Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հրաժարականի դիմումը տվել ու պրծել եմ». եզդիաբնակ Դդմասար համայնքի ղեկավարը՝ իր հրաժարականի և մարզպետի կողմից ճնշումների մասին

Հուլիս 03,2021 19:39

ՀՀ Արագածոտնի մարզի չորս եզդիական համայնքների՝ Դդմասար, Արևուտ, Սորիկ և Օթևան համայնքների ղեկավարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել:

Նրանք մեզ հետ զրույցում հաստատեցին, որ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն իրենց կանչել և պահանջել է հրաժարականի դիմում գրել: Նշենք, որ այս համայնքներում ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ն պարտվել էր:

Մինչդեռ համայնքի ղեկավարներն ընտրված պաշտոնյաներ են. մարզպետն իրավունք չունի նրանց նման պահանջ ներկայացնել:

Aravot.am-ը Օթևան համայնքի ղեկավար Ջամալ Սալմոյանի հետ զրույցում փաստեց՝ համայնքի ղեկավարն ընտրված պաշտոնյա է, համայնքի բնակիչներն են նրան ընտրել և հարցին՝ ինչո՞ւ չպայքարեց իր իրավունքների համար և հրաժարականի դիմում ներկայացրեց, համայնքի ղեկավարը պատասխանեց. «Հրաժարականի դիմում եմ ներկայացրել ընտրություններից հետո: Միայն ես չեմ: Մեր եզդիական համայնքների չորս համայնքի ղեկավարներ արդեն դուրս են եկել: Ես արդեն դիմումը տվել են, գյուղում իրենք իրենց կողմից բերել, պաշտոնակատար են նշանակել: Ես ի՞նչ պայքարեի, արդեն Դուք պիտի դա անեք: Եթե ես միտք ունենայի դուրս գալու, ընտրություններից առաջ դուրս կգա: Եթե ընտրություններից հետո է եղել, ուրեմն պետք է հետևություններ անեք»: Մեր հստակեցմանը՝ իրո՞ք մարզպետն իր հետ զրույց է ունեցել ու հորդորել հրաժարականի դիմում ներկայացնել, նա պատասխանեց. «Կանչել են: Ինչ ասեմ ես: Բոլոր համայնքի ղեկավարների մոտ էլ նույն վիճակն է»:

Հետաքրքրվեցինք՝ ՏԻՄ ընտրություններին առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, Ջամալ Սալմոյանը պատասխանեց՝ այո:

Դդմասար համայնքի ղեկավարի արդեն նախկին ժ/պ Գագո Օսեյանը ևս մեզ հետ զրույցում հայտնեց՝ հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավարի ժ/պ-ի պաշտոնից: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Դիմումը տվել եմ ու պրծել եմ: Ի՞նչ անեմ»: Մեր փաստմանը՝  Դուք ընտրված պաշտոնյա եք, որևէ մեկն իրավունք չունի Ձեզ հրաժարականի դիմում գրել պարտադրել, Գագո Օսեյանն ասաց. «Իրավունք չունեն, ի՞նչ ասեմ: Ես դիմումը տվել ու ազատվել եմ, ի՞նչ անեմ: Չտա՞նք: Ընտրված եմ, հիմա էլ չեմ ուզում, ի՞նչ անեմ: Ընտրություններին կմասնակցեմ: Ես ժամանակավոր պաշտոնակատար էի: Մանրամասնելու ոչ մի բան չունեմ: Հրաժարականի դիմումը տվել եմ, քաշվել եմ մի կողմ: Ոչ մեկի անունն էլ չեմ շոշափում»: Նա հայտնեց, որ համայնքում դեռ ժամանակավոր պաշտոնակատար չի նշանակվել:

Համայնքի ղեկավարների՝ համատարած հրաժարականների պահանջի հետ կապված խնդրի վերաբերյալ Aravot.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ Արագածոտնի մարզպետի օգնական Մերի Բադալյանից: Նա բանավոր պարզաբանում չտվեց, հորդորեց հարցերը գրավոր ուղարկել, և իրենք սահմանված կարգով կպատասխանեն:

Պատասխանը ստանալուն պես կներկայացնենք նաև ՀՀ Արագածոտնի մարզպետարանի պարզաբանումը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031