Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում այսօր նորածին տղա երեխային են թողել ու փախել։
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն Aravot.am-ին տեղեկացրել էր, որ առավոտյան ժամը 10․00-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու Շահումյան փողոցում երեխայի են թողել։ Նախնական տվյալներով արական սեռի է, օպերատիվ քննչական խումբ է մեկնել դեպքի հասցե, երեխան կենդանի է եղել։
Նրան տեղափոխել են Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց։
Գյումրու շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանն Aravot.am-ին պատմեց, որ ավտոկայանից դեպի գերեզման տանող ճանապարհի տներից մեկի ցանկապատի տակ երեխային հայտնաբերել է Գյումրու բժիշկներից մեկը։
Կարդացեք նաև
«Բժիշկն ինձ պատմեց, որ իրեն թվացել է՝ տիկնիկ է ցանկապատի տակ դրված, բայց մլավոցի պես ձայն է լսել, մի պահ մտածել է կատու անցավ, բայց հետո տեսել է շարժվում է, մոտեցել է, նորածին երեխա է եղել։
Ասում է՝ զգացի, որ շնչում է, անմիջապես և՛ ոստիկանություն է զանգել, և՛ շտապօգնություն։
Մեր բժիշկները գնացել էին, պորտալարը դեռ կտրած չի եղել, տեղափոխել են Ավստրիական մանկական հիվանդանոց։ Եթե պորտալարը դեռ կտրած չէ, երևի թե գիշերն է ծնվել էդ երեխան, ծածկոցով փաթաթած՝ դրել էին այդտեղ։
Հասուն երեխա է, հիվանդանոցում կշռել էին, 3 կիլոգրամ , 100 գրամ է քաշը», -ասաց Արթուր Մանուկյանը։
Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն էլ մեզ տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-106 հոդվածի հատկանիշներով, այն է՝ մոր կողմից նորածին երեխային սպանության փորձ կատարելը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ