Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասել եմ՝ ազատման դիմում չեմ գրելու, դրանից հետո իմ հասցեին մարզպետի կողմից վիրավորանքների տեղատարափ է սկսվել. ինձ անվանել է ստոր, ստախոս». Մերի Շահազիզյան

Հուլիս 03,2021 21:42

«Ես չեմ պատրաստվում աշխատանքից ազատման դիմում գրել»,-Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց ՀՀ Արագածոտնի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ, դաշնակցական Մերի Շահազիզյանը:

Նա հայտնեց, որ դիմել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ. «Դիմել եմ մարդու իրավունքների պաշպանին ոչ միայն աշխատանքային իրավունքների խախտման համար, այլև ինձ անձնական վիրավորանք են հասցրել, իմ ինքնասիրությունը, արժանապատվությունն են վիրավորել իմ հասցեին հնչած վիրավորական խոսքերով»:

Մերի Շահազիզյանը մարզպետարանում աշխատում է 2003-ից՝ որպես բաժնի առաջատար մասնագետ, իսկ  որպես բաժնի պետ՝ 2018-ից:

Մեր հարցին՝ ո՞րն է եղել հիմնավորումը, երբ իրենից ազատման դիմում գրել են պահանջել, Մերի Շահազիզյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ հստակ պատճառ ես չեմ կարող նշել: Հիմնավորում չի եղել ոչ մեկի կողմից: Մարզպետն ինձ  կանչել է, 15 րոպե ժամանակ տվել, որ ազատման դիմում գրեմ: Ես ասել եմ, որ դիմում չեմ գրելու: Եվ դրանից հետո իմ հասցեին մարզպետի կողմից արդեն վիրավորանքների տեղատարափն է սկսվել: Ինձ անվանել է ինձ ստոր, ստախոս և նման բազում վիրավորական բառեր է օգտագործել»:

Մերի Շահազիզյանն ասաց, որ այդ միջադեպը եղել է հունիսի 23-ին: Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ դա եղել է իր քաղաքական հայացքների համար, Մերի Շահազիզյանը պատասխանեց. «Ես իմ բնույթով ապաքաղաքական եմ և ընդհանրապես չեմ զբաղվում քաղաքականությամբ: Մանավանդ այս ընթացքում ընդհանրապես ոչ մեկի հետ ոչ զրուցել եմ այդ թեմաներով, որևէ մեկին ոչ ստիպել, ոչ  հորդորել, ոչ պարտադրել, ոչ էլ խնդրել եմ որևէ բան այդ հարցերով: Այդ հարցերով ես ընդհանրապես չեմ զբաղվել»: Մեր հարցին՝ հետևաբար ինչի՞ց սկսվեց մարզպետի պահանջը, առիթը ո՞րն էր, նա պատասխանեց. «Առիթը չեմ կարող ասել՝ որն էր, բայց մոտ մեկ տարի է արդեն ինքը փորձեր է անում, որ ինձ  աշխատանքից ազատի՝ պատճառաբանելով, որ ես լավ չեմ աշխատում: Բայց իմ պաշտոնի անձնագրով նախատեսված բոլոր լիազորությունները, պարտականությունները ես պատշաճ կերպով կատարել եմ իմ աշխատանքի ընթացքում»:

Հետաքրքրվեցինք՝ իսկ իրավիճակը մարզպետարանում լարվա՞ծ է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ընդհանուր չեմ կարող ասել: Մի քանի հոգի ազատման դիմումներ ներկայացրել են, բայց իրենց փոխարեն ոչինչ ասել չեմ կարող՝ պատճառը լարվածությունն է, թե ուրիշ խնդիր»:

Հարցին՝ հարկ եղած դեպքում դատարան դիմելո՞ւ է, Մերի Շահազիզյանը պատասխանեց. «Այո, անպայման»: Նա նաև հայտնեց, որ մարզպետի սպառնալիքները չեն շարունակվում:

Խնդրի հետ կապված փորձեցինք նաև պարզաբանում ստանալ ՀՀ Արագածոտնի մարզպետարանից: ՀՀ Արագածոտնի մարզպետի օգնական Մերի Բադալյանը հորդորեց հարցերը գրավոր ուղարկել, և իրենք սահմանված ժամկետներում կպատասխանեն: Առաջիկա օրերին կներկայացնենք նաև ՀՀ Արագածոտնի մարզպետարանի պարզաբանումը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Մերի Շահազիզյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031