Հայաստանում տեղի ունեցան հերթական, ներեցեք՝ արտահերթ «ընտրություններ»։ Գրանցված ավելի քան 100 կուսակցություններից, «ընտրություններին» մասնակցում էին շուրջ 30-ը՝առանձին կամ դաշինքներով։
Կարելի է վստահաբար պնդել, որ բոլոր կուսակցությունները, այո՛, բոլոր, այդ թվում խորհրդարան խցկված դաշինքների անդամ կուսակցությունները ձախողվեցին։ Բնականաբար, դրանցից շատերը «ընտրություններին» մասնակցում էին ոչ թե հաղթելու, կամ գոնե ԱԺ անցնելու նպատակով, այլ իշխող ՔՊ տոտալիտար աղանդի առաջնորդին աջակցելու համար։ Իսկ շատերն իսկապես հույս ունեին մասնակցելով «ընտրություններին»՝ մտնել խորհրդարան, կամ պահպանել իրենց տեղն ԱԺ-ում և լինել «կառուցողական», այն է՝ հնազանդ ընդդիմություն։
Ինչ վերաբերում է ԱԺ խցկված դաշինքներին, ապա նրանք էլ կարողացան համոզել (հավատո՞ւմ էին արդյոք իրենք իրենց խոսքերին) այն մարդկանց, ովքեր տեսնելով հայրենիքի մի մասի կորուստը և անհանգստանալով մնացյալի կորստի մասին, հավատացին, որ հաղթելու են և շատերն արդեն ոգևորված օրերն էին հաշվում։ Ի դեպ, այդ դաշինքներին ձայն տվողներից շատերը նրանց մեջ տեսնում էին ոչ թե փրկություն, կամ մեծ համակրանք ունեին նրանց հանդեպ, այլ ընդամենը հնարավոր հույս՝ պետությունը փրկելու։ Ինչ վերաբերում է կեղծիքներին, ապա բնավ մի արդարացեք, զարմանալ կարելի է, եթե դուք իսկապես հույսեր ունեիք արդար ընտրությունների։ Այսպիսով, նորից եմ կրկնում, որ բոլոր, այսպես կոչված կուսակցությունները ձախողվել են։
Ի՞նչ է կատարվում այլ, քաղաքակիրթ երկրներում, երբ կուսակցությունը ձախողվում է, օրինակ երբ ընտրությունների արդյունքում կորցնում է իշխանությունը, խոստանում, բայց չի հաղթում ընտրություններում, կամ չի հաղթահարում անցողիկ շեմը։ Ընտրությունների հաջորդ իսկ օրը կուսակցության ղեկավարը (նախագահ, գլխավոր քարտուղար) հրաժարական է տալիս և կուսակցությունն ընտրում է նոր առաջնորդ։ Իսկ Հայաստանո՞ւմ․․․ Պարտված և ջախջախված կուսակցությունների ղեկավարները խոնարհվում են իրենց և երկիրը նվաստացրած անձի առջև, համագումարներ անում և․․․
Կարդացեք նաև
Եվ ոչինչ, կուսակցության «վոժդը» շարունակում է այն ղեկավարել։ Ինչ վերաբերում է ԱԺ խցկված «թունդ» ընդդիմադիր 4 կուսակցություններին, ապա կարծում եմ նրանց անդամներից շատերն ուղղակի երջանիկ են պատգամավոր դառնալու համար (Երջանի՞կ եք․․․)։ Հարգելիներս, ձեր դաշինքներին ձայն են տվել ոչ թե որ դուք ԱԺ-ում ունենաք անձեռնմխելություն և հերոսաբար քննադատեք, երբեմն էլ ծեծ ուտեք մեծամասնությունից և կապտած դեմքերով ձեր նկատմամբ խղճահարություն առաջացնեք, այլ պարտված, Արցախը հանձնած, հազարավոր զոհեր տված իշխանություններին հեռացնելու և միմիայն դրա համար։
Եթե հիշողությունս չի դավաճանում Հայաստանում իրականում երեք կուսակցություններում են եղել ղեկավարի փոփոխություններ, չնայած, կրկնում եմ բոլոր կուսակցությունների, բոլոր «ընտրություններում» կրած պարտությունների։ Դրանք են․
«Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը, երբ կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի մահից հետո, առաջնորդի դերը վերցրեց Վազգեն Սարգսյանը, նրա մահից հետո՝ Անդրանիկ Մարգարյանը և վերջապես, Անդրանիկ Մարգարյանի մահից հետո՝ Սերժ Սարգսյանը․․․
Կարծեմ 1997 թ․ Էդուարդ Եգորյանը հիմնադրեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը։ Նրա մահից հետո կուսակցությունը մինչև այսօր գլխավորում է Պետրոս Մակեյանը․․․
1998թ․ ՀՀԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը հիմնադրեց Հայաստանի ժողովրդական կուսակցությունը։ 1999թ․ նրա մահից հետո, կուսակցությունը գլխավորեց նրա որդին՝ Ստեփան Դեմիրճյանը․․․
Փաստորեն պարտությունը հաղթանակ համարելը հայկական հոգեբանություն է, որն էլ, հավանաբար, գալիս է Ավարայրից (բարոյական հաղթանակ): Հայաստանը խայտառակ պարտություն է կրում, իշխանությունները, ոչ միայն հրաժարական չեն տալիս, այլև հպարտ են դրանով և այն համարում են հաղթանակ։ Կուսակցությունները քաղաքական խայտառակ պարտություն են կրում, նրանց ղեկավարությունը հրաժարական չի տալիս, իսկ պարտությունը մատուցում են իբրև հաջողություն, այն է՝ հաղթանակ։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ