«Մենք շատ լավ գիտենք, որ ներկայիս ՍԴ-ն ձևավորվել է հակասահմանադրական գործողությունների արդյունքում»,- ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե իրե՞նք ինչ կարծիք ունեն Վահե Գրիգորյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի կողմից ՍԴ ներկայացված դիմումի քննության մասնակցության հարցով, քանի որ կարծում են՝ հնարավոր է՝ կանխակալ վերաբերմունք ունենա այդ դատավորը գործի քննությանը:
Արմեն Աշոտյանը հիշեցրեց, թե ինչպես է ՍԴ այս կազմը ձևավորվել. «Տեսան՝ չեն կարողանում հանրաքվե անել, մեկ- երկու օրում ԱԺ-ում Սահմանադրություն փոխեցին, որ ունենան ՍԴ-ի այսպիսի կազմ: Այս ՍԴ-ն որպես միավոր՝ իր կազմով, բարձր դատարանի նկատմամբ իմ ողջ հարգանքով եմ ասում, ապօրինի զավակ է: Ինքը սարքած Սահմանադրությամբ, ԱԺ-ով բրդած սահմանադրական փոփոխություններով ձևավորված կազմ է: Անգամ այդ փոփոխություններին Վենետիկի հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն»:
Արմեն Աշոտյանը տեղեկացրեց՝ «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել է ՍԴ առանձին հայցով. «Մենք վիճարկում ենք սկզբունքները: Ընտրությունների՝ ոչ ազատ, ոչ ժողովրդավարական լինելու փաստն ենք արձանագրում»:
Խոսելով Վահե Գրիգորյանի հետ կապված վերապահումների մասին՝ Արմեն Աշոտյանն ասաց. «Ինչ վերաբերում է կոնկրետ Ձեր մատնանշած անձին, եկեք չմեկնաբանեմ: Ինքն ընդհանրապես այնտեղ չպետք է հայտնվեր, ուր մնաց՝ հիմա էլ մի հատ հասկանանք՝ գործից կախված ինքը պե՞տք է մասնակցի, թե՝ ոչ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ