղցկեղային ազդեցություն ունի և նպաստում է շաքարախտի բուժմանը՝ բարելավելով բջիջների զգայունակությունն ինսուլինի նկատմամբ։ Այս վիտամինը ևս ճարպալույծ է և խորհուրդ է տրվում ընդունել յուղոտ սննդի հետ։
Մագնեզիում
Մագնեզիում հանքանյութը կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքն ու արյան ճնշումը, նպաստում է ոսկորների ամրացմանը (կալցիումի հետ համատեղ)։ Մագնեզիումը ցանկալի է ընդունել քնելուց առաջ։ Այս հանքանյութը շատ օգտակար կարող է լինել այն մարդկանց համար, որոնք տառապում են մկանների ջղակծկումներից։ Այս հանքանյութը կարող է թեթևացնել այդ ախտանշանները կամ լիովին վերացնել։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ