«Իհարկե, Նիկոլը կեղծել է ընտրությունները: Իմ հաշվարկով՝ ոչ մասնագիտական, քաղաքական հաշվարկով, 7-10 տոկոս կեղծել է»,- ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն ընտրությունները կեղծել է ոչ թե որպեսզի հաղթի, քանի որ միևնույն է, ինքն առաջին տեղով էր գնալու, այլ կեղծել է, որ ստանա մեծամասնություն: Իսկ թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը կեղծել ընտրությունները, Արմեն Աշոտյանը մանրամասնեց. «Դա արվել է բանակի ռեսուրսների անխնա օգտագործմամբ, շրջիկ խմբերի, վարչական պրեսսինգի միջոցով, աննախադեպ ատելության խոսքի միջոցով»:
Անդրադառնալով դիտորդական առաքելությունների արձանագրումներին, թե ատելության խոսքը, վարչական ռեսուրսի կիրառումը երկկողմանի է եղել՝ Արմեն Աշոտյանը վրդովվեց. «Ով սկսի, ով պատասխանի ատելության խոսքին, նույն մեղավորության վրա՞ եք դնում: Ով մուրճով շրջի, ով ասի՝ չասեմ, թե ինչ կանեմ այդ մուրճը, նույնքան մեղավո՞ր են: Ասում են, թե վարչական ռեսուրս կիրառել են բոլոր կողմերը: Լո՞ւրջ, արտախորհրդարանական ընդդիմությունը կիրառել է վարչական ռեսո՞ւրս, ձե՞ռ եք առնում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ